Քաղաքապետարանը քաղաքացուց ապօրինի գումար է պահանջել, իսկ մարդու իրավունքների գրասենյակի հարցումներին հակասական պատասխան տվել, մինչդեռ քաղաքապետարանից վստահեցնում են, որ ինչ պետք է` ասել են
Երեկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ապօրինի որոշում է կայացրել, որով խախտել է մարդու իրավունքները: Մասնավորապես` Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով հասանելիք տարածքն անհատույց տրամադրելու փոխարեն, ստիպում է ապօրինի գումարներ վճարել:
Թե ինչպե՞ս կմեկնաբանի Տարոն Մարգարյանը պաշտպանի մեղադրանքներին, Aravot.am-ը փորձեց իմանալ Երեւանի քաղաքապետարանից, որտեղից,սակայն, ասացին, որ որեւէ մեկնաբանություն չունեն. «Ինչպես որ հարկն է` օրենքի սահմաններում բոլոր պատասխանները տրվել են քաղաքացուն»:
Հիշեցնենք, որ քաղաքացի Վանիկ Առաքելյանը տարիներ առաջ սեփականաշնորհել էր իրեն պատկանող մի շինություն, սակայն շինությամբ զբաղեցրած հողատարածքը չէր սեփականաշնորհվել, այլ տրամադրվել էր նրան վարձակալության իրավունքով: Եվ երբ քաղաքացին փորձել է հողատածքն էլ սեփականաշնորհել, քաղաքապետարանը մերժել է, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պնդում է, որ ըստ ՀՀ հողային օրեսնգրքք, հողամասը պետք է սեփականության իրավունքով անհատույց տրվի: Իսկ Երեւանի քաղաքապետարանը Վանիկ Առաքելյանից 2 միլիոն դրամ է պահանջել, որպես կադաստրային արժեք:
Կարդացեք նաև
Պաշտպանի գրասենյակի մի շարք հարցումներին, քաղաքապետարանից հակասական ու գործին չառնչվող կառավարության որոշում են ներկայացրել. «Այդպիսով անուղղակիորեն հրաժարվելով օրենքի սահմաններում կատարել իրենց պարտականությունները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ