Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես մի կտոր երշիկը չհասավ Վանոյին

Հունվար 25,2013 15:29

Ղարաբաղյան շարժման մասին Համբարձում Գալստյանի բանտային հուշերն ու խոհերը՝ «Չուղարկված նամակներ» գրքում:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, շարժման առաջամարտիկ , Երեւանի երբեմնի քաղաքապետ, պատմաբան Համբարձում Գալստյանի էսսեները, բանտային հուշերն ու հրապարակախոսական նյութերը մեկտեղվել են «Չուղարկված նամակներ» ժողովածուում, որը կազմել են Համբարձում Գալստյանի համակուրսեցին՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը եւ եղբայրը՝ Արսեն Գալստյանը:

Aravot.am-ի հետ զրույցում ազգագրագետ Հարություն Մարությանը նշեց, որ Համբարձում Գալստյանը ժողովածուում տեղ գտած նյութերը շարադրել է 1988 թվականի վերջերին «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունից հետո, կան նաեւ բանտային հուշեր ու հոդվածներ: Նրա խոսքով, հիմքը՝ «Չուղարկված նամակները», բանտային հուշերի վերնագիրն է, որն առաջին անգամ տպագրվել է «Գարունում», հետո առանձին գրքույկով՝1992-ին, ապա՝ 2002 թվականին: Այժմ էլ հրատարակվում է նոր տեսքով: Գիրքը անգլերեն տպագրվել է Լոնդոնում:

«Գրքի մեխը բանտային հուշերն են, բայց դրանք սոսկ բանտարկյալ մարդու հուշեր չեն, այլ Համբարձումի խոհերն են Ղարաբաղյան շարժման, իր ընկերների, տարբեր մարդկանց հետ հանդիպումների մասին, որոնք պարզապես բանալի են, որը բացում է խորհրդային իրականության դուրեկան եւ անդուր կողմերը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա ձեւակերպմամբ՝ հյութեղ շարադրանքով գրված դրվագներ կան, որոնք կարդացվում են մեկ շնչով. «Նկարագրվում է՝ ինչպես իրենց ձերբակալեցին, Մոսկվա տարան, ինքնաթիռում ի՞նչ խոսակցություններ էին եւ ինչպիսի՞ պահվածք: Կամ ինչպես կոմիտեի մի մասը մնաց матросская тишина-ում, մյուսները՝ бутырка-ում: Համբարձումը բնութագրական նկարագրում է, թե ովքեր էին խցում իրենց հարեւանները, կամ ինչպես էր շփվում Աշոտ Մանուչարյանի ու Վանո Սիրադեղյանի հետ: Բանտային ամբողջ իրականությունն է պատկերվում գրքում: Շատ լավ նկարագրվում է, թե ինչպես մի կտոր երշիկ փորձեց ուղարկել Վանոյին, էն էլ ճամփի կեսին մնաց, ու ոնց էր ողջ բանտը քննարկում՝ ինչպես էդ մի կտոր երշիկը հասցնեն Վանոյին: Հացադուլի, «կարցեր» նստելու վերաբերյալ իր զգացումների մասին է խոսվում: Մի ուշագրավ դրվագ կա՝ ինչպես էին «պերեդաչա» բերել «քրոջից», որը իրականում Գալինա Ստարավոյտովան էր: Նշվում է, որ բանտախցում մարդասպաններ էին, գողեր… Կամ՝ թե ինչպես էր Խաչիկ Ստամբոլցյանը երկու հոգու ուղիղ հավատի բերում, իսկ Վանոն իր խցի ադրբեջանցուն համոզում իրենց գործի իրավացիության մեջ»:

Համբարձում Գալստյանի ընկերը նշեց, գիրքը նվիրվում է Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: Դրանից առաջ մի միջոցառում էլ կայացել է Համբարձում Գալստյանի անունը կրող թիվ 83 ավագ դպրոցում:

Ինչ վերաբերում է հունվարի 29-ին կայանալիք շնորհանդեսին, կցուցադրվեն հատվածներ Համբարձում Գալստյանի մասին ֆիլմից, գրական- գեղարվեստական կոմպոզիցա կներկայացվի, նախատեսված են ելույթներ, այդ թվում՝ Վլադիմիր Բարխուդարյանի, Լեւոն Աբրահամյանի, Ալեքսան Հակոբյանի, Հրանուշ Խառատյանի: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ելույթ կունենա իբրեւ ընկեր եւ ոչ թե նախագահի թեկնածու, ինչպես նաեւ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Ի դեպ, ժամանակին Համբարձում Գալստյանի շնորհիվ է շենքը տրվել Փարաջանովին, որը հետո դարձել է թանգարան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031