Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ սրտերի պատառներ են. Աղաբլիթների մասին

Հունվար 25,2013 17:46

23-ամյա Նարինեն ստիպված է լինում ամեն տարի աղաբլիթ ուտել: «Մամաս ամեն տարի պատրաստում ա ու ստիպում , որ մենք ուտենք (ծիծաղում է-հեղինակ): Իսկ հաջորդ առավոտյան ստիպում ա, որ ճիշտն ասենք, թե ինչ երազ ենք տեսել»,-ասում է 23-ամյա Նարինեն: Հավելում է՝ մայրիկի շտապելու պատճառն այն է, որ իրենց ընտանիքում երկու քույր են` երկուսն էլ չամուսնացած և առանց փեսացուի: 5տարիների ընթացքում ճաշակած աղաբլիթները արդյունք չեն տվել: «Այսքան ժամանակ ոչ մեկ ջուր չի տվել երազումս: Միայն մի անգամ տեսա սև շորեր հագած բարձրահասակ մի տղայի, ասաց, որ քրոջս ամուսինն է լինելու: Ով ուտի, ում համար երազ տեսնի»,-կատակում է նա:
Համաձայն ժողովրդական ավանդության՝ չամուսնացած երիտասարդներն այսօր գիշերը պետք է աղաբլիթ ուտեն: Աղաբլիթը ճաշակում են Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Տարածված կարծիք է, որ աղաբլիթը պետք է պարտաստի միայն այրի կինը, իսկ չամուսնացած աղջիկների պատրաստման դեպքում լուրջ վտանգ է սպասվում: «Լսել եմ, որ երիտասարդ ամուսնացած կինը չի կարող պատրաստել աղաբլիթ, հակառակ դեպքում նրանք կամուսնալուծվեն կամ ամուսինը կմահանա: Ինքս խուսփում եմ նրանցից աղաբլիթ խնդրել»,-ասում է 18-ամյա Սոնան: Իսկ Հայ առաքելական եկեղեցու քահանաները մերժում են այս կարծիքը և հավաստիցնում, որ աղաբլիթ կարող է պատրասել ընտանիքի ցանկացած անդամ: 24-ամյա Ռոզան պատմում է՝ արդեն 2-րդ տարին է, ինչ անձամբ ինքն է պատրաստում աղաբլիթներ ու բաժանում իրենց հարևան բոլոր երիտասարդ աղջիկներին: Նախօրոք ցուցակ է կազմում, որպեսզի ոչ մեկ առանց «սիրո կտորի չմնա»: «Պատրաստում եմ տարածված բաղադրատոմսով՝ ալյուր, ջուր, աղ ՝ սրտիկի տեսքով: Այնուհետև աղաբլիթները ձևավորում եմ գեղեցիկ հուշանվերների նման և բաժանում աղջիկներին»,-ասում է նա: Հավաստիացնում է՝ չի հավատում տարածված լուրերին, որոնց համաձայն չամուսնացածներին արգելվում է պատրաստել աղաբլիթ. դրանք համարում է սնահավատության արդյունք: Շատերը ազատ «սրտերի սիրո գրավականը պատրաստելուց» հետո շտապում են եկեղեցի՝ Աստծո օրհնությունը ստանալու: Կան նաև այնպիսիք, ում համար միևնույն է, որտեղից ձեռք կբերեն «սիրո պատառները», միայն թե իրենց երազանքները իրականանան: Ոմանք էլ աղաբլիթներ գնում են եկեղեցու հարևանությամբ գտնվող տատիկների կամ պապիկների վաճառասեղանից՝ մի մասը կարծելով, թե այդպես ավելի մոտ է Աստծո օրհնությանը, մյուս մասը այն պատճառով, որ չի կարողացել այլ միջոցներով ձեռք բերել այն:
Ի դեպ, այս օրը սովորաբար փոխինդով մատուցարանը դնում են տան տանիքին կամ պատշգամբին և սպասում Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի՝ Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի. ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը:
Հիշեցնենք՝ Սուրբ Սարգսի տոնը համարվում է Երիտասարդների օրհնության օր: Այդ օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031