«Գիտեք, որ մենք մշտապես կարեւորել ենք լավ, ազատ, արդար ընտրությունների անցկացումը։ Դա չափազանց անհրաժեշտ է հզոր, զարգացած պետություն ունենալու համար։ Եթե քո քաղաքացին չի վստահում քեզ, չի հավատում ընտրությունների արդյունքներին, ապա դժվար թե այդ քաղաքացին կարողանա իրեն լիարժեքորեն դրսեւորել»,- Դավիթաշեն վարչական համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր եզրափակիչ խոսքում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։ Թեկնածուն նաեւ երկրորդ խնդիրը նշեց. «Մենք ապրում ենք միջազգային հանրության ներսում, եւ շատ-շատ ցանկալի է, ուղղակի օդի պես անհրաժեշտ է, որպեսզի մեր գործընկերները եւս ունենան վստահություն այդ ընտրությունների արդյունքի վերաբերյալ, որպեսզի նրանք վստահ լինեն, որ գործ ունեն մարդու հետ, ով իրականում քվե է ստացել։ Ուստի խնդրում եմ բոլորիդ այնպես անել, որ որեւէ մեկը մեզ չկշտամբի․ ո՛չ մեր քաղաքացիները, ո՛չ էլ միջազգային դիտորդները։ Մանավանդ, որ մենք ունենք փայլուն հնարավորություններ։ Այս անգամ ասես սկուտեղի վրա մեզ մատուցում են, որպեսզի մենք կարողանանք անցկացնել լավագույն ընտրությունները, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին»
Իր շտաբների ներկայացուցիչներին, ակտիվիստներինՍերժ Սարգսյանը հորդորեց. «Որեւէ ավելորդություն չանել՝ դրա կարիքը չկա։ Մենք պիտի կարողանանք անցկացնել ավելի լավ ընտրություններ, քան խորհրդարանական ընտրությունները», -ասաց նա` հավելելով, որ այնպիսի ընտրություններ պետք է անցկացնենք, որ արժանանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գնահատականներին` միջազգային չափանիշներին ամբողջությամբ համապատասխանող: Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ դա մեզ է հարկավոր եւ ոչ թե եվրոպացիներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ