Նախագահի թեկնածուի պայմանագիրը` դավիթաշենցիների հետ
«Ընտրություններով, այսինքն՝ քվեարկությամբ, մենք պայմանագիր ենք կնքում: Մենք հինգ տարի առաջ էլ ենք պայմանագիր կնքել, որին հետեւեցին տարիներ, երբ մենք հաղթահարեցինք մի քանի ճգնաժամեր, անկանխատեսելի եւ բարդ մարտահրավերներ, հաղթահարեցինք մեր երկրի ներսում առկա ճգնաժամը: Պետք է խոստովանեմ, որ այդ ճգնաժամերը մի քիչ շատ ստացվեցին, մի քանի նախագահներին կբավականացներ, բայց ես չեմ բողոքում, չեմ տրտնջում եւ չեմ ուզում մեր թերացումները պայմանավորել այդ ճգնաժամերով, մենք ընկճվել չենք սիրում: Ամեն մի ճգնաժամ հաղթահարելով՝ մենք փորձ ենք ձեռք բերում: Ձեր քվեն ստանալով՝ յուրահատուկ պայմանագիր ենք կնքում»,-այսօր մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի թեկնածուի կարծիքով՝ օրինիբուն աշխատելն անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ հաջողությունների համար: Այդ աշխատանքը պետք է նպատակ ունենա. «Պետական համակարգում կան անպիտան եւ ծույլ մարդիկ, ովքեր իրենց անգործության մի արդարացում ունեն` նախաձեռնությունը պատժվում է: Նախաձեռնությունն իսկապես պատժվում է, երբ շուրջբոլորը տիրում է պարտադրանք եւ ստրկամտություն:Մեր երազած Հայաստանն այդպիսին չէ, չի կարող լինել, չպիտի լինի, որովհետեւ այդպիսի Հայաստանն ինքը կվերանա` կորցնելով մրցունակությունը ժամանակակից աշխարհում: Մենք պայմանագիր ենք կնքում եւ ես պարտավորվում եմ, անել ամեն ինչ, որպեսզի մեր երկրում նախաձեռնությունը խրախուսվի»:
Նելիի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև