Կոմունիստները, դնելով իրենց առաջնորդի դիակը դամբարանում, ուղերձ էին հղել հսկայական երկրի բնակչությանը՝ սա սրբություն է, որի առաջ բոլորդ պարտավոր եք խոնարհվել՝ մի կողմ դնելով ձեր անհատական, ազգային եւ կրոնական տարբերությունները: Երբ ես էի գիտակից տարիքում, այդ պաշտամունքը կեղծ էր, ավելին՝ ծաղրի առարկա էր, անեկդոտի նյութ: Իրենք՝ Լենինի մասին բոցաշունչ ելույթներ ունեցողները, «կոմունիստական կրոնին» դույզն-ինչ չէին հավատում: Եթե այդպես չլիներ, գուցե այդ պետությունն ավելի երկար գոյատեւեր: Բայց ոչ միայն կոմունիստական, այլեւ ցանկացած այլ պետությունում, նույնիսկ՝ ամենադեմոկրատական, կան, պետք է լինեն ինչ-որ «սրբապատկերներ», ինչ-որ հեղինակություններ, գաղափարներ, եթե կուզեք՝ առասպելներ, որոնց վերաբերյալ կա որոշակի ազգային համաձայնություն, որոնք ստիպում են բոլորին զգաստանալ, մի կողմ դնել ոչ միայն տարաձայնությունները, այլեւ ցինիկ ժպիտը: Երբ հանրապետականները՝ առաջնորդվելով, հավանաբար, կոմունիստական իներցիայով, Լենինի փոխարեն մեխանիկորեն ցանկանում են դնել Նժդեհին, դա, իհարկե, հակառակ ռեակցիան է առաջացնում եւ վարկաբեկում է այդ հրաշալի, հայրենասեր մարդուն՝ Նժդեհին: Նրա աֆորիզմները (որոնք երբեմն որպես ավարտուն փիլիսոփայական հայեցակարգ են ներկայացվում) մեզ չեն կարող միավորել: Այդ առումով Նժդեհի մասին ֆիլմը, եթե նույնիսկ բոլոր ժամանակների անգերազանցելի գլուխգործոցը լիներ, միեւնույն է՝ ծաղրի եւ հարձակումների կարժանանար՝ մասնավորապես, հանրապետականներին չհամակրողների կողմից:
Բայց եթե հին, կոմունիստական ձեւով հնարավոր չէ նման միավորող գաղափար կամ խորհրդանիշ պարտադրել, դա չի նշանակում, որ դրանք ընդհանրապես չպիտի լինեն: Իմ կարծիքով՝ ամենաիդեալական լուծումը կլիներ, եթե նման դերում հանդես գար Հայ առաքելական եկեղեցին: Բայց, ցավոք, մեր բարձրաստիճան հոգեւորականները մեր հասարակության մեջ որեւէ հարգանք չեն վայելում՝ նրանք ընկալվում են որպես քրեաօլիգարխիկ համակարգի մի մաս, եւ հիմնականում, կարծում եմ, այդ գնահատականին արժանի են:
Այդ դեպքում՝ ի՞նչը: Դուք, իհարկե, չեք սպասում, որ ես համակարգչային մեկ էջի սահմաններում կպատասխանեմ այդ հարցին: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ շուտով լրանում է Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Նայենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հայտնի լուսանկարին՝ Ազատության հրապարակում (երեկ այն վերարտադրվել էր մեր թերթում), գուցե այդ նկարը ձեզ ինչ-որ բան կհուշի՞: Չեմ պնդում, որ այդ տղաները ինչ-որ բան էին գտել, բայց ինչ-որ բան նրանք, այնուամենայնիվ, շոշափել էին: Հակառակ դեպքում միլիոն մարդ չէին հավաքի, հակառակ դեպքում հազարավոր մարդիկ կամավոր չէին գնա ռազմաճակատ:
Երբ ես շփվում եմ Ավետիք Իշխանյանի հետ, աշխատում եմ միայն գրական բառեր գործածել եւ ընթացքում փոխարինել մտքիս եկած ռուսերեն արտահայտությունները հայկական համարժեքներով: Զուտ Ավետիքի ազգանվան պատճառով:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նժդեհն, անշուշտ, հայոց պատմութեան կենտրոնական դէմքերից է: Այդ ֆիլմի շուրջ աղմուկը մէկ պատճառ ունի՝ ՀՀԿ: Ազգը սիրում եւ յաւէտ սիրելու է Նժդեհին, բայց նոյն ազգը չի հանդուրժում ՀՀԿ-ի հետ նրա կապը: Վերջապէս, ի՞նչ է ՀՀԿ-ն: Իմ գիտակից կեանքի միակ իշխող ոյժը (արդէն 18 տարի), օլիգարխիա՝ կազմուած կիսագրագէտ ծնօտ կոտրողներից եւ այլն: Այնպէս որ Նժդեհի այս նոր «փորձութիւնն» օրինաչափ է: