Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու նորանշանակ փոխքաղաքապետը դժգոհ է Վարդան Ղուկասյանի վարչարարությունից

Հունվար 25,2013 17:55

Գուրգեն Մալխասյանը  նախորդների  վարչարարությունը  անբավարար է գնահատում

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորած կառույցի վարչարարությունը այսպիսի խիստ գնահատականի արժանացրեց մասնագիտությամբ  իրավաբան Գուրգեն Մալխասյանը, ով փոխքաղաքապետի պաշտոնից զատ   միաժամանակ զբաղեցնում է թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:  Իսկ քննադատության համար առիթ դարձավ այն, որ մենք փոխքաղաքապետից  հետաքրքրվեցինք, թե մայրաքաղաքում այդքան լուրջ պաշտոններ զբաղեցրած անձը ինչո՞ւ է  վերադարձել Գյումրի ու համաձայնել Սամվել Բալասանյանի տեղակալ աշխատելուն: Գուրգեն Մալխասյանի թվարկելով՝ ինքն աշխատել է Քաղաքացիական ծառայության խորհրդի  առաջին իրավաբանական վարչության պետ` ստեղծման օրվանից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ, նույն կառույցում զբաղեցրել է նաև  պետի տեղակալի պաշտոնը, աշխատել է  ԱԺ-ում որպես փոխնախագահի աշխատակազմի իրավական բլոկի ղեկավար, Փաստաբանների պալատի անդամ է: Նշենք նաև, որ պարոն Մալխասյանը  Գյումրու երկարամյա դատավորներից  մեկի` Հովհաննես Մալխասյանի որդին է:

«Իմ քաղաքը շատ եմ սիրում և ուզում եմ իմ քաղաքի համար անել այն, ինչ ձեռք եմ բերել իմ երկարամյա աշխատանքային փորձի ընթացքում: Ու էսօր էդ փաստը տեսանելի է, ես ունեմ վարչարարության շատ մեծ փորձ, էսօր վարչարարությունը արդեն կայանում է մարմնում, որտեղ վարչարարությունը  հավասար է եղել զրոյի:  Ոչ մի վարչական ակտ նորմալ ընթացակարգով չի ընդունվել, ոչ մի վարչական ակտ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով չի ընդունվել, նորմատիվ իրավական ակտերը երբևէ փորձաքննության չեն ուղարկվել և երբևէ պետական գրանցում, հրապարակում չեն ունեցել: Մենք էսօր առավելագույնս  էդ ամեն ինչը հասցրել ենք իրենց նպատակին, և էն , ինչ որ ես ձեռք եմ բերել, իրացնում եմ գիտելիքների առումով  իմ քաղաքի բարօրության համար, հանուն նրա , որ մեր վաղվա սերունդը ունենա լավ քաղաք: Մենք հավատում ենք մեր քաղաքապետի գաղափարախոսությանը, մենք նրա կողքին ենք և անելու ենք այն ամենը, որ ավելորդ հերյուրանքները անգամ չկարողանան խոչընդոտ հանդիսանալ էն նախընտրական ծրագրին, որի հեղինակը պարոն Բալասանյանն է, իսկ մենք ջատագովները», -ասաց Գուրգեն Մալխասյանը:

Մենք նրան նաև հարցրեցինք, թե նախընտրական այս թեժ ժամանակահատվածում ընտրարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ լինելը չի՞ խանգարում փոխքաղաքապետ աշխատելուն: «Բացարձակապես չի խանգարում, որովհետև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքը ինքնին կազմակերպչական առումով որոշակի օրեր է նախատեսում, այսինքն մի քանի օր` մեկ այս ինչը հաստատելու համար, մեկ` մյուսը: Ընդամենը վերջին մեկ օրն  է, որ ամբողջապես  դու պետք է  տեղում լինես, իսկ դա որևէ կերպ  չի անդրադառնում, չի խոչընդոտում: Որևէ իրավական խոչընդոտ նույնպես չկա համատեղելու հետ կապված, ավելին ասեմ,  դա գործնական առումով ավելի օգտակար է, քանի որ համայնքն է հոգում ընտրատարածքի շատ հարցեր, գործնական պրակտիկ աջակցությունը ավելի առարկայական է: Բացի դրանից,  ես Ազգային ժողովում,  երբ որ աշխատում էի, ներգրավված եմ եղել աշխատանքային խմբում, որը աշխատել է «Ընտրական օրենսգրքի» նախագծի վրա և էսօր պրակտիկ իրացնելը և հետագայում, եթե անգամ փոփոխությունների հարց առաջանա, առաջարկություններ ներկայացնելը էդ առումով նույնպես արդարացված է: Բացի դա,  էսօր մեր ընտրական պրոցեսները  ենթադրում են նաև վարչարարություն, իսկ ես, ինչպես նշեցի, ունեմ վարչարարության  մեծ փորձ, և դա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար շատ անհրաժեշտ  հանգամանք է, որ դիմումները, բողոքները ճիշտ ընթացակարգով քննվեն», -պարզաբանեց փոխքաղաքապետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031