«Մեր մոտ բիցեպսների, փողի պայքար է»,- այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված նախընտրական ծրագրերի շուրջ բանավեճի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը: Ըստ նրա, Հրանտ Բագրատյանի ծրագիրը առարկայական է, նա ունի հեղինակություն. «Հասարակությունը հիշում է նրա պաշտոնավարումը: Շատ կարեւոր է, որ նա կրում է տնտեսագետի այն հեղինակությունը, ի տարբերություն այսօրվա իշխանությունների: Չնայած նա նախկին գործիչ է, բայց ինչ-որ ասում է, այնքան վստահ է ասում, այնքան առարկայական է ասում: Յուրաքանչյուր թիվ Հրանտ Բագրատյանը կարող է ապացուցել»:
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ահազանգին, որ դպրոցների տնօրեններին կանչում են քաղաքապետարան ու հրահանգ տալիս՝ հորդորել էր կոնկրետ ապացույցներ, անուններ տալ:
Արձագանքելով Հովհաննես Սահակյանի այդ հորդորին՝ Սոս Գիմիշյանը հակադարձեց՝ «Մենք քաղաքական գործիչներ ենք, մենք գործ տվող չենք: Դա մամուլը թող անի»:
Հովհաննես Սահակյանը, չնայած խոստացել էր «զարկը բախշել» եւ Արմեն Մարտիրոսյանի քննադատությանը չպատասխանել, այնուամենայնիվ, «հարվածեց»՝ ասելով. «Ես ընդամենը փորձում եմ քաղաքական բանսարկություններից հեռու պահել իմ գործընկերներին: Եթե ուզում են պրովոկացիաներ չանել, ուզում եմ հիշեցնել, որ բարեկամներ, էդ ձեր հին մեթոդներից հրաժարվեք»:
Կարդացեք նաև
Նա ակնարկեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 2 ամսում 3 անգամ փոշմանում է. «Ես հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ որպես արտգործնախարար եւ որպես հայրենասեր մարդ, կարծում եմ, այս անգամ էլ պիտի հետեւեք, սովորեք, երկիրը կառավարելու համար»: Արմեն Մարտիրոսյանը չհամաձայնեց. «Ես չեմ ուզում սովորել՝ ոնց անես, որ 5 տարվա մեջ 200 հազար մարդ արտագաղթի: Ես դա չեմ ուզում սովորել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ