Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարացում»՝ Գարի Քեսայանի առաջ

Հունվար 25,2013 13:35

Կարծիք կա, թե հայ հանդիսատեսը ընտրյալ կամ «մոդայիկ» համերգներին, այս դեպքում՝ ջազային, հաճախում է ոչ այնքան լսելու, որքան իրեն ցուցադրելու համար: Այսօր Հայաստանում գործում են տարբեր ոճի եւ ուղղությունների ջազային խմբեր, այդ թվում՝ «Time Report» էթնո-ջազ կվինտետը, «Katuner» ջազ-ռոք սեպտետը, «Chiko & Friends» քառյակը, «Art Voices» խումբը, «Armenian Navy Band»-ը եւ այլն: Երեւանյան ջազ ակումբներում կայանում են նաեւ միջազգային փառատոներ, հյուրընկալվում են արտերկրյա անվանի կատարողներ, գործում է նաեւ «Ռադիո ջազ» ռադիոկայանը:

Ամանորի նախօրյակին «Ուլիխանյան» ջազ ակումբում առաջին անգամ ներկայացավ «FOUR SEASONS JAZZ BAND»-ը, որի մեներգչուհի Սոնա Ումրոյանը ծանոթ է ջազային երաժշտության հայ երկրպագուներին ճանաչված ջազմեն Գարի Քեսայանի կվարտետից: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության անմիջական հրահանգով, դեռեւս 1938թ. ստեղծվեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ եւ Ցոլակ Վարդազարյանի խմբավարությամբ:

«Առավոտի» հետ զրույցում Սոնան ներկայացնելով «FOUR SEASONS JAZZ BAND»-ը, ասաց, որ երաժիշտները՝ Գարիկ Հայրապետյանը (ստեղնաշարային գործիքներ), Արմեն Հովակիմյանը (կոնտրաբաս), Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ) պրոֆեսիոնալներ են, հավելելով, թե խմբի ստեղծումը իր մտահղացումն է: Հավանաբար Քեսայանի մոտ «արդարանալու» համար նշեց, որ հատկապես ջազ վոկալիստը տեղում չդոփելու նպատակով պետք է համագործակցի տարբեր ձեռագիր ունեցող խմբերի հետ: Մեր զրուցակիցը չթաքցրեց, որ հետագայում հնարավոր է՝ ներկայանա նաեւ սեփական ստեղծագործություններով: Նաեւ ասաց, որ թեեւ իրենք նպատակ ունեն հնչեցնել տրադիցիոն ջազ (Դյուք Էլինքթոն, Թելոնիուս Մոնկ, Չարլի Փարքեր եւ այլն), այդուհանդերձ էքսպերիմենտներ են անում արդեն՝ ճանաչված երկերին հաղորդելով նոր շունչ ու գույն:

Դիտարկմանը, թե ջազային երգը անհնար է ներկայացնել առանց թեկուզ չնչին կրկնօրինակման, Սոնան պատասխանեց, որ ժամերով լսում է մեծանուն ջազմենների կատարումները, սակայն աշխատում է իրենը «ներմուծել»: Ասաց, որ տարված է հատկապես Արետա Ֆրանկլինի կատարումներով:

Հետաքրքրվեցինք՝ առաջին համերգից հետո մասնագետների կողմից ի՞նչ կարծիքներ են հնչել: Սոնան ասաց, որ վաղը «Նարեկացի» արվեստի միությունում կայանալիք համերգին այդ նպատակով հրավիրել են Գարի Քեսայանին, Վահագն Հայրապետյանին, Մարտին Վարդազարյանին, Արմեն Թութունջյանին, Երվանդ Երզնկյանին, Էմմա Պետրոսյանին, Արամոյին եւ մյուսներին:

Տեղեկանալով, որ Սոնան ուսանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի մագիստրատուրայում, դոցենտ Էմմա Պետրոսյանի դասարանում, խնդրեցինք երգչուհու մասին նրա կարծիքը: «Սիրում եմ աշխատասեր, նպատակասլաց մարդկանց, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում: Այդպիսին է Սոնան, ով արդեն մի քանի տարի է, ինչ հանդես է գալիս տարբեր համերգներում՝ համագործակցելով տարբեր խմբերի հետ: Իսկ կոնկրետ ջազ մատուցելու առումով, իհարկե, կա ազդեցություն, ինչը չի նշանակում կրկնօրինակել: Սոնան ունի հարուստ ներաշխարհ, որտեղ կարողանում է հյուսել ու հրամցնել սեփական ասելիքը»,- ասաց Էմմա Պետրոսյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031