Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՍ ԿԻԼՈ ՊԱՂՊԱՂԱԿ

Հունվար 25,2013 15:36

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ քսանմեկերորդ

ԿԵՍ ԿԻԼՈ ՊԱՂՊԱՂԱԿ

Երբ Շողիկը պաղպաղակի էդ հսկայական սարը դրեց Շերենցի առաջ, Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «կամաց-կամաց կեր ու էդ պատմությունը պատմի», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պատմություն», եւ Արայիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ եզդու  պատմությունը», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եզդու պատմություն», եւ Արայիկն ասաց՝ «էն՝ որ Ռուբոն գերեզմանի քանդակ էր արել», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով  ասաց՝ «շատ մազալու պատմություն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ պատմությունը Ռուբոն ինքը պիտի պատմի, որ հետաքրքիր լինի», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Շերենցին ասաց՝ «ինքը պիտի պատմեր, բայց էդ մառոժնին առել ա, որ դու պատմես»,  եւ Շերենցը հարցական նայեց Ռուբոյին ու ժպտալով հարցրեց՝ «հա՞», եւ Ռուբոն Շերենցին հանգստացնելով ասաց՝ «ոչ մի պատմություն էլ չես պատմելու» եւ ժպտալով ավելացրեց՝ «հանգիստ մառոժնիդ կեր», եւ Շերենցը հիացմունքով նախ Ռուբոյին նայեց, այնուհետեւ նայեց իր հսկայական պաղպաղակին, հետո նայեց Շիրազին ու փռթկացնելով ասաց՝ «ինչըղ Մասիս սարն էղնի, Վարպետ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինչըղ Մեծ Մասիսն էղնի», եւ Շիրազը թարս նայեց Շերենցին ու ոչինչ չասաց, եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «կեր ու սուս», եւ Ռուբոն ժպտալով նախ Արայիկին նայեց, հետո նայեց Շերենցին ու փռթկացնելով ասաց՝ «բայց Արայի լեռանն ավելի նման ա», եւ Շերենցը փռթկացնելով  հարցրեց՝ «էս մառոժնի՞ն», եւ Ռուբոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Վարպետը մեր բոլոր սարերի ու լեռների վերաբերյալ բանաստեղծություններ է գրել», եւ Մարգունին, որ մինչ այդ խաղաղ դանթում էր, աչքերը բացելով Շերենցին ասաց՝ «Շիրազը հիմնականում Արեւմտյան Հայաստանի սարերի ու լեռների մասին ա գրել»,  եւ Ռուբոն ասաց՝ «Արագածի ու Արա լեռան մասին էլ ա գրել», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հանդիպել», եւ Ռուբոն  ասաց՝ «մեր համարյա բոլոր սարերի մասին էլ գրել ա», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց ամենից շատ Մասիսի մասին ա գրել», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «Վարպետը մեր սարերի անուններով լիքը  էրեխեք ունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեկի անունը Մասիս է, մյուսինը՝ Սիս», եւ Արայիկը ծիծաղելով Շերենցին ասաց՝ «դու քո Մասիսը կեր, քանի չի հալվել», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «վայ թե Սիփանիկի անունով էլ սար կա», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «էդ սարի անունը Սիփանիկի անունով են Սիփան դրել», եւ Շերենցը զարմացած նայեց Ռուբոյին ու ասաց՝ «հաստա՞տ», եւ Մարգունին թարս նայեց Շերենցին ու ասաց՝ «անհարմար ա, Շերենց», եւ Շերենցը զարմացած նայեց Մարգունուն ու հարցրեց՝ «ի՞նչն է անհարմար», եւ Մարգունին արհամարհական նայեց Շերենցին ու ասաց՝ «համ ասում ես վանեցի եմ, համ էլ չգիտես, որ Սիփան սարը Վանա լճի մոտերքում ա գտնվում», եւ Շերենցը զարմացած նայեց Մարգունուն ու ժպտալով հարցրեց՝ «ես ե՞րբ եմ ասել, որ վանեցի եմ», եւ Մարգունին պատասխանեց ու ասաց՝ «մի քիչ առաջ ասեցիր», եւ Շերենցը զարմացած նայեց Մարգունուն ու փռթկացնելով հարցրեց՝ «քնած տեղդ ո՞նց ես լսել, Վաղինակ եղբայր», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ էլ քնած չէի», եւ Ռուբոն ժպտալով Մարգունուն ասաց՝ «Շերենցը վերջերս ա իմացել, որ ինքը վանեցի ա», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «մեծ մոքիրիս օր թաղեցինք ու եկանք տուն, միջնեկ մոքիրս ասեց, օր իրանց մայրիկի մայրիկին Վանի կողմերից են հարս բերել», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «վերջերս ես չէ՞ էդ բանն իմացել», եւ Շերենցը բավական երկար մտածեց ու ասաց՝ «տասը տարի կէղնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մոտավորապես տասը տարի», եւ Մարգունին զարմացած նայեց Շերենցին ու ասաց՝ «հետաքրքիր ա», եւ Շերենցը  ժպտալով Մարգունուն հարցրեց՝ «ի՞նչն է հետաքրքիր, Վաղինակ եղբայր», եւ Մարգունին մի քիչ  մտածեց ու ժպտալով Շերենցին ասաց՝ «հետաքրքիր ա, որ ծագումդ նոր-նոր ես պարզել», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Մարգունուն ասաց՝ «բայց ամենահետաքրքիրն էն է, օր դու քնած վախտդ լսել ու իմացել ես, օր վանեցի եմ», եւ Մարգունին մի քիչ  մտածեց ու ժպտալով Շերենցին ասաց՝ «նախ՝ քնած չէի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եւ  երկրորդ. հեչ պարտադիր չի վանեցի լինես, որպեսզի Սիփան սարի մասին որոշ տեղեկություններ ունենաս», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «Ռուբոն մասիսցի չի, բայց Մասիս սարի մասին ահագին բան գիտի», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «ես նույնիսկ Արա լեռան մասին ահագին բան գիտեմ», եւ Շերենցը Ռուբոյին հարցրեց՝ «Արա լեռան մասին ի՞նչ գիտես», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «գիտեմ, որ Արա Շիրազի պատվին են էդ լեռան անունն Արա դրել», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մտքովս չէր անցել, օր Վարպետն Արայիկի անունն էդ սարի անունով է դրել», եւ Ռուբոն փռթկացնելով ասաց՝ «ոչ թե իրա անունն են սարի անունով դրել, այլ սարի անունն են իրա անունով դրել», եւ Շերենցը  մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ահագին էլ ղոջա սար է», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝  «որ ղոջա չըլներ, անունը ոչ թե Արա կդնեին, այլ՝ Արայիկ», եւ Լեւոն Ներսիսյանը հիացմունքով նայեց Ռուբոյին ու ժպտալով ասաց՝ «երբեմն Ռուբենի հումորն աբսուրդի աստիճանի է հասնում», եւ Արայիկը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «Ռուբոն էս բաները  խոսում ա, որ էդ եզդու պատմությունը չպատմի», եւ Շերենցն իր պաղպաղակից մի մեծ կտոր կլանելով ասաց՝ «ինձ էլ թվար գը՝ Վարպետն Արայիկի անունն Արա Գեղեցիկի պատվին է Արա դրել», եւ Շիրազը Շերենցին ասաց՝ «քեզի միանգամայն ճիշտ է թվացել», եւ Ռուբոն ծիծաղելով ասաց՝ «ոչ թե Արայիկի անունն են Արա Գեղեցիկի պատվին դրել, այլ Արա Գեղեցիկի անունն են Արայիկի պատվին դրել», եւ Շերենցը փռթկացնելով  ասաց՝ «ինձի հակառակը կթվար», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «քո անունն էլ երեւի ազատության պատվին են Ազատ դրել», եւ Շերենցը զարմացած նայեց Ռուբոյին ու ասաց՝ «մտքովս չէր անցել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ հնարավոր է» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «օր մտքովս անցած էղներ, ծնողներիս կհարցնեի», եւ Շիրազը փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, Ազատը կա, բայց ազատությունը չկա», եւ Ռուբոն փռթկացնելով ասաց՝ «ինձ էլ թվում էր՝ Շերենցի անունն Ազատ Գասպարյանի պատվին են Ազատ դրել», եւ Շերենցը զարմացած նայեց Ռուբոյին ու հարցրեց՝ «Ազատ Գասպարյա՞նը վով է» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էն օր Մյասնիկյանի ֆիլմի մեջ Չարենցի դերը կխաղա՞», եւ Ռուբոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Շերենցը մի քիչ մտածեց, նայեց Լեւոն Ներսիսյանին ու ժպտալով ասաց՝ «էդ ֆիլմի  մեջ Լեւոնս էլ  կար», եւ Ռուբոն ասաց՝ «մաեստրոն էդ ֆիլմի մեջ Բեկ Փիրումով ա խաղում» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «ընդ որում, չտեսնված ա խաղում», եւ Շերենցն ասաց՝ «էդ ֆիլմում Լեւոնս բոլորից ուժեղ կխաղա» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «առանձնապես մեծ դեր չի, բայց  հանճարեղ կխաղա», եւ Ներսիսյանը կարմրելով ասաց՝ «չափազանցությունների մեջ եք ընկնում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քծնենք գը, Լեւոն ջան», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «եթե ձեզ չճանաչեի, կմտածեի, որ քծնում եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Դովլաթյանը համոզեց, ու ես էլ սխալմամբ այդ դերը ստանձնեցի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Դովլաթյանը շատ ճիշտ է համոզել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ դերը մենակ հայրիկդ կրնար քեզնե լավ խաղար», եւ Ռուբոն ասաց՝ «էդ դերը  ոչ մեկը մաեստրոյից լավ չէր կարա խաղար», եւ Ներսիսյանը խեթ նայեց Ռուբոյին ու ասաց՝ «վերջացրեք», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «չեմուչում էիր անում, բայց մառոժնուդ կեսն արդեն կերար», եւ Շերենցը նայեց իր պաղկաղակին, մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «քիչըմ առաջ Մասիս էր, հիմի դառել է Արայի լեռ», եւ Շիրազը ներողամտորեն ժպտալով  Շերենցին ասաց՝ «կեր ու սուս» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չուտողի մալը ուտողին հալալ է», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով Շիրազին հարցրեց՝ «էս մնացածը կուտե՞ս, Վարպետ», եւ Շիրազը ժպտալով Շերենցին ասաց՝ «մերսի, Ազատ ջան,  շնորհակալ եմ», եւ Ռուբոն Շերենցին ասաց՝ «Վարպետը վաբշե մառոժնի չի ուտում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ ուտեր, իրա համար ոչ թե կես, այլ մի կիլո բերել կտայի», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «ամեն ինչ կանես, մենակ թե՝ էդ պատմությունը չպատմես», եւ Շերենցը ժպտալով Արայիկին հարցրեց՝ «ո՞ր պատմությունը»,  եւ Արայիկն ասաց՝ «էն՝ որ եզդիների համար գերեզմանի քանդակ ա արել», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով Արայիկին ասաց՝ «բա դո՞ւ ինչի Մյասնիկյանի պատմությունը չես պատմում», եւ Արայիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Մյասնիկյան», եւ Շերենցը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Ալեքսանդր» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «պատմի՝ ինչըղ ես Ալեքսանդր Մյասնիկյանին ֆոտոներից քանդակել», եւ Արայիկը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ֆոտոներից», եւ Շերենցը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Ալեքսանդր Մյասնիկյանի», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես, որ ֆոտոներից եմ քանդակել», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «քիչըմ առաջ դու ասեցիր, այ բալա», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Շերենցին ասաց՝ «հիշողությունդ լավ էլ տեղն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հետո էլ հիշողությունիցդ  դժգոհում ես», եւ Շիրազը փռթկացնելով  ասաց՝ «մառոժնին օր կուտի, հիշողությունը բացվի գը», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «էս մառոժնուս վրեն լիքը աչք կա», եւ Շիրազը թարս նայեց Շերենցին ու ասաց՝ «մառոժնիդ կեր ու ավելորդ բաներ  մի խոսի», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «կեր ու սուս», եւ Շերենցը նախ իր պաղպաղակին նայեց, հետո նայեց Ռուբոյին ու խեղճացած ասաց՝ «էսքանն ուտե՞լ կէղնի, տնաշեն», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «բան չի մնացել. համարյա լրիվ կերել ես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի հատ էլ որ դիխանիդ բացես, էլ էդ մառոժնուց հետք չի մնա», եւ Շերենցը խեղճացած նախ իր պաղպաղակին նայեց, հետո խեղճացած նայեց Շիրազին, մի քիչ  մտածեց ու մեղավոր ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ ավելորդ բան եմ ասել, Վարպետ ջան», եւ Շիրազը թարս նայեց Շերենցին ու ասաց՝ «մենակ դու էիր մնացել, օր էդ գիզալական արձանին անուն կպցնես», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «Ալեքսանդր Մյասնիկյանի՞», եւ Շիրազը թարս  նայեց Շերենցին ու ոչինչ չասաց, եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես քանի՞ գլուխ ունեմ, օր Շիրազի տղի արձանին անուն կպցնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ժողովուրդն օր իմանա, ինձի կսպանի», եւ Շիրազը թարս նայեց Շերենցին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «օր էդքանը կհասկնաս, հանգիստ նստի տեղդ ու ավելորդ բաներ մի խոսի, Ազատ տղա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ արձանից հետո ժողովուրդն Արայիկիս ավելի կսիրե, քան՝ ինձի»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031