Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան .«Իշխանությունն այս անգամ չի կարող մեզ վրա կրակել, խեղճն է ընկած»

Հունվար 25,2013 21:23

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հունվարի 25-ին նախընտրական հանդիպումներ  ունեցավ  Իջեւանի տարածաշրջանում:  Ավելի քան  4500 բնակիչ ունեցող  Աչաջուր գյուղում հանդիպմանը մասնակցում էին մի քանի տասնյակ մարդ: Նրանք  սկզբում մի տեսակ  հեռու էին կանգնած,մինչեւ որ  Բագրատյանը  հորդորեց . «Մի վախեցեք, մոտեցեք, պատասխան եմ տալիս»:

Աչաջրի բնակիչներից մեկը «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ գյուղում վախի մթնոլորտ կա:   Հանդիպման ժամանակ  Աչաջրի կենտրոնով անցնող ավտոմեքենայից  բարձրաձայն ինչ-որ բան գոռացին, հետո մեկ այլ մեքենա  ճռռացնելով սուրաց գյուղի կենտրոնով, կարծես թե մրցավազքի էր մասնակցում:

Հ. Բագրատյանն ասաց, որ  հեռուստատեսությամբ ասում են, թե  մրցակցություն չկա: Նրա խոսքերով` մրցակցություն կա, Սերժ Սարգսյանը  վերընտրվելու գործում խնդիրներ է ունենալու: Բագրատյանն ասաց, որ 15 տարի առաջ ներկաներից շատերն իրեն հայհոյել են  սեփականաշնորհված հողի համար, սակայն եթե մարդիկ այս ընթացքում ինչ-որ  օգուտ են ունեցել, դա հողից են ստացել: Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ չի եկել  օգնելու, այլ եկել է ռեֆորմները շարունակելու , մարդկանց հնարավորություններն ընդլայնելու:

Նա ասաց, որ 5 տարվա ընթացքում Հայաստանը դրսում  ապրող մեր հայրենակիցներից 11 միլիարդ դոլար է ստացել: Կետրոնական բանկը հավաքում է  այդ փողերը բանկերից,  փոխանակման կետերից, եւ  այդ գործընթացը թույլ կտա ստեղծել փոքր բիզնեսը ֆինանսավորելու  հիմնադրամ: Բագրատյանն ասաց, որ իրենք 3 տեսակի պրոգրեսիվ  հարկ են մտցրելու` եկամտահարկ եւ  շահութահարկ, որոնք այժմ պրոգրեսիվ հարկատեսակներ չեն եւ շրջանառության հարկ, գյուղացիները միայն հողի հարկ են վճարելու, որը ստաժ է համարվելու:

Նախագահի թեկնածուի վստահեցմամբ`  խոշոր բիզնեսի համար ավելի մեծ հարկ է սահմանվելու, այդ կերպ  պակասեցվելու է հարուստների եւ աղքատների   ունեցվածքների  տարբերությունը: Հ. Բագրատյանը հայտարարեց,, որ գյուղերում կստեղծվեն փոխօգնության կոոպերացիաներ:  Նա ասաց. «Ո՞վ է տեսել, որ աղքատ պետությունը կարողանա օգնի,աղքատ պետությունը պետք է մարդկանց աշխատելու հնարավորություններ ընձեռի,ցանկացած փոքր բիզնեսի վարկի 60 տոկոսը պետությունը կտրամադրի»:

Նրա խոսքերով՝ Կենտրոնական բանկը եւ բանկային համակարգը «մարդկանց հերն անիծել են», որ  եղել է տնտեսական ճգնաժամ, երաշտ, սակայն պետությունը բանկերին չի ասել,որ դրանք տրված վարկերի ռիսկերը կիսեն: Նախագահի թեկնածուն հայտարարեց. «Իշխանության ուժը մենակ մեզ  վրա է պատում, որ մեզ հալածի, կրակի մեզ վրա:  Այս անգամ չի լինելու, չի կարա, խեղճն է  ընկած» (խեղճացած է-Ո.Ս):

Հ. Բագրատյանը  պատասխանեց  ներկաների հարցերին, որոնք  վերաբերում էին խորհրդային ավանդների վերադարձին:   Նույն օրը   նա ընտրողների հետ հանդիպում ունեցավ նաեւ Իջեւանում, քաղաքային շուկայի հարեւանությամբ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031