Թուրք պատվիրակ Ղուլսուն Բիլղեհանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երեկվա նիստում քննադատեց Հրանտ Դինքի սպանությունը: Նա պատմեց, թե լրագրողի դուստր է, և իր հայրը երկու տարի բանտում է անցկացրել՝ կառավարությանը քննադատելու համար: Այնուհետև շեշտեց. «Դա հիսուն տարի առաջ էր, բայց իրավիճակը շարունակում է նույնը մնալ, այսպես կոչված, քաղաքակիրթ անդամ-երկրներում: Որոշ երկրներում իշխանությունները աչք են փակում լրագրողների նկատմամբ բռնությունների վրա: Նույնիսկ չի պահպանվում անմեղության կանխավարկածը: Լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները տեղի են ունենում նաև այլ կերպ՝ գրաքննություն, լրատվամիջոցների վրա այնպիսի հարկեր են դնում, ինչը հանգեցնում է ԶԼՄ-ների փակման»: Խոսելով թուրքական հեռուստաալիքների մասին, որոնք հեռարձակվում են Բալկաններում , ՌԴ-ում և Եվրոպական երկրներում, թուրք պատվիրակը հայտարարեց, թե վարչապետի հրահանգով կարող են ռեպորտաժները փոխվել ու վերախմբագրվել: Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար, ըստ պատվիրակի՝ ոստիկանությունը, ռադիոն և հեռուստաընկերությունը պետք է կառավարությունից անկախ ու պաշտպանված լինեն:
Այնուհետև թուրք պատվիրակն անդրադարձավ Թուրքիայում լրագրողների սպանություններին ու նշեց. «Հունվարը մռայլ ամիս է: Հայտնի լրագրող Ուգյուր Մումցուն Թուրքիայում սպանվել է 20 տարի առաջ այս օրը: Էթնիկ հայ լրագրող Հրանտ Դինքը ևս սպանվել է հունվարին: Ես մասնակցում էի ԵԽԽՎ նստաշրջանին, երբ այդ դեպքը Թուրքիայում տեղի ունեցավ: Հանցագործն այդպես էլ չբացահայտվեց, այսպես էլ Հրանտ Դինքի սպանության գործի վրա լույս չսփռվեց, չնայած սպանության անմիջական հանցագործը գտնված է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ