Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դադարեցվել է Վալերիկ Հարությունյանի փախստականի կարգավիճակը

Հունվար 25,2013 13:21

Վալերիկ Սերգեյի Հարությունյանի փախստականի կարգավիճակը դադարեցնելու գործում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը (ՄՊԾ) հիմք էր ընդունել 1999 թվականի «Փախստականների մասին» օրենքի 2004 թվականի խմբագրումը, որով սահմանվում էր, թե փախստական երեխաները կորցնում են իրենց փախստականի կարգավիճակը, եթե ծնողները ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Վալերիկի հայրը 16.07.2003 թ. ստացել է ՀՀ քաղաքացու AF0710312 սերիայի անձնագիր, իսկ մայրը՝ 09.07.2003թ. AF0710297 սերիայի անձնագիր: Վալերիկը նույն ՄՊԾ-ի տված տեղեկանքի շնորհիվ ստացել է Փ012980 փախստականի վկայական, այդուհետեւ ճամփորդական փաստաթուղթ (AA002810): Կարգավիճակը դադարեցվել է օրենքի խմբագրումից 8 տարի հետո, երբ «Փախստականների մասին» օրենքն արդեն ուժը կորցրած է համարվել եւ այդ օրենքին փոխարինելու է եկել 2009 թվականից ուժի մեջ մտած «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը, որի 64-րդ հոդվածը կարգավորում է իրավահարաբերությունները: Վալերիկը ծնողների հետ բռնագաղթվել է Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն 1988 թվականին, դիմել է պետական լիազոր մարմնին եւ սահմանված կարգով լրացվել է «Հաշվառման թերթիկ», տրվել «Փախստականի ընտանիքի քարտ», «Փախստականի ընտանիքի վկայական», այդուհետեւ՝ «Փախստականի վկայական»:

Փախստականի կարգավիճակը վերականգնելու խնդրով Վալերիկը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Նախնական դատական նիստը կայացել էր դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ: Նախնական դատական նիստն անցկացվել է առանց պատասխանող կողմի ներկայության, որի համար դատավոր Կարեն Ավետիսյանը կայացրել է որոշում, թե պետք է պարտավորեցնի ՄՊԾ-ին ապահովել պատասխանող կողմի ներկայությունը:

Նշանակվել է դատական քննություն 26.02.2013 թվականին:

Դատական նիստի ժամանակ հայցվոր Վալերիկ Հարությունյանի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը ներկայացրեց գործի նախապատմությունը: Ինչպես նշում է Աշխեն Եսայանը՝ Վալերիկի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին. «Եթե նույնիսկ ընդունենք, որ Վալերիկը ՀՀ-ում չի կարող փախստական ճանաչվել ծնողների քաղաքացիություն ընդունելու պատճառով, ապա ցանկանում եմ ընդգծել, որ տվյալ իրավահարաբերությունը առաջացել է 2003 թվականին, այսինքն՝ մինչեւ 03.03. 2004 թվական օրենքի փոփոխությունը, իսկ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը սխալ է մեկնաբանել 03. 03. 2004 թվականի օրենքի փոփոխությունը: Այսինքն, յուրաքանչյուր դեպքում օրենքի մեջ որեւէ փոփոխություն կամ լրացում կատարելիս օրենսդիրը նշում է կարգավորվող իրավահարաբերությունների շրջանակը, ինչպես նաեւ անցումային դրույթներում նշում է, թե, արդյոք, այդ նորմերը տարածվո՞ւմ են մինչ այդ ծագած իրավահարաբերությունների վրա, թե՞ ոչ: Տվյալ դեպքում փոփոխությամբ եւ լրացմամբ չի սահմանվել, որ նախատեսվող նորմերը տարածվելու են մինչ այդ ծագած իրավահարաբերությունների վրա»:

Վալերիկն ապրում է Բյուրեղավան քաղաքում, ծնողների հետ միասին: Նա անհանգստացած է կարգավիճակի հարցով, քանի որ դա իրեն անհրաժեշտ է, որպեսզի կարողանա ունենալ լիարժեք իրավունքներ՝ ազատ տեղաշարժվելու հարցում: Վալերիկի փախստականի կարգավիճակը նրա պետականորեն հաստատված իրավունքն է, առանց որի նա կկորցնի անձնագիրը, որն էլ իր հերթին կայանում է նրա անձը հաստատող միակ փաստաթուղթը: ՄՊԾ-ն տարիներ շարունակ տրամադրել է իրեն այդ կարգավիճակը, իսկ այժմ նույն ՄՊԾ-ն հերքում է, որ դա տրամադրել է օրենքի սահմաններում, որի հետեւանքով միակ տուժողը հենց ինքը՝ Վալերիկն է. «Ինչպես կարող են տրամադրել կարգավիճակ եւ այդուհետեւ դադարեցնել կարգավիճակը՝ թողնելով առանց որեւէ իրավունքի: ՄՊԾ-ի կայացրած որոշումն իմ փախստականի կարգավիճակը դադարեցնելուն՝ ամբողջովին հակասում է իրենց իսկ կողմից տարիներ շարունակ ինձ տրամադրած կարգավիճակին»,- մեր զրույցի ժամանակ ասաց Վալերիկը:

Թե ինչ ավարտ կունենա Վալերիկի հայցը վարչական դատարանում եւ թե ինչ որոշում կկայացնի դատարանը նրա փախստականի կարգավիճակը վերականգնելու հարցում, դեռ հայտնի չէ, սակայն Վալերիկը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության 28.09.2012 թ. թիվ Մ-162/12-Փ որոշումը՝ կարգավիճակը դադարեցնելու հարցում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031