Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հրանտ Բագրատյանին համարում եմ ռեֆորմատոր»

Հունվար 26,2013 13:24

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե որն է պատճառը, որ ՀՀ նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում իսպառ բացակայում են թվերով արտահայտված խոստումները՝ այն դեպքում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի տնտեսական ծրագրում խոստումների զգալի մասն արտահայտված է թվերով, իսկ Հրանտ Բագրատյանի ծրագրում թվերն ավելի քան շատ են՝ Վարդան Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ թվերով արտահայտված խոստումները հաճախ ապակողմնորոշում են քաղաքացիներին: Ամեն դեպքում, Վարդան Բոստանջյանին առավել հոգեհարազատ է Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագիրը, մինչդեռ Թաթուլ Մանասերյանն այդ ծրագիրը համարում է իդեալիստական եւ իրականությունից կտրված: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ ՀՀ նախագահի թեկնածուների տնտեսական խոստումների շուրջ տնտեսագիտության երկու դոկտոր-պրոֆեսորների «Դեմ առ դեմ» բանավեճից:

«Առավոտ»- ՀՀ նախագահի 8 թեկնածուներից իրենց նախընտրական ծրագրերն առայժմ հրապարակել են երեքը՝ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը: Եթե համեմատական վերլուծություն անցկացնենք այդ ծրագրերի տնտեսական հատվածներում ներկայացված խոստումների միջեւ, Ձեր գնահատմամբ՝ դրանցից ո՞րն է ավելի իրատեսական:

Վարդան Բոստանջյան- Ես մտածում եմ, որ իշխանությունը մասնակցել է գործող նախագահի ծրագրի պատրաստմանը, եւ այդ կտրվածքով ես ուզում եմ այն որակել որպես իսկապես ծրագիր: Սակայն դրա իրագործման հետ կապված ես չէի ուզենա ունենալ մտահոգություն, որ հանկարծ չսկսվի նոր ճգնաժամ, որն այդ ծրագրի չկատարման պատճառ դառնա: Ինչ վերաբերում է Բագրատյանի ծրագրին, որպես մասնագետ՝ կարծում եմ, որ նրա առաջարկած կոնցեպտուալ 100 ուղղությունները պետք են մեր հանրապետությանը եւ իսկապես կխթանեն ցանկալի բարեփոխումների իրականացումը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ եթե մյուս թեկնածուները ներկայացնեն՝ նրանց ծրագրերի դեպքում էլ, կարծում եմ, կլինեն ծրագրային երեւույթներ, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք դիսկրետ թեզեր են, որոնք չեն ունենա համալիրություն, եւ չեմ կարծում, որ այս հետճգնաժամային ժամանակահատվածում կարող են էական բարեփոխումների հիմք դառնալ:

Թաթուլ Մանասերյան– Ի տարբերություն քաղաքական դաշտում մրցակցայնության պակասի, ինչի մասին այսօր շատ է խոսվում, տնտեսական դաշտում ծրագրերի առումով մրցակցություն կա: Գործող նախագահի ծրագրի մասին արդեն ասվեց, սակայն նշեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ մյուս թեկնածուի ծրագրում եւս կան դրույթներ, որոնք կարելի է օգտակար համարել: Այնուամենայնիվ, գնահատման առումով ինձ համար շատ կարեւոր է մեթոդաբանությունը. ոչ միայն բովանդակային մասը, այլեւ այն, թե ինչը հիմք ընդունելով կարելի է շարադրել նման դրույթներ: Օրինակ՝ Բագրատյանի ծրագրում կան կրկնություններ, մտքեր, որոնք այլոց կողմից բազմիցս հնչել են, եւ չէի ասի, որ դա նորամուծություն է: Բացի այդ, կան չափից շատ իդեալիստական մոտեցումներ, հավակնոտ, այս պահի իրականությանը չհամապատասխանող հիմնադրույթներ: Իսկ ահա գործող նախագահի նախընտրական ծրագրում նկատելի են հիմնադրույթներ, որոնք ոչ միայն իրատեսական են, այլեւ շատ համեստ ձեւակերպումներ են: Մեր տնտեսական ներուժը, կարծում եմ, մեզ թույլ է տալիս ավելին ակնկալել: Այսինքն՝ այս դեպքում ավելի զուսպ ներկայացված հիմնադրույթներ են, ուստի՝ նաեւ ավելի իրատեսական:

«Առավոտ»- Օրինակ՝ հարկատեսակների հետ կապված Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում առկա է այսպիսի ձեւակերպում. «ներդնելու ենք գույքահարկի արդարացի համակարգ»: Նման ձեւակերպումը Դուք իդեալիստական չե՞ք համարում: Ինչպե՞ս է սահմանվելու այդ արդարացիությունը:

Թ. Մ.– Ենթադրում եմ, որ նկատի է առնվում պրոգրեսիվ տրամաբանությամբ՝ քիչ ունեցողից՝ քիչ, շատ ունեցողից՝ շատ հարկ գանձելու ճանապարհով:

«Առավոտ»- Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի ծրագրերում պրոգրեսիվ հարկատեսակների կիրառման մեխանիզմները շատ ավելի հստակ եւ մանրամասն կերպով են ներկայացված: Դա շահեկան տարբերություն չե՞ք համարում:

Թ. Մ.– Ես մասնավորապես Բագրատյանի ծրագրում մեծ նորություններ չեմ տեսնում, որովհետեւ այդ ծրագրում ներառված դրույթների մեծ մասը մեզ հայտնի են: Եվ իդեալիստական ասելով՝ ես շատ մեղմ գնահատեցի նրա ծրագիրը: Որպես օրինակ բերեմ նրա վերջին ելույթներից, երբ թեկնածուն առաջարկում էր հարկել տրանսֆերտները, իսկ հիմա զարգացնելով իր այդ «հանճարեղ» միտքը՝ ասում է, որ տրանսֆերտներից ձեւավորեն ներդրումային հիմնադրամ: Ինքներդ դատեք, որքանով կարող է դա իրատեսական լինել, երբ մարդիկ ստանում են ուղղակի գոյատեւելու համար գումարներ, իսկ թեկնածուն դրանցից փորձում է ձեւավորել հիմնադրամ: Եվ այդպիսի դրույթները նրա մոտ բազմաթիվ են: Ես Ձեզ կարող եմ առաջարկել ծանոթանալ Ռուսաստանում դեռեւս մեկուկես տասնամյակ առաջ հրապարակված ծրագրերին, որոնք կոչվում էին 30 քայլ, 50 քայլ, 100 քայլ… այսինքն՝ դա բոլորովին նորամուծություն չէ: Նաեւ այս դեպքում կուզենայի որպես չափորոշիչ ընտրենք մարդկանց թողած հետագիծը կյանքում եւ աշխատանքում: Այս առումով ես կհիշատակեի Հրանտ Բագրատյանի այն քայլերը, որոնք անդառնալի վնաս հասցրին Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես՝ դրամական, ֆինանսական հարաբերությունների, հողի մասնավորեցման առումով եւ այլն:

Վ. Բ.– Ես չէի ուզենա ասել, որ չեմ կիսում պարոն Մանասերյանի մոտեցումները, բայց անկախ այն հանգամանքից, որ Բագրատյանի հետ ես ունեցել եմ բավականին սուր անձնական հարաբերություններ, ես նրան համարում եմ ռեֆորմատոր: Դժվար իրավիճակում նրա ցուցաբերած համարձակությունը՝ եւ ազգային դրամի ներմուծման, եւ ընդհանրապես սեփականաշնորհման ինստիտուտի հարցում… իհարկե, կարող էին լինել բացթողումներ, բայց բոլոր դեպքերում ազատական հարաբերությունների արմատավորման առումով պետք է քայլ կատարվեր, եւ այդ քայլը կատարել է Բագրատյանը:

«Առավոտ»– Իսկ Հրանտ Բագրատյանի 100 քայլ ծրագրում Դուք ե՞ւս նորամուծություններ չեք տեսնում, ինչպես պարոն Մանասերյանը:

Վ. Բ.– Ոչ, ես տեսնում եմ: Եվ հետո՝ Հայաստանի պարագայում մենք չենք գնում մրցության՝ նորամուծությունների հարցում: Սուղ ռեսուրսներ ունեցող մեր երկրի համար տնտեսական նորամուծությունները կարող են թանկ արժենալ:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

OSI-NEW-ARM-copy3-1024x73

ՀՀ նախագահի թեկնածուների տնտեսական խոստումների շուրջ տնտեսագիտության երկու դոկտոր-պրոֆեսորների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031