ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում հունվարի 25-ին տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ, սպաներ, հյուրեր:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Բանակային յուրաքանչյուր տարեդարձ առաջին հերթին անցած տարիներին հայացք նետելու և այդ ճանապարհին հաղթանակների նվաճման, ձեռքբերումների, խաղաղության պահպանության գործին տարբեր ժամանակներում իրենց ավանդն ունեցած սպաների, հայկական բանակում ծառայած բոլոր զինվորների արածը վերաիմաստավորելու, մեր կորցրած ընկերների հիշատակին արժանին մատուցելու օրն է: Այս ընթացքում մենք ստեղծել ենք անհրաժեշտ բոլոր նախադրյալները, որպեսզի ՀՀ ԶՈՒ պատմության երրորդ տասնամյակը ևս դառնա մեծ ձեռքբերումների, հայկական բանակի ուժն ու հզորությունը, միջազգային ճանաչումը վաստակած հեղինակությունը բազմապատկելու, մեր հակառակորդների մշակած սին ծրագրերը ի դերև անելու և հայրենիքի ու ողջ Հարավային Կովկասի խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու տասնամյակ»:
Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի և ՀՀ զինված ուժերի կայացման ու բանակաշինության գործում ունեցած ներդրման համար մի խումբ սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, ազատամարտիկներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների:
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանության նախարարություն