Վեյկ-ան Զեեում ընթացող «Tata Steel 2013» շախմատային գերմրցաշարի ավարտին մնում է երկու տուր:
Ուժեղագույնների խմբում Լեւոն Արոնյանը 11-րդ տուրում սեւերով կարեւոր հաղթանակ տարավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ՝ իր անվան դիմաց գրանցելով 7,5 միավոր: Իսկ հաղթողի կոչման համար նրա գլխավոր մրցակիցները՝ Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը բավարարվեցին ոչ-ոքիով: Առաջատարների եռյակում Արոնյանը կես միավոր առաջ անցավ Անանդից, սակայն առայժմ Կարլսենին զիջում է մեկ միավոր:
«B» խմբի առաջատարները՝ Սերգեյ Մովսիսյանն ու Արկադի Նայդիչը ոչ-ոքի խաղացին եւ 7,5-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն այդպես էլ չի կարողանում վերագտնել իր խաղը: Այս անագամ նա պարտվեց կանանց գրոսմայստեր, ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյուչկինային եւ 6,0 միավորով ընթանում է վեցերորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ