Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի էներգիայի «գաղտնիքը» (Տեսանյութ)

Հունվար 25,2013 13:48

Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը «Ուրբաթ» ակումբում լրագրողներին ներկայացավ շատ բարկացած, մեզ բոլորիս համար անսովոր կերպարով: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ո՞ւր է այն ժպտացող Րաֆֆին, փոխվել է: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքն ապրում է բոլոր 4 եղանակներով. «Սա էլ եմ ես: Սա խաղ չէ ինձ համար, կուսակցախաղ չէ»:

Քարոզարշավի այս 4 օրերի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ապացուցեց լրագրողներին, որ որքան էլ սովոր են վազքի մեջ աշխատել, բայց լավ մարզավիճակում չեն, քանի որ հնարավոր չէր հասցնել նրա հետեւից վազել: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ունե՞ք ինչ-որ բաղադրատոմս, որտեղի՞ց է Ձեր էներգիան, առավոտյան ձո՞ւ եք խմում, ի՞նչ եք անում: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինձ համար սա սիրո պայքար է, սիրո ճանապարհ է, ես չեմ ամաչում այս սիրուց՝ հայրենիքի եւ քաղաքացու նկատմամբ: Այդ սերն է, որն ինձ համար շատ ավելի թանկ է, քան ցանկացած նախաճաշ»:

Այսօր «Թեղուտի պաշտպանության» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որտեղ կոչ էր արել նախագահի թեկնածուներին հետեւել Անդրիաս Ղուկասյանի օրինակին եւ Հանրային հեռուստաընկերությանն իրենց հասանելիք անվճար եթերաժամը տրամադրել քաղաքացիներին, քանի որ վերջիններս չունեն նման հնարավորություն: Այս առնչությամբ հարցին, թե պատրա՞ստ է ինքը տրամադրել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ Սերժ Թանկյանը զորակցում է ինձ՝ առաջին հերթին բնապահպանական մոտիվներով: Պատրաստ եմ կիսել այդ սակավաթանկ հնարավորությունը:

Նորից անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ նախագահի թեկնածուն ասաց. «Նախարարը, վարչապետը չպետք է լինի որեւէ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Պիտի ապակուսակցականացվի գիտխորհուրդը, ուսխորհուրդը: Պետք է ազատ խոսք, ազատ բանավեճ, ինքնավստահ, հավասար դաշտ պիտի ստեղծվի՝ նախագահական ընտրություններին: Ես պետք չուեմ, որ դառնամ նախագահ, արտգործնախարար, որ կարողանամ ուսանողներին հանդիպեմ, տեսակետս ներկայացնեմ, բանավիճեմ: Ես բանավեճ անելու իրավունք ունեմ ընդհանրապես եւ հատկապես՝ այս 25 օրերի ընթացքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031