Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հումորը ծիծաղելի չէ երկուստեք

Հունվար 26,2013 14:26

Անցյալ տարվա ճամփորդություններս ամրացրին համոզմունքս, որ չեմ ուզում ապրել օտարության մեջ: Իսկ օտարության մեջ ոչ մի բանական մարդ, կարծում եմ, չի երազում ապրել: Աստված չանի, որ ընտրության առջեւ կանգնեմ:

Երբ մնում են օտարության մեջ՝ ամեն-ամեն գնով

Տիկին Գայանեն մոլորված-կանգնած է Անտվերպենի (Բելգիա) առեւտրի կենտրոնի առաջին հարկում: Նրան ուղեկցում է դուստրը: Տպավորություն ունեմ, որ նա եկել է ծանոթ մարդ տեսնելու, մի քանի բառ փոխանակելու: Էլ ուրիշ ինչի համար՝ եթե հաշվի առնենք, որ առեւտրի գումար չունի, առավելեւս, որ մի քանի ժամ է՝ տեղում է զբոսնում, նույնիսկ հարկերով չի անցնում:

Հանկարծ տեսնում է հայի, ծանոթ են, զրուցում է, բայց իր մասին ոչինչ չի ասում՝ որտեղ է գիշերում, ինչով է զբաղվում:

Հետո իմանում եմ, որ նրանք մի քանի տարի առաջ Թալինում վաճառել են իրենց տունը, կահկարասին ու ինչ-որ ճանապարհներով հասել Բելգիա: Ինքը, ամուսինն ու երկու դուստրերը: Երբ հերթական անգամ տեղի իշխանությունները պարզել են, որ փաստաթուղթ չունեն, երկրից արտաքսել են ամուսնուն, ով վերադառնալով Հայաստան՝ հայտնվել է փողոցում, իսկ սրտի հետ կապված խնդիրներն էլ ավելի են սկսել անհանգստացնել նրան: Նույնիսկ այս հանգամանքը՝ հիվանդ ու արտաքսված ամուսինը, չեն ստիպում տիկին Գայանեին ու նրա դուստրերին՝ թողնել ու վերադառնալ Հայաստան: Իսկ ինչպես տիկին Գայանեին ու դուստրերին չեն արտաքսել: Չեք հավատա: Նրանց փրկել է կին պատգամավորը՝ իր մեքենայով փախցնելով կանանց: Բերել է մի հայ ընտանիք, բացել բեռնախցիկը, հանել ճամպրուկներն ու խնդրել ապաստան տալ ընտանիքին: Ապաստան նրանք ստացել են, ապրել են օտար ու հարազատ հայի ընտանիքում: Ու մի օր էլ թողել-հեռացել են՝ թողնելով ճամպրուկները:

Լուրեր կային այն մասին, որ կինն ու դուստրերը ինչ-որ կրոնական խմբավորման մեջ են, եւ պատրաստվում են նրանց օգնությամբ մնալ այստեղ, պատրաստվում են ամեն գնով չվերադառնալ հայրենիք ու պատրաստվում են ամեն գնով լքել իրենց հիվանդ հորը, ամուսնուն… ոմանք ասում էին՝ կինն ուզում է գոնե ամուսնացնել աղջիկներին, հետո որոշել իր անելիքը…

Երբ տաքացնում է միայն Հայաստանից ուղարկված գուլպան

Իմ զրուցակիցը՝ Գագիկ Միքայելյանը, Բրյուսելից է: Որդիներն ու հարսները կրթություն են ստացել, անցել պետական աշխատանքի, ասել է թե՝ մեծ ընտանիքն ապահովված է մինչեւ խոր ծերություն:

Մեծերը շատ են ուզում, որ իրենց հարազատները եւս գան իրենց մոտ: Կնոջ քույրը մի անգամ այցելել է նրանց, ուզել են անօրինական պահել, այդ կինը չի դիմացել, հետ է գնացել Հայաստան: Մինչեւ հիմա նախատում են նրան՝ ինչու գնաց:

Վարպետ Գագիկը բարկանում է. «Ինչու մեր երկրի նախագահը եկավ Բելգիա, ասաց՝ հետ ուղարկեք իմ քաղաքացիներին, մեր երկրում արդեն վիճակը լավ է, դրա համար էլ հիմա բոլոր հայերի հետեւից ընկած են, գնալու են ինչ անեն էդ մարդիկ, թող մնան ու իրենց հարազատներին Հայաստանում պահեն, էլի: Իսկ ինչ է անում Թուրքիան: Նրա ղեկավարները գալիս են ու մուննաթ են թափում մեր երկրի իշխանությունների վրա՝ ինչու իմ էմիգրանտին լավ չես նայում, ոնց որ թե մի քիչ աչքաթող ես արել…»:

Քիչ հետո վարպետ Գագիկը կպատմի իր երազանքի մասին՝ մի հողամաս առնել Հայաստանում ու վայելել ծերությունը հայրենիքում…

Բաժանվելիս նա բրդե գուլպաներ է ուզում Հայաստանից:

Երբ հումորը ծիծաղելի չէ

Իմ մյուս զրուցակիցը՝ Արմենը, ապահովագրագետ է՝ ժամանակակից մասնագիտություն, որի կարիքը Բելգիայում կա, որովհետեւ եղած մասնագետները քիչ են ու եղած կադրերն էլ արդեն ծերացել են: Նա ամեն օր աշխատանքի առաջարկ է ստանում, մեծ ընտրություն ունի, կյանքից չի բողոքում: Բայց: Ինձ համար անակնկալ կերպով նա հարցնում է՝ ի՞նչ գործ կարող եմ սկսել Հայաստանում: Այստեղ ես ապշահար եմ լինում: Ինչպես թե: Ինչիդ է պետք: Ավելի ուշ հասկանում եմ, որ արդեն այս տարիքում եւս նա իր հոր պես չի պատկերացնում իր ողջ կյանքն օտարության մեջ: Ապա ասում է մի նախադասություն, որ տալիս է բոլոր հարցերի պատասխանը. «Հասկանում ես, իմ աշխատավայրում նույնիսկ անեկդոտ չեմ կարող պատմել, ոչ ոք ինձ չի հասկանա: Չեն հասկանում հումորդ, չեն հասկանում խոսքիդ ենթատեքստը, միայն ի պաշտոնե պետք է խոսես ու միայն գործից: Քաղաքավարությունից դրդված ժպտաս միայն ու նաեւ՝ բարեւելիս: Ոչ երբեք՝ երկուստեք անհասկանալի հումորից: Բոլորը շատ լավն են ու բարի, պարզապես մենթալիտետն այնքան տարբեր է, մենք չենք հասկանում իրար մարդկայնորեն: Պատկերացրեք, որ այստեղ շատ են խառնամուսնությունները: Ընտանիք կա, որ հայրը իսպանացու եւ անգլիացու խառնուրդ է, մայրը՝ սեւամորթի ու գերմանացու: Դե տեսեք՝ քանի մշակույթի կրող են նրանք: Իսկ մենք: Մենք հարմարվում ենք իհարկե, ինտեգրվում ենք հասարակությանը, բայց հոգեկան բավարարվածությունը երբեք չի կարող լրացվել: Մենք կարոտ ենք, որ մեր կողքին պարզապես հայերեն նախադասություններ հնչեն, պարզապես գան ու խոսեն հայերեն, շատ ենք կարոտում հայերեն բառերին: Պարփակված ենք մեր ընտանիքի մեջ, եւ դա է պատճառը, որ չենք ուզում մեր մեծ ընտանիքը կիսել, ուզում ենք բոլորս միասին մեծ տան մեջ ապրել, թեեւ հնարավորություն ունենք առանձին-առանձին ապրելու»:

Երեւակայական ընկերը

Ծանոթներիցս քանի՜ հոգի արդեն հրաժարվել են շահած Գրին քարտից:

Նախ՝ ցանկացած երկրում ապրելու համար պետք է առաջնային երկու բան իմանալ՝ երկրի օրենքները եւ լեզուն:

…Եղբորս աղջիկը դեռ 4 տարեկան էր ու ոչ մի կերպ չհարմարվեց ամերիկյան մանկապարտեզին: 2 ամիս նա լացելով գնաց ու եկավ, գնաց ու եկավ, նրա հետ լացում էր մայրը, բայց ինչ աներ, պետք էր երեխային ինտեգրել, ինչը ոչ մի կերպ չէր ստացվում: Մանկապարտեզում ամենատարբեր ազգեր ու մշակույթ, ինչպես ողջ ԱՄՆ-ում, իսկ երեխան չի հարմարվում: Եղբայրը հարմարվել է մի կերպ, ամերիկյան դպրոց է գնում, իսկ փոքրիկը, որ թվում էր՝ ավելի շուտ պետք է ինտեգրվի, չի կարողանում: Մինչեւ որ հայկական եկեղեցու օգնությամբ հովանավոր է գտնվում, ու փոքրիկը տեղավորվում է հայկական դպրոցում: Հիմա երջանիկ է, բայց հայկական դպրոցը 6-ամյա է, հետո նորից ամերիկյան դպրոցի հերթն է գալու:

Եղբայրը չի տրտնջում, գնում է դպրոց-գալիս, ուսուցիչները գոհ են: Իսկ ի՞նքը: Ունի մի երեւակայական ընկեր՝ Դավիթը: Նա միշտ իր կողքին է: Դավիթին է պատմում իր ուրախությունը, տխրությունը, օրվա անցուդարձն ու խորհուրդ հարցնում Դավիթից:

Այս տարի կգան Հայաստան, ապրում են այդ երազով:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031