Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Հենց նախագահ դառնամ, գյադեքին իրենց տեղն եմ դնելու»

Հունվար 25,2013 14:39

Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, արտաքին քաղաքականություն, ազգային արժեքային համակարգ. սրանք են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախընտրական ծրագրի ուղղությունները:

«Եթե Հայաստանը հարգի միջազգային պարտավորություններով ընդունված օրենքները, ապա մարդու իրավունքների հարցերում խնդիրներ չենք ունենա: Բացակայում է քաղաքական կամքը, որովհետեւ օրենքներն ու միջազգային պարտավորություններն ունենք: Բայց դրանով հանդերձ չենք կարողանում անցնել եվրոպական մակարդակի»,-  այսօր «Փաստարկ» ակումբում իր ծրագրի մարդու իրավունքների դրույթները համառոտ ներկայացրեց պարոն Հայրիկյանը:

Նախագահ դառնալու դեպքում, պարոն Հայրիկյանն ասաց, որ անմիջապես աշխատանքներ է  սկսելու  բոլոր քաղաքական ուժերի հետ ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հարցում.«Մի քանի ամսից մեկ տարվա ընթացքում կիրականացվի Սահմանադրության բարեփոխման հանրաքվե: Դրան կհաջորդի ընտրական օրենսգրքի համապատասխանեցումը բարեփոխված Սահմանադրությանը: Ըստ այդ դրույթների հիման վրա Ազգային ժողովը կդադարեցնի իր գործունեությունը, կկազմակերպվեն ազգային ժողովի եւ վարչապետի նոր ընտրություններ, որից հետո հրաժարական կտա նաեւ նախագահը»:

Պարոն Հայրիկյանը նախատեսել է նաեւ Սահմանադրության մեջ ամրագրել ընտրողների ձայների 10 տոկոսի ստորագրությամբ հանրաքվե կազմակերպելու իրավունքը, Ազգային ժողովի պատգամավորների թիվը 81-ի հասցնելը, ԱԺ ընտրությունները 2-3 տարին մեկ կազմակերպելն ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հաճախականությունը մեծացնելը: Պարոն Հայրիկյանի գնահատմամբ, իր այս նախաձեռնությունը կնպաստի Հայաստանի ժողովրդավարական երկիր դառնալուն. «Հայաստանը կդառնա աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, կբարձրանա  միջազգային վարկը: Ես պետք է վերջ տամ ռոբինհուդյան մտածելակերպին, որ հարուստներից հավաքում ենք տալիս ենք աղքատներին:

Հարստահարված հարուստները ումի՞ց պետք է հետո հավաքեն իրենցից  վերցված գումարները»:

Նա նաեւ վստահ է, որ  ընտրությունների 2-րդ փուլ չի լինի, եթե  որոշ ընդդիմադիր թեկնածուներ միասնական ճակատով հանդես գան ու կապ չունի, թե ում շուրջ կհամախմբվեն:

Նա նաեւ ասաց, որ իրենց հարցումների համաձայն, մինչեւ քարոզարշավը ցածր վարկանիշ է ունեցել.«Որովհետեւ մարդիկ չգիտեին՝ մասնակցելու եմ ՝ թե ոչ: Հիմա իրավիճակն այլ է, հիմնական թեկնածուներից մեկն եմ»:

Պարոն Հայրիկյանը նաեւ դժգոհեց, որ քարոզարշավն անցկացնելու համար իր թիմակիցները մարզերում խոչընդոտների են  հանդիպել. «Խոչընդոտներ ենք ունենում Արմավիրում, ասում են՝ հունվարի 28-ը տոն է, չենք կարող դահլիճ տրամադրել: Ես ասում եմ՝ գյադեք էս կողմ կանգնեք, երբ նախագահ դառնամ՝ բոլոր գյադեքին իրենց տեղն եմ դնելու»:

Այսօր նրա թիմակիցները Արարատի մարզ են մեկնելու՝ նրա քարոզչությունն անելու:

Արփինե Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031