Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մասիսում ՀԱԿ-ի գլուխը ցավում է, ԲՀԿ-ն զբաղված է, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը չկան

Հունվար 26,2013 14:22

 Իսկ մարզպետը տղամարդու խոսք է տվել

Ի տարբերություն նախորդ՝ ԱԺ ընտրությունների, երբ Մասիսում կենաց ու մահու կռիվներ էին մղվում պատգամավորական մանդատների համար, այս անգամ, երբ երկիրը պատրաստվում է հանրապետական կարեւորագույն ընտրությունների, ընտրական շունչ այստեղ չի զգացվում: Հարցված բնակիչներից ոմանք անգամ չգիտեն, թե երբ եւ ինչ ընտրություն է լինելու: «Առավոտի» հարցին, թե նախագահի թեկնածուներից ո՞ւմ են նախապատվություն տալիս, բնակիչներից մեկը պատասխանեց շատ անմիջական ու պարզ. «Նայած, թե ով ինչքան փող կտա»: Դիտարկմանը, թե գուցե այս անգամ փող չբաժանվի, զրուցակիցս շատ ափսոսանքով արձագանքեց եւ կարոտով հիշեց՝ «դեպուտատի» ընտրությունները լավ էին, էլի, մի քանի տեղից օգտվեցինք, որ հիմա փող չբաժանեն՝ էլ ո՞վ կգնա ընտրությունների»: Բնակիչներից ոմանք անգամ չգիտեին էլ, թե ովքեր են նախագահի թեկնածուները, եւ պահի տակ որոշում էին ընտրել կամ «Լեւոնին», կամ «Ծառուկյանին», կամ «Սերժին»: Ավելի տեղեկացվածներն էլ կարծիք էին հայտնում, որ միեւնույն է՝ ընտրվելու է Սերժ Սարգսյանը: Ընդհանուր առմամբ մասիսցիների մոտ անտարբերություն է տիրում:

«Առավոտը» փորձեց քաղաքական տարբեր կառույցների տարածքային կենտրոնների ղեկավարների հետ զրուցել եւ հասկանալ նախընտրական իրավիճակը: Պարզվեց, որ ՀՅԴ-ի գրասենյակը դադարել է գործել ԱԺ ընտրություններից հետո: ՕԵԿ-ն այստեղ առհասարակ գրասենյակ չունի՝ այն բանից հետո, երբ կառույցի ղեկավար Մհեր Համբարձումյանը դուրս է եկել կուսակցության շարքերից: ՀԱԿ-ի Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Գեւորգ Գեւորգյանն էլ ասաց, որ իրենց գրասենյակը գործում է սովորական ռեժիմով եւ նախընտրական որեւէ գործունեություն չի ծավալում: Հարցմանն ի պատասխան էլ ասաց, որ որեւէ թեկնածուի իրենց գրասենյակը չի սատարում: Այնուհետեւ հրաժարվեց պատասխանել «Առավոտի» մյուս հարցերին՝ հավաստիացնելով, թե իր գլուխը ցավում է: Մեզ հետաքրքիր էր նաեւ իմանալ ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Ստեփանյանի քաղաքական կողմնորոշումը: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ պարոն Ստեփանյանը առաջադրված էր մեծամասնական կարգով, ողջ ՀՀԿ-ական վերնախավը բոլոր ռեսուրսներով աշխատում էր նրա դեմ, իսկ «Ժառանգությունը» սատարում էր Տ. Ստեփանյանին: Ուստի հետաքրքիր էր, թե այժմ Ստեփանյանը սատարում է իր երբեմնի հակառակո՞րդ, թե՞ իրեն սատարող կուսակցության առաջնորդին: Տ. Ստեփանյանը թեեւ գլխացավ չուներ, սակայն հեռախոսով նույնպես ակնհայտորեն խուսափեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, որ հիմա ինքը խիստ զբաղված է եւ ժամանակ չունի:

Մասիսում, որը մայրաքաղաքին «կպած» քաղաք է, նախագահի առաջադրված թեկնածուներից միայն երկուսն ունեին նախընտրական շտաբ: Անգամ նախընտրական պաստառներ այստեղ չկան, միայն քաղաքի կենտրոնում Րաֆֆի Հովհաննիսյանի մեծադիր գովազդային վահանակն է, իսկ Սերժ Սարգսյանինը փակցված է ՀՀԿ գրասենյակի պատին, որը նաեւ նախընտրական շտաբն է: Թեեւ ՀՀԿ Մասիսի տարածքային կառույցի ղեկավարը քաղաքապետ Սաշիկ Հակոբյանն է, բայց աշխատանքները հիմնականում կոորդինացնում են մարզպետ Էդիկ Բարսեղյանը եւ փոխմարզպետ Գարիկ Վարդանյանը՝ Գոռ Վարդանյանի հայրը:

«Ժառանգության» կառույցի գրասենյակը Մասիսում շրջիկ է, եւ կառույցի ղեկավար Նուբար Հակոբյանը մեքենաներով ակտիվորեն շրջում է բակից բակ, քարոզչություն անում եւ նախընտրական բուկլետներ բաժանում: Նախընտրական իրավիճակի հետ կապված՝ նա ասաց. «Մարզպետ Էդիկ Բարսեղյանն ինձ տղամարդու խոսք է տվել, որ 100 տոկոսով մաքուր ընտրություններ են լինելու, եւ եթե որեւէ սխալ բան նկատեմ, անմիջապես իրեն ասեմ, ինքը կկասեցնի: Չհավատամ՝ չի լինի, 70-ն անց մարդ է: Հավատամ՝ նախորդների փորձը ցույց է տալիս, որ սխալվել եմ հավատալով: Դե, առայժմ որեւէ սխալ բան չի եղել, առայժմ ամեն ինչ հանգիստ ու նորմալ հունով է ընթանում: Իզուր տեղը ի՞նչ բողոքեմ: Միայն մի խնդիր կա, որը ամբողջ հանրապետությում է առկա, եւ ինձ շատ է մտահոգում: Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվելուց հետո, երբ ԸԸՀ անդամները պետք է լինեին անկուսակցական, մենք զրկվեցինք հանձնաժողովում տեղ ունենալու հնարավորությունից: Զավեշտալի է, որ բոլոր կուսակցությունների անդամները, ովքեր ձեւականորեն վայր են դրել կուսակցական տոմսերը, կան բոլոր հանձնաժողովներում, դրանք ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ հիմնականում՝ ՀՀԿ-ի ակտիվիստներն են ու իբր նախկին անդամները, միայն «Ժառանգության» անդամները բոլորը դուրս մնացին: Այդ ինչպե՞ս եղավ, որ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ոչ մեկում մենք չունենք մեր ներկայացուցիչը: Դա նախօրոք մշակված ծրագիր էր: Այսօր մեր ԸԸՀ-ում ընդգրկված են հիմնականում ՀՀԿ-ական ակտիվիստները: Դա արդեն մտահոգվելու մեծ տեղիք է տալիս»:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031