Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյանը՝ ՀՀԿ-ականներին. Իսկ ի՞նչ եք մտածում, երբ արտերկրում գումարներ եք մուրում

Հունվար 26,2013 14:16

Երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանուհու բլոգային գրառումը բուռն քննարկումների տեղիք տվեց, շատ ՀՀԿ-ականներ, այդ թվում նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «ոչ կոռեկտ» անվանեցին, նրա քայլը որակեցին Հայաստանի ներքին գործերին միջամտել, արդյոք դա դիվանագիտական էթիկայի խախտո՞ւմ է՝  ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ասաց. «Ես դա դիտարկում եմ որպես շահագրգիռ տեսակետ արտահայտելու ձեւ: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների այդ բուռն արձագանքին՝ երբ իշխանությունը գումարներ է մուրում արտերկրում, չե՞ն մտածում, որ դրանով արտերկիրը միջամտում է Հայաստանի ներքին գործերին: Երբ այս իշխանություններին կոչ են անում ժուլիկությամբ չզբաղվել՝ սա հանկարծ վրդովմունք  է առաջացնում: Թող ժուլիկությամբ չզբաղվեն: Այդ դեպքում նման գրառումներ, վստահ եմ, չեն լինի»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ կիսո՞ւմ է նախագահի թեկնածուն տիկին դեսպանի մտորումները նախագահական ընտրությունների առիթով խորհրդարանական ընդդիմության որդեգրած մոտեցման առիթով: Հիշեցնենք, որ այդ առիթով Քեթրին Լինչը նման հարցադրում էր արել. «Ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե այն, որ նրանք իրականում ընդդիմադիր կուսակցություններ չեն»: Արման Մելիքյանի կարծիքով՝ դրանք բավականին հիմնավոր մտահոգություններ են. «Առհասարակ, խորհրդարանական ընդդիմությունը բավականին ինքնամեկուսացվեց: Թեեւ ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունները շատ յուրահատուկ ինտրիգ էին պարունակում: Ըստ էության, այս ընտրությունները թույլ տվեցին ՀԱԿ-ին զրկել ընդդիմադիր դաշտում մենաշնորհից, եւ դա բավական հմուտ կատարված գործողություն էր: Հայտնվելով խորհրդարանում՝ ՀԱԿ-ը հայտնվեց ընդդիմադիր դարձած ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողքին եւ, բնականաբար, անկյուն մղվեց: Անցած ամիսների ընթացքում մենք, ըստ էության, տեսանք, թե ՀԱԿ-ն ինչպես սկսեց քայքայվել: Այսինքն՝ իշխանության տեսանկյունից դա բավական հաջողված գործողություն էր, եւ այդ առումով ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ՀՅԴ-ի՝ ընտրություններին չմասնակցելը տարբեր պատճառներ ունեն»:

ՀՀ իշխանությունները բավականին բուռն արձագանքեցին նաեւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության՝ մեր ընտրությունների վերաբերյալ անցկացրած նախնական դիտարկումներին վերաբերող զեկույցին:

Հիշեցնենք, որ խոսք էր գնում ընտրացուցակների ճշգրտումների եւ ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական անվստահության մասին: Այս առիթով «Առավոտի» հարցին պարոն Մելիքյանը նկատեց. «Ընտրացուցակների մասին խոսակցությունները բուն խնդրից ուշադրությունը շեղելու ճանապարհ են: Ընտրացուցակներն անընդհատ ճշգրտման կարիք են ունենալու. ամեն օր մահացող մարդկանց կամ ծնվող մարդկանց խնդիր կա: Մեծ հաշվով, այնտեղ տեղ գտած անճշտությունները դժվար թե էական ազդեցություն գործեն ընտրությունների ելքի վրա: Մինչդեռ հարյուր հազարավոր մարդկանց բացակայությունը Հայաստանից լայն դարպաս է բացում, որպեսզի նրանց քվեներն օգտագործվեն հօգուտ իշխանական թեկնածուի՝ առանց այդ մարդկանց իմացության»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031