Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ այս տարի առաջին անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցի կբերվեն սուրբ Սարգիս զորավարի սուրբ մասունքները: Հունվարի 26-ին` սուրբ Պատարագի ընթացքում, պահեցողները հադորդակից կլինեն սրբի մասունքներին: Այսօր այս մասին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում լրագրողներին հայտնեց ԱՀԹ մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը: Նա նշեց, որ վերջին տարիներին սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան թեմը կազմակերպում է մի շարք տոնակատարություններ` երիտասարդների ներգրավվածությունն ավելացնելու նպատակով:
ԱՀԹ Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց, որ սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շարքին են դասվում խորհելու արարողությունը` Խոկումը (սուրբ Սարգիս եկեղեցում` այսօր, ժամը 19:00-ին), իսկ վաղը Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցու բակից երիտասարդների նախաձեռնությամբ կմեկնարկի խաչերթ` դեպի Սիրահարների այգի, որտեղ կսկսվի տոնական համերգային ծրագիրը: Բացի այդ, մի շարք այցելություններ կկազմակերպվեն տարբեր հաստատություններ:
Խոսելով տոնից` տեր Հակոբ քահանա Խաչատրյանն ասաց, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է գիտենա սուրբ Սարգսի վարքագրությունը, ով իր որդու` Մարտիրոսի եւ 14 զինվորի հետ նահատակվեց հանուն քրիստոնեության` հրաժարվելով Շապուհ արքայի խոստումնալից առաջարկներից:
Aravot.am-ի հարցին, թե որքանով է առկա երիտասարդության կողմից տոնի հանդեպ գիտակից մոտեցում, տեր հայրը պատասխանեց. «Նախորդ տարիներին երիտասարդների հետաքրքրությունը հատկապես մեծ էր այն հարցի շուրջ, թե երբ են ճաշակում աղաբլիթը: Օրինակ, նախորդ տարի ինձ այդ հարցն ուղղել է շուրջ 50 մարդ: Բարեբախտություն ունեմ ասելու, որ այս տարի ինձ չեն հարցրել այդ մասին, իսկ դա նշանակում է, որ սկսվել է կարեւորվել տոնի մեկ այլ շերտ, եւ երիտասարդների շրջանում ամրապնդվում է տոնի հանդեպ ունեցած հոգեւոր եւ բովանդակային մոտեցումը»:
Կարդացեք նաև
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նաեւ ասաց, որ աղաբլիթի ավանդույթը մերժված չէ եկեղեցու կողմից. «Աստված իր ասելիքը մարդուն ուղղում է մի շարք ճանապարհներով, որոնց թվում կարող է լինել նաեւ աղաբլիթը, բայց եկեղեցու քարոզն ուղղված չէ աղաբլիթ ճաշակելուն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ