Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի կողքին էլ օլիգարխներ կան»

Հունվար 26,2013 14:05

 ԲՀԿ-ն Դավիթաշենում Սերժ Սարգսյանի օգտին չի՞ աշխատի

«Ինքը նման հայտարարություն չի արել»,- երեկ «Առավոտի» հարցին՝ ԲՀԿ-ի տարածքային կազմակերպությունն առաջիկա ընտրություններում չի՞ աջակցելու ՀՀԿ թեկնածուին, ասաց Դավիթաշեն վարչական համայնքի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: «Ինքը» ասելով նա նկատի ուներ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին, ով նաեւ ԲՀԿ տեղական կառույցի ղեկավարն է: Նկատենք, որ թեեւ ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում ոչ միայն սեփական թեկնածու չի առաջադրում, այլ նաեւ թեկնածուներից որեւէ մեկին չի սատարում, սակայն բազմաթիվ ԲՀԿ-ականներ տեղերում սերտորեն համագործակցում են ՀՀԿ-ի հետ՝ հօգուտ ՀՀԿ թեկնածուի: Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետն անգամ պաշտոնապես հայտարարեց այդ մասին: Հարցին՝ Ռուբեն Գեւորգյանն իր հեղինակությամբ չի՞ փորձելու աջակցել ձեզ, համայնքապետն ասաց. «Էդ հօգուտ մեզ ա, կարծում եմ: Իրենց հեղինակությունը թող իրենց համար ծառայի, մերը՝ մեզ: Մեր նախագահի հեղինակությունը բավականին բարձր ա»: Ռուսլան Բաղդասարյանի կարծիքով՝ նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն կհավաքի, քան մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել էր Հանրապետական կուսակցությունը: Այդ կարծիքին է նաեւ վարչական շրջանի նախկին ղեկավարը՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, ով նույն խորհրդարանական ընտրություններում ընտրվեց մեծամասնական ընտրակարգով:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում այդ համայնքում ՀՀԿ-ն մոտ ութ հազար ձայն էր հավաքել. դա ընտրողների 40 տոկոսն է:

ԲՀԿ տեղական կառույցի հետ համագործակցության մասին մեր հարցին Դավիթաշենի նախկին ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Այն քաղաքացիները, ովքեր ԲՀԿ անդամներ են, կարծում եմ՝ ազատ են իրենց ընտրության մեջ: Կարկառուն դեմքերի գլխավորությամբ ոչ մի մասնակցություն չկա Դավիթաշենում: Դավիթաշենի ԲՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարները հայտարարություններ չեն արել, գործողություններ չեն անում»: Հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ տեղական կառույցի ղեկավարները չե՞ն փորձել համագործակցության եզր գտնել՝ այն իմաստով, որ ԲՀԿ-ն երկրորդ խորհրդարանական կուսակցությունն է եւ այդ համայնքում էլ բավականաչափ ձայներ հավաքեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, չե՞ն ցանկանում իրենք ԲՀԿ-ի ընտրազանգվածին կողմնորոշել ՀՀԿ թեկնածուի կողմը: «Ինչի՞ համար: Քարոզարշավը հենց դրա համար է, որպեսզի եւ ԲՀԿ-ի, եւ մյուս կուսակցությունների անդամները կողմնորոշվեն: Կարծում եմ՝ կողմնորոշվողը կկողմնորոշվի: Այլ կերպ ինչպե՞ս կարելի է կողմնորոշել մարդուն, եթե ոչ՝ քարոզարշավով»: Հիշեցնենք, որ Արթուր Գեւորգյանը ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին է, իսկ նրանց ներընտանեկան, մեղմ ասած, անհամաձայնությունները տարիների պատմություն ունեն:

Դավիթաշենի ներկա եւ նախկին ղեկավարները հավաստիացնում են, որ Դավիթաշենում վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր չեն լինում: Արթուր Գեւորգյանն անգամ հորդորեց, որ եթե Դավիթաշենի հետ կապված փաստեր լինեն, իրեն էլ տեղեկացնենք: Հիշեցնենք, որ երեկ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Արման Մելիքյանը հայտարարություններ էին արել այն մասին, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ենթակաների անձնագրային տվյալներն է հավաքում, նաեւ քաղաքապետարանում ուսուցիչների, մանկապարտեզների ղեկավարների, մշակութային օջախներ ղեկավարների հավաքներ են լինում: Երեկ «Առավոտին» չհաջողվեց այդ մեղադրանքների առիթով ստանալ քաղաքապետի բացատրությունները: Նա եկավ եւ հեռացավ նախագահի հետ: Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին հետեւել նրանց:

Երեկ Դավիթաշեն վարչական շրջանում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպմանը ներկա էր նաեւ «Երգի պետական թատրոնի» ղեկավար Արթուր Գրիգորյանը: Նա այդ համայնքի բնակիչ է: «Առավոտի» հետ զրույցում Արթուր Գրիգորյանն ասաց, որ հավատում է Սերժ Սարգսյանին ու հենց այդ պատճառով էլ ներկա է հանդիպմանը: «Սերժ Սարգսյանին գիտեմ 1978 թվականից, գիտեմ այդ մարդու աշխատաոճը. հերիք է, որպեսզի ես այսօր իմ ձայնը տամ Սերժ Սարգսյանին»: Նույնչափ հավատո՞ւմ է ՀՀԿ-ական թիմին՝ «Առավոտի» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կուզենայի, որ թիմի մեջ ինչ-որ փոփոխություններ լինեին: Ես կուզենայի, որ Սերժ Սարգսյանի կողքը լինեին այնպիսի մարդիկ, ինչպիսին ինքն ա»: Իսկ Արթուր Գրիգորյանի պատկերացումներում Սերժ Սարգսյանն ազնիվ մարդ է: Արթուր Գրիգորյանը չցանկացավ անուններ հնչեցնել, թե ովքեր են նախագահի շրջապաում, որ անազնիվ են. «Ուղղակի ես կուզենայի, որ աշխատաձեւը, աշխատաոճը լիներ այնպիսին, ինչպիսին Սերժ Սարգսյանինն է»: Մեր հարցին՝ չե՞ք կարծում, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանար, իր կողքին կլինեին ազնիվ մարդիկ, բայց ցանկացել է, որ նաեւ օլիգարխներ լինեն, Գրիգորյանը պատասխանեց. «Դրա մեջ էլ վատ բան մի տեսեք: Օլիգարխներ կան եւ Ռուսաստանում՝ Պուտինի կողքին, բայց դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Բայց նույն օլիգարխն էլ պետք է լինի ազնիվ: Ես իմ արվեստի մեջ ազնիվ եմ: Ես կուզենայի, որ իմ երգիչներն իմ կողքին ծառայեին՝ որպես երգիչ, եւ չգնային փողի ետեւից: Բայց չի ստացվում… գնում են, այստեղ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան»: Մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ ամբիցիոզ մարդ չէ եւ չի կարծում, որ մյուս թեկնածուների հանդիպումներին չի կարելի գնալ, լսել նաեւ նրանց ասելիքը: «Շատ հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ շատ կուզենայի լսել, թե ինչ է ասում նա»: Դիտարկմանը՝ այս ընտրությունները թերեւս բացառիկ էին նրանով, որ էքսցենտրիկ թեկնածուներ էլ ունեցանք, Արթուր Գրիգորյանն ասաց, որ նրանց լուրջ չի վերաբերվել. «Ես չեմ սիրում մարդկանց, որոնք ուղղակի մի քիչ երեւալու համար կարող էին գնալ նման քայլի: Ես լուրջ չեմ ընդունում, որ նրանք հենց ուզում էին դառնալ նախագահ»:

ՀՀ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը ընտրողների հետ թիվ 189 դպրոցում սկսվեց նախատեսվածից 40-45 րոպե ուշացումով, քանի որ նախագահը մինչ այդ արտակարգ իրավիճակների նախարարության նոր մասնաշենքի բացմանն էր մասնակցում: Նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը մասնակցում էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Դավիթաշենի համայնքից ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Իր խոսքում Սերժ Սարգսյանը իր պոտենցիալ ընտրողներին խոստացավ. «Ես երբեք չեմ անի որեւէ քայլ, որը կարող է ձեզ անհարմար վիճակի մեջ դնել: Ինչպես բոլոր մահկանացուները, ես էլ իմ թերություններն ունեմ, բայց մի բան է՝ ունենալ թերություն, այլ բան է՝ թույլ տալ այնպիսի կոշտ սխալներ, որոնք աններելի կլինեն»:

Հանդիպման այլ մանրամասները կարդացեք www.aravot.am կայքում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031