Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյանը Եվրամիություն է ուզում, Գագիկ Մինասյանը` դեմ չէ նաեւ Եվրասիային (Տեսանյութ)

Հունվար 25,2013 15:08

Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն, երկու դեպքում էլ այն պետք է բխի հայակենտրոն շահից: Այս հարցում համամիտ են թե’ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, թե’ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը: : Այսօր «Հենարան» ակումբում պարոն Ասատրյանն, ի տարբերություն Գագիկ Մինասյանի, տեսակետ հայտնեց, որ միանշանակ կողմ է Եվրոպական միությանն անդամակցելուն. «Ես բազմիցս ասել եմ, որ մենք հայերս մեր էությամբ եվրոպացի ենք եւ այդ որոշակի ճանապարհով չգնալը մեզ համար կործանիչ է լինելու: Այն ինչի մասին մենք խոսում ենք իբրեւ այլընտրանք` Եվրասիական միությունը, դա դեռ գոյություն չունեցող բան է, կիսատ-պռատ, ոչ այնքան տնտեսական, ինչքան քաղաքական, դեռ մինչեւ հիմա հայտնի չէ, ո՞վ է մասնակցում, ինչպես է մասնակցում: Ղազախստանը, որ այդ միության կաեւոր նախաձեռնողներից մեկն էր, այսօր արդեն կարծես արգելակներն է միացրել»:

Ըստ պարոն Ասատրյանի, Հայաստանի ապագան իր հարեւանների հետ է. «Մենք չենք կարող ապագա կառուցել մի երկրի հետ, որը մեզանից սահմանով բաժանված է, մենք չենք կարող ապրել մի միջավայրում` Թուրքիա, Ադրբեջան, որոնք ուղղակի թշնամական են: Այս պարագայում չենք կարող գնալ չբարեկամ լինելու՝ հյուսիսային մեր անմիջական հարեւան Վրաստանի հետ»:
Գագիկ Մինասյանի խոսքերով` «Վերջին քսան տարիների, վերջին քսան դարերի ընթացքում հայ ժողովուրդը կանգնած է եղել այս խնդրի առաջ: Եվ դարերի ընթացքում, երբ մենք սխալ կողմնորոշում ենք ունեցել, ապա հատուցումը չի ուշացել: Անկախությունից ի վեր մեր 3 նախագահների օրոք էլ, չնայած մեծ դժվարությունով, բայց մեր իշխանություններին հաջողվել է պահել այն ոսկե միջինը, որը թույլ է տվել իրականցնել հայակենտրոն քաղաքականություն»: Ուստի պարոն Մինասյանի համոզմամբ, այս հարցում մեր ճշգրիտ քայլը պետք է լինի «բազմավեկտոր քաղաքականություն վարելը»:
Aravot.am-ի հարցին, թե վերջին տարիներին հաճախ խոսվում է նաեւ Եվրամիության փլուզման մասին, Բագրատ Ասատրյանն ասաց. «Անցած տարիներին ավելի սուր էր դրված այդ հարցը, այն դեպքում, երբ տնտեսական աճ կար, բայց Եվրամիության անդամ համարյա բոլոր երկրները համարում են, որ այս միությունը մեծ հաջողություն է` տնտեսական, սոցիալական, մշակութային եւ շարունակելու են այս գործընթացները»:

Պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք, թե որպես իշխանության ներկայացուցիչ, ինչպիսի՞ լուծումներ արդեն ունեն բազմավեկտոր քաղաքականություն վարելու համար: Գագիկ Մինասյանի խոսքերով, իրենց մոտեցումներն ամրագրված են Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում: Երկու բանախոսների պատասխանները մեր հարցին, առավել մանրամասն` տեսանյութում.

Բագրատ Ասատրյանի կարծիքով. «Մենք միշտ փորձել ենք թեւ ու թիկունք կազմել քայքայվող կայսրություններին, բարոյական մեր պարտքը կատարել, սակայն այսօր ինքը` Ռուսաստանը հայտնի չէ, թե ինչ ապագա ունի, եկեք պարզ խոսենք, այսօր Ռուսաստանը ոչինչ չի ուզում տալ»:
Գագիկ Մինասյանը գտնում է, որ մեր երկիրն ունի բոլոր տեսակի միությունների հետ հարաբերություններ պահելու առանձնահատկություն. «Ամենակարեւորը, որ մեկի թիկունքում մյուսի հետ բանակցություններ չվարվի: Պարզ, հստակ: Եթե մինչեւ այսօր մեզ հաջողվել է փայլուն հարաբերություն ունենալ Միացյալ Նահանգների հետ եւ Իրանի հետ, Եվրամիության անդամ երկրների հետ եւ Ռուսաստանի հետ, դա բխում է հենց այն հիմքից, որի մասին ես ասում եմ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031