Ավստրալիայի բաց առաջնության կանանց կիսաեզրափակչի Վիկտորիա Ազարենկա (Բելառուս) եւ Սլոան Սթիվենս (ԱՄՆ) հանդիպման մի դրվագ առաջացրել է թենիսի աշխարհի զայրույթը:
Առաջին սեթում հեշտությամբ՝ 6:1, հաշվով հաղթելուց հետո աշխարհի թիվ 1 ռակետի խաղը երկրորդում ակնհայտորեն չէր ստացվում: Եվ Վիկտորիան որոշել է խորամանկության դիմել՝ իր օգտին 5:4 հաշվի ժամանակ բժշկական թայմ-աուտ վերցնելով: Հանգստանալուց ու մրցակցին տեմպից գցելով՝ այնուհետեւ նա հաղթել է ամերիկուհու սկզբնահարվածը հաջող ընդունելով: Այդ առիթով ռուսաստանցի նախկին թենիսիստ Եվգենի Կաֆելնիկովն ասել է. «Բժշկական թայմ-աուտի կանոնները պետք է խստացնել: Ես հենց սա եմ խորամանկություն համարում»:
Ավելի խիստ է արտահայտվել ամերիկացի նախկին թենիսիստ, իսկ այժմ մարզիչ Պատրիկ Մաքինրոյը. «Թույլ տվեք պարզ ասել այն, ինչ մտածում եմ: Դա աներեւակայելի է, պարզապես՝ կրկես», – գրել է նա իր «Twitter»-ում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ