Լրահոս
Օրվա լրահոսը

Բան չունենք ասելու

Հունվար 26,2013 10:18
hayoc ashxarh

Բայց մի բան, այնուամենայնիվ, ունենք

Երեւանի տարբեր հատվածներում մեռան հացադուլ անելով իրենց տների հողահատվածները էլիտար շենքերին «նվիրած» տնանկները: Հետո՞ ինչ, որ նախագահի թեկնածու չէին, մարդ էլ չէի՞ն: Նրանք ո՞ր զեկույցի մեջ մտան` մնաց անհայտ:
Այն հարցին, թե «հասարակական ո՞ր շերտի, քաղաքական ո՞ր ուժի աջակցության կարիքն ունեք», Ղուկասյանը պատասխանում է. «Վերջ տալ շինծու ընտրություններին» կարգախոսն այսօր միավորում է բոլորին»:
Այդ բոլորն ովքե՞ր են: Առանց լուրջ քաղաքական կշիռ ձեռք բերելու, առանց հասարակական մեծ աջակցության, այդ կարգախոսի տեղը բացառապես օդն է: «Շինծու ընտրություններին» վերջ տալու ճանապարհը դեռ ոչ մի երկրում հացադուլը չի եղել, այլ հզոր քաղաքական ընդդիմության ճնշումը իշխանությունների վրա` հասարակության մեծ մասի աջակցությամբ: Սա է հաղթանակի ճանապարհը:
Ասել կուզի` քաղաքական պայքարը անհատի պայքար չէ, ինչ միջոցների էլ այդ անհատը դիմի` լինի դա հացադուլ թե ինքնահրկիզում:
Ղուկասյանն ինքն էլ խոստովանում է, որ շատ քաղաքացիների` իրեն չճանաչելը խնդիր է: Իհարկե, խնդիր է, այն էլ մեծ խնդիր: Եթե չեն ճանաչում, չեն էլ աջակցում, որովհետեւ չգիտեն` իրենցից ինչ են ուզում եւ ինչի համար: Այս դեպքում վատ ներկան միշտ էլ գերադասվում է անհայտ, բայց գուցե սարսափելի ապագայից:
Մեր խորին համոզմամբ, այս ամենը քանի որ չունի անհրաժեշտ քաղաքական հիմք եւ հասարակական աջակցություն, ավարտվելու է մի բանով, որ ճշգրիտ հերոսականությամբ ձեւակերպել է հենց նախագահի թեկնածուն. «Եթե հանրությունն անտարբեր է, եթե համակարգն անխոցելի է, ապա փետրվարի 18-ի դրությամբ ես կլինեմ այն միակ մարդը, որը ազնիվ ընդվզեց դրա դեմ»: Սա` հաստատ:
Քաղաքական գիտությունների դոկտոր Ա.Վարդանյանի հետ հարցազրույցում մեզ ապշեցրեց մի բան` թե որքան հեշտ է մարդկանց ոտքի հանելը եւ համընդհանուր ընդվզում առաջացնելը: Մի՞թե այդքան անհեռատես ու անկարող էր Հայաստանի քաղաքական ընդդիմությունը, որ շատ հեշտ ճանապարհը թողած, դեսուդեն էր ընկել մարդ հավաքելու համար:
Փաստորեն իզուր տեղը իրար կերան. բավական էր հրավիրել Վարդանյանին, մի քիչ չեմուչումից հետո համոզել, որ ասի, ապա նախօրոք պատրաստած ծոցատետրերում գրանցել. «Ես կարողացա մարդկանց հետ մարդկային լեզվով խոսել` հիմնվելով արդարության ու ճշմարտության սկզբունքների վրա: Ես մարդկանց բացատրեցի` որպեսզի կարողանանք առաջ շարժվել, պետք է կարողանանք այս սեւը վերացնել եւ մեր երկրում օրենքի գերիշխանություն արմատավորել: Ո՞վ է մեզ խանգարում: Ասացի, թե այսօրվա իշխանությունը` հանձին Ռ.Քոչարյանի. տեսեք, թե նա ում է բերել իշխանության, ովքեր են այսօրվա պատգամավորներն ու նախարարները, քաղաքապետերն ու թաղապետերը: Բոլորը գող են»: Վսյո: Ընդվզումն ապահովված է:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ 2000-ին ընդվզում եղավ` հանրահավաքներ, երթեր, բայց դրանք «մարդկանց հետ մարդկայնորեն» խոսելու արդյունք չէին բոլորովին, քանի որ ինչ այսօր ասում է Վարդանյանը, 2000-ին էլ, հիմա էլ գիտե Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Չնայած հուսով ենք, որ այսօր բոլոր պաշտոնյաները չէ, որ գող են: Շատ կան, բայց բոլորը չեն:
Գաղտնիք չէ նաեւ, որ հայ հասարակության մի զգալի հատված սովորություն ունի ընտրությունների ժամանակ քվեարկել ոչ թե ինչ-որ մեկի օգտին, այլ ինչ-որ մեկի դեմ: Թող ներվի ասել, բայց դա այդպես է, ժամանակին էլ համընդհանուր ձեւով քվեարկեցինք ոչ այնքան ՀՀՇ-ի օգտին, որքան կոմկուսի դեմ, որից մինչեւ վերջույթների ծայրը զզված էր յուրաքանչյուրը: Ինչեւէ:
Վարդանյանը ընդգծում է նաեւ, որ Սերժ Սարգսյանին բաժին է հասել նախկինից եկած բարդ ժառանգություն, որը հենված է քրեաօլիգարխիկ սյուների վրա: Որպես ելք առաջարկում է. «Առաջին հերթին պետք է տղամարդկություն, ազնվություն ունենալ եւ անել ամեն ինչ, որ գալիք ընտրությունները լինեն իրոք արդար ու թափանցիկ: Եվ այդ ընտրությունների շնորհիվ ժողովուրդն ինքը կարողանա ձեւավորել իր իշխանությունը»:
Բան չունենք ասելու, բայց մի բան, այնուամենայնիվ, ունենք: Ա.Վարդանյանի ընտանիքը բնակվում է Իսպանիայում. լավ է անում: Ինքը հաճախ լինում է Հայաստանում. դարձյալ լավ է անում: Բայց քաղաքագիտության խորխորատներին քաջածանոթ դոկտորի միակ ներդրումը Հայաստանի զարգացման մեջ «հաճախ Հայաստանում» եղած դեպքում եղել է միայն հանցագործ օլիգարխներով լեցուն անհեռանկար Հայաստանի մասին դասախոսությունը:
Մինչեւ հաջորդ ժամանում:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031