Ըստ ՀՀԿ պատգամավորի, Սերժ Սարգսյանի պլակատներն ու տեսահոլովակը խոսում են նրա պատասխանատվության մասին
Հաշվի առնելով, որ ի դեմս Սերժ Սարգսյանի, գործ ունենք «հաղթող, հաղթած» թեկնածուի հետ, ինչպես ՀՀԿ-ականներն են միշտ սիրում ասել, ի՞նչ իմաստ ուներ այդքան գումար ծախսել՝ տեսահոլովակ, պլակատներ պատրաստել, տարածել: Այսօր Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Դա գալիս է քաղաքական թիմի եւ տվյալ թեկնածուի պատասխանատվության աստիճանից, թե որքանով ես դու պատասխանատվություն կրում քարոզարշավի ընթացքում քո ժողովրդի հետ հարաբերակցվել, այսինքն՝ ներկայացնել քո ծրագրերը մանրակրկիտ, ոչ թե հաղթել ենք սկզբունքով: Որեւէ բան չանենք, ձեւի համար մեկ-երկու էլեմենտներ քարոզարշավը հիշեcնող եւ գնանք առաջ: Ո՛չ: Մեր տեսակետը այլ է: Քանի որ մենք՝ որպես իշխող քաղաքական թիմ, եւ նախագահ Սարգսյանը՝ որպես ե՛ւ թեկնածու, ե՛ւ գործող նախագահ, որպես մարդ, որը մեր պետության անկախության,Արցախի խնդրի հետ կապված ակունքներում է, մշտապես աչքի է ընկել իր հետեւողականությամբ, իր սկզբունքայնությամբ: Այդ քայլը էլեմենտներից մեկն է, ապացույցն է, որ չի անտեսվում ոչ մի բան: Իհարկե, մրցակիցների մեջ կան մարդիկ, որոնք հարգանքի արժանի են, բայց փորձագիտական եզրակացությունն այն է, որ մեր հաղթելու շանսերը բարձր են»:
Թե ինչքան փող է ծախսվել Սերժ Սարգսյանի տեսահոլովակի համար, որտեղ կան ուղղաթիռով արված նկարահանումներ եւ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ Հովհաննես Սահակյանը չգիտեր: Այդ քարոզչական տեսահոլովակները, ըստ ՀՀԿ պատգամավորի, որոշակի տրամադրություն բարձրացնելու համար են:
Ինչ վերաբերում է «հաղթած թեկնածու» ասելուն, Հովհաննես Սահակյանն ասաց. «Ես զերծ կմնայի հաղթած թեկնածու ասել, որովհետեւ այնուամենայնիվ, ժողովուրդն է ամրագրում: Իհարկե, մեր հնարավորությունները, շանսերը բավականին բարձր են, բայց վերջնակետով հաղթած թեկնածու ասելը սխալ է»:
Կարդացեք նաև
Նախագահի նախընտրական քարոզչական տեսահոլովակը «նորմալ» գնահատեց ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Դավթյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք՝ հավանո՞ւմ է այն, թե՞ ոչ. «Տեսահոլովակը օրենքով նախատեսված չափի մեջ է: Ես համակարծիք չեմ, որ ինչ-որ մեծ գումարներ է Սերժ Սարգսյանը ծախսում»,- ասաց պարոն Դավթյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ