Թեեւ Սերժ Սարգսյանը զարկ է տվել խաղողագործությանը, բայց գինու սպառման ծավալները նվազել են
Անցյալ տարի խաղողի եւ կոնյակի արտադրության շեշտակի աճը պայմանավորված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործուն միջամտությամբ: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Հանրապետության գլխավոր գինեգործը համոզված է, որ գյուղացիները վստահեցին ու խաղողագործությանը զարկ տվեցին, քանի որ ՀՀ նախագահն անձամբ հետեւեց այդ գործընթացներին եւ հարուստ գործարանատերերին ստիպեց խաղողը մթերել այն գնով, ինչով ցանկանում էին գյուղացիները: Մեր հարցին, թե նախագահի այդ քայլն է՞լ նախընտրական տարով էր պայմանավորված, պարոն Հարությանը պատասխանեց. «Նախագահի միջամտությունը ե’ւ լավ էր ե’ւ վատ էր: Լավ էր այն առումով, որ վերջիվերջո գյուղացին զգաց, որ ինքը մենակ չէ հարուստ գործարանների հետ իրավական այդ հարաբերություններում, որ վերջիվերջո պետությունը կարող է իրեն ստիպել, որ գնեն եւ փողերը վճարեն ժամանակին, որովհետեւ միշտ գյուղացի-գործարան հարաբերություններում գյուղացին մնում էր մենակ, եւ ուժերը շատ անհավասար էին, եւ միշտ հաղթում էր գործարարը: Վատ էր այն առումով, որ շուկայի միջամտություն եղավ, իհարկե, երեւույթը վատն էր, բայց հետեւանքներն այնքան էլ ծանր չէին»:
Պարոն Հարությունյանի տվյալներով, գինու սպառման ծավալները սկսել են նվազել եւ եթե 2001 թվականից մինչեւ 2010 թվականը գինու սպառումը Հայաստանում 2 միլիոն 700 լիտրից հասել է 5 միլիոն լիտրի, ապա այսօր արդեն գինեգործը փաստում է, որ սպառումն ընդամենը 3,7 միլիոն լիտր է: Մեր հարցին, թե գուցե հայկական գինու թանկացմամբ է պայմանավորված սպառման ծավալների նվազումը, պարոն Հարությունյանն ասաց. «Եթե առաջ իջնում էր տեղականի սպառումը եւ բարձրանում էր արտասահմանյան գինիներինը, ապա այս անգամ երկուսի սպառումն էլ իջել է: Այստեղ 2 գործոն կա. ձեւավորվել է մի խավ, որը չի ուզում խմել հայկական գինի, իրենց դնում են գինու գիտակի տեղ եւ գերադասում գնել ավելի էժան եվրոպական գինի, քան մի քիչ թանկ հայկական գինին: Իրականում իրենք եվրոպական գինու համար վճարում են երկու-երեք անգամ ավելի թանկ, այդ եվրոպական գինին իրենց երկրներում արժե երկու անգամ ավելի էժան, քան մեր գինին այստեղ, այսինքն` եվրոպական գինին, հասնելով այստեղ, դառնում է ավելի թանկ, քան` հայկականը: Կարծում եմ նաեւ արտահոսքը ազդեց գինու սպառման վրա»:
Գինեգործը նաեւ փաստեց, որ հայկական գինիների գները միջինը 300-400 դրամով բարձրացել են: Բացի այդ, նրա խոսքերով, չկա գինու մշակույթ. «Մենք դաստիարակված ենք օղու վրա, դրա համար մենք չենք հասկանում գինուց, դրա համար մենք չենք ընկալում այն»:
Ըստ Ավագ Հարությունյանի, կրճատվել է նաեւ օղու սպառման ծավալը, ինչը գինեգործի կարծիքով լավ է: Եթե նախորդ տարիներին մեր երկրում սպառվել է 15-16 միլիոն լիտր օղի, ապա նախորդ տարի 9 միլիոն լիտր է սպառվել. «Դա շատ լավ միտում է, որ հայերը սկսել են ավելի քիչ օղի խմել, քան 5 տարի առաջ: Բայց չի պակասել ռուսական օղու սպառումը»: Պարոն Հարությունյանը նաեւ հայտնեց, որ գինեգործությունը խթանելու համար պետությունը 120 միլիոն դրամ է հատկացրել առաջիկա 3 տարիներին հայկական գինու իմիջը բարձրացնելու եւ գինու մշակույթը արմատավորելու համար: Արտասահմանյան ցուցահանդեսների կմասնակցենք, հայկական գինու մասին հաղորդումներ կկազմակերպվեն եւ այլն: Պարոն Հարությունյանը նաեւ ասաց, որ ՀՀ կառավարությունը պայմանագիր է կնքելու 10-12 ընկերության հետ, որոնց կտրամադրի դրամաշնորհներ` նրանց արտադրած գինիները Եվրոպա արտահանելու համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև