Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 26-ին: «Օրվա ազգային և հոգևոր խորհուրդը» թեմաներով այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում խոսեցին նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին և Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Տիկին Ագուլեցին դատարկաձեռն չէր եկել. իր հետ բերել էր ծիսական ծառ, որը լրագրողների օգնությամբ զարդարվեց: Ծառը պատրաստված էր փշերից, նռից և հացահատիկներից (աղանձ, խաշիլ, փոխինձ): Թե ինչու էր ազգագրագետն ընտրել փուշը, որպես ծառ, տիկին Ագուլեցին պատասխանեց. «Սա համարվում է սիրո ծառ: Սերը փշոտ է. սիրո համար պետք է պայքարել, ինչ-որ տեղ զոհողությունների գնալ և քանի որ մարդը բանական էակ է, նա կարող է ճիշտ ընտրություն կատարել»:
Նկարչուհին նշեց նաև, որ ոչ միայն եկեղեցին, այլ նաև տունը ունի տիեզերական խորհուրդ և բոլոր հայ ընտանիքներում թող պատրաստեն ծիսական ծառ և առավոտը շատ լավ կլինի, որ խաշիլով բացեն պասը: Նորապսակները իրենց գրպանում կարող են աղանձ դնել և գնալ եկեղեցի: Նկարչուհին ծիսական ծառը պատրաստելիս փորձել է պահպանել ցորենի և ալյուրի գաղափարը:
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն էլ հայտարարեց, որ այս տարի առաջին անգամ Սուրբ Սարգսի մասունքները Մայր Աթոռից կտեղափոխվի Սուրբ Սարգիս եկեղեցի և այդ մասունքներով կօրհնվեն երիտասարդները: «Սա մեծ օրհնություն է, մեծ աչքալուսանք է: Ս. Սարգիսը լինելով ազգությամբ հույն, սուրբ հոգու առաջնորդությամբ եկավ Հայաստան աշխարհ, տեղափոխվեց Պարսկաստան, կռվեց Հուլիանոսի դեմ, վկայեց Սուրբ երրորդությունը: Պատարագի ընթացքում կբերվի մարմինը, որով կօրհնվեն մեր երիտասարդները, որից հետո կտեղափոխվի կրկին Մայր աթոռ»:
Կարդացեք նաև
Ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին նշեց, որ օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն շարժական է և լինում է Ս. Զատիկից 63օր առաջ: Իսկ ինչ վերաբերում է աղի բլիթին, ապա այն պետք է պատրաստի ամենաերջանիկ կինը, ով կհունցի խմորը, կպատրաստի բլիթները և կբաժանի երիտասարդներին: Ցանկալի է, որպեսզի երիտասարդները նախ եկեղեցի գնան, այնուհետև ուտեն աղի բլիթը:
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն էլ հավելեց, որ եկեղեցին ընդունում է աղի բլիթը, որտեղ գաղափարը աղն է և հացը, իսկ եթե դրա մեջ առկա է գուշակության տարրեր, ապա` ոչ: Ազգրագրագետ Լուսիկ Ագուլեցին էլ ասաց, որ երազ տեսնելու գաղափարը մարդկանց ենթագիտակցության մեջ է և այն հանել հնարավոր չէ: Այնուամենայնիվ, եթե հավատում են, արարողակարգն էլ գեղեցիկ է և ոչ վնասակար, կարող են անել:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ