Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Այս նոր քրեական գործը վերաբերում էր իր նախորդ՝ «Մոսկվա» կինոթատրոնի գողության գործով մեղադրանքը պաշտպանող դատախազին՝ Սամվել Հարությունյանին, նրա նկատմամբ բռնություն կիրառելու գործին:
Այսօր դատարանում ցուցմունք տվեց ինչպես տուժող ճանաչված դատախազը՝ Սամվել Հարությունյանը, այնպես էլ անցյալ տարվա հուլիսի 26-ին Կենտրոնի դատարանի թիվ 1 դահլիճը սպասարկած դատական կարգադրիչ Ռաֆայել Ստեփանյանը եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Ստեփանին ուղեկցած ոստիկան Գեւորգ Սարգսյանը: Ի դեպ, վերջինը նկարագրեց, թե ինչպես է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Ստեփանին եւ մյուս ամբաստանյալին (Վահրամ Քերոբյան) խուզարկել, բերել դատարանի մեկուսարան: Ստեփանը նկատեց, որ խուզարկության ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել: Ապա նա պատմեց, որ նիստերի դահլիճում, երբ Վահրամի պաշտպանը միջնորդություն է արել, Ստեփանը «շատ նորմալ վարքագիծ էր դրսեւորել», ձեռքերը տարավ ներքեւ: Վկան ասաց, որ ինքը վազել է դեպի Ստեփանը, որն այդ ժամանակ ագրեսիվ էր եւ որեւէ մեկին չէր ենթարկվում, քայլում էր, բղավում: Վկան ասաց, որ փորձել է ձեռքից վերցնել խոսափողը, տեսել է, որ ամբաստանյալը ոտքն է բարձրացրել, իսկ թե ինչու՝ չէր կարողանում պատասխանել: Նախաքննության ժամանակ այս վկան ասել էր, որ ոտքով հարվածել է դատախազին, իսկ թե կպել էր հարվածը, թե ոչ՝ չէր նկատել:
Կենտրոն դատարանի դատական կարգադրիչ Ռաֆայել Ստեփանյանն էլ ասաց, որ ինքը դատավորի ուղղությամբ էր կանգնած եւ նկատել է, որ պաշտպանն ասել էր, թե Ստեփանն իրեն վնասել է: Նա տեսել էր նաեւ, թե ինչպես է մեղադրողը ընդհանուր մուտքով փորձել անցնել, երբ Ստեփանը ոտքով հարվածել էր նրան:
Այս գործով տուժող Սամվել Հարությունյանն ասաց, որ իրենից բացի մանրամասները որեւէ մեկը չի կարող տալ, քանի որ ողջ իրադարձություններին նիստի ժամանակ հետեւել է ինքը: Նա ասաց, որ որեւէ միջադեպ իր եւ ամբաստանյալի միջեւ 2,5 տարի ընթացող դատական նիստերի ժամանակ տեղի չէր ունեցել, սակայն ըստ Ս. Հարությունյանի, վերջին մի քանի ամիսների ընթացքում պաշտպանական կողմի մոտ «ճաք» էր առաջացել, քանի որ մյուս ամբաստանյալի պաշտպանները ակնարկում էին ինչ-որ նոր հանգամանքների մասին: Նա ասաց, որ դեպքի օրը պաշտպանական կողմը միջնորդել էր, որ հանդես գար վահրամի մայրը եւ ինքը բավարարել էր այդ միջնորդությունը: Նա ասաց, որ այդ ժամանակ իր մեջ տպավորվել է Ստեփանի թշնամական հայացքը դեպի իրեն, նաեւ այն, որ երբ փորձել է մոտենալ այդ պահին նիստերի դահլիճում վատացած ինչ-որ մի կնոջ, Ստեփանը բարձրացրել է բարձրախոսը, որ հարվածի, ապա ոտքով հարվածել իրեն: «Ինքը երիտասարդ է, ինքը չի հասկանում, թե ինչ բան է մեղադրողը, ինքը չպիտի հանդգներ նման բան անել: Ասես թշնամին ես լինեի: Ասես հանցակից ենք եղել մի գործով, ինձ ազատել էին, ինքը մնացել այնտեղ»,- ասաց տուժող դատախազը: Ստեփան Հովակիմյանն ասաց, որ դեպքից հետո հաջորդ դատական նիստին ինքը ներողություն է խնդրել բոլորից՝ դատավարության մասնակիցներից եւ դատախազից:
Կարդացեք նաև
Այս գործով մեղադրանքը պաշտպանող Ջոն Ֆարխոյանը հանդես եկավ միջնորդությամբ, հայտարարելով, որ Ստեփան Հովակիմյանը, որը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ «Մոսկվա» կինոթատրոնում գողություն կատարելու գործով, այս փետրվարի 6-ին լինելու է ազատության մեջ, հետեւաբար, ըստ դատախազի, որպեսզի չխոչընդոտի եւ չխուսափի այդ գործով դատաքննությանը, նա միջնորդեց որոշում կայացնել Ստեփան Հովակիմյանին 2 ամսով կալանելու համար: Չնայած Ստեփան Հովակիմյանի պաշտպան Արտակ Ճուղուրյանը խնդրեց 1 աշխատանքային օր ժամանակ տրամադրել իրեն, սակայն դատարանը մեկ ժամով ընդհատել է դատական նիստը, որպեսզի Հովակիմյանի պաշտպանական կողմը միջնորդության հետ կապված հայտնի իր դիրքորոշումը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ