Ընտանեկան նպաստի համակարգը բարեփոխելուց հետո նպաստառու քաղաքացին հաշվառված հասցեից օրերով բացակայելու իրավունք չունի: Նա չի կարող իր տանը երկարաժամկետ հյուրեր էլ ընդունել: Երկու դեպքում էլ նպաստից կզրկվի, ինչպես որ զրկվել է Շենգավիթ համայնքի բնակիչ Արտավազդ Սարգսյանը: Նա 2-րդ կարգի հաշմանդամ է, միայնակ անժառանգ: Նպաստառու դառնալու «չափանիշներին» Ա. Սարգսյանն իր միավորներով միանգամայն բավարարում է, սակայն պետությունը նրա «փարոսը» կտրել է՝ պատճառաբանելով, որ նա հաշվառված՝ Շիրակի 18/40 հասցեում չի բնակվում:
«Ես ազատ մարդ եմ ու հիվանդ, որտեղ ինձ խնամող կա, այնտեղ էլ գնում եմ: Ի՞նչ է, Սահմանադրությունն ասում է՝ գնա նստի տունդ ու մի շարժվի՞,- «Առավոտին» դժգոհում է արդեն քանի ամիս նպաստից զրկված քաղաքացին:- Այլ հասցեում բնակվելով՝ իմ կարգավիճակը չի փոխվում: Ես ստանում եմ 26 հազար դրամ թոշակ եւ ստացել եմ 16 հազար դրամ նպաստ: 32 հազար դրամով ե՛ւ պետք է սնվեմ, ե՛ւ դեղորայք գնեմ, լույսի, ջրի, գազի փող մուծեմ: Իսկ ձմռան ամիսներին այդքան գումարը միայն կոմունալ վարձերն են կազմում: Ստիպված ծանոթիս մոտ եմ մնում, որ կարողանամ ձմռան ցրտերին դիմանալ: Նպաստից զրկելով՝ ինձ թողել են միայն թոշակի հույսին, իբրեւ թե նրանք այնտեղ նստած են մեզ օգնելու համար, սակայն ամեն ինչ անում են, որ մեր կյանքը դժվարացնեն»:
«Քաղաքացին պետական նպաստի իրավունք ունի ստանալու, եթե նույն վայրում բնակվում է եւ հաշվառված է այդ հասցեով: Արտավազդ Սարգսյանի պարագայում ճիշտ է՝ նա այդ հասցեում գրանցում ունի, բայց այդտեղ չի բնակվում: Այդ հարցը բազմիցս նրան բացատրվել է»,- մեզ հետ զրույցում ասաց Շենգավիթի սոցիալական տարածքային ծառայության պետ Ռուզաննա Կռունկյանը: Քաղաքացի Սարգսյանի խնդրին թե՛ ծառայությունում եւ թե՛ Երեւանի քաղաքապետարանում լավ տեղյակ են: Ինչպես տիկին Կռունկյանն է ասում, մի քանի անգամ այցելել են Արտավազդ Սարգսյանի տուն, որպեսզի ստուգեն՝ նա բնակվո՞ւմ է նպաստի համար հաշվառված հասցեում, թե՞ ոչ: Ըստ ծառայության պետի՝ «Նրա հաշվիչների ցուցմունքներն էլ են փաստել, որ նա տանը չի լինում: Դրանք զրոյական են եղել: Մեզ համոզելու համար, թե իր տանն է ապրում, Արտավազդ Սարգսյանը մուծումներ է արել, ասենք՝ լույսի կամ ջրի համար, բայց ջրաչափի կամ լույսի հաշվիչի ցուցմունքը զրո է»: Քաղաքապետարանի հանձնաժողովը Ա. Սարգսյանին «բռնացրել» է Նոր Նորքի մի հասցեում, որտեղ նա ներկայումս ապրում է:
«Մենք ընդունում ենք, որ ինքը կարիք ունի աջակցության, բայց օրենքի կետ չենք կարող խախտել: Ինքը պետք է ընդառաջ գնա օրենքին, եւ որտեղ որ ապրում է ներկայումս՝ կամ այնտեղ հաշվառվի, կամ ապրի այնտեղ, որտեղ հաշվառված է, գրանցում ունի, տնտեսություն վարի եւ այլն: Իրեն այդ ամենը բազմիցս բացատրվել է, բայց Արտավազդ Սարգսյանը չի ուզում դա ընդունել: Այդ 16 հազար դրամ նպաստը ինքը կարող է ստանալ նաեւ, եթե Նոր Նորքում հաշվառվի»,- ասաց Ռ. Կռունկյանը:
Կարդացեք նաև
«Առավոտի» հարցին, թե գուցե այլ հասցեում հաշվառվելու դեպքում անապահովության միավորները չհամապատասխանեն, եւ քաղաքացուն հիմա էլ պատճառաբանեն, թե միայնակ չես, եւ մերժեն նպաստ տալ, տիկին Կռունկյանն ասաց. «Քաղաքացուն կարող ենք ընդառաջ գնալ, եւ եթե ինքը Նոր Նորքում հաշվառվի, կարող են դիմել դրամական օգնության համար, մեկ այլ դեպքում էլ, եթե այդ ընտանիքի, որտեղ որ նա ապրում է փաստացի, բոլոր փաստաթղթերը հաշվառեն, եւ միավորը սահմանված կարգի 30.01-ից ցածր լինի, նման ընտանիքներին ցանկացած ծառայություն եռամսյակային դրամական օգնություն է տալիս: Սակայն նա պահանջում է եւ պնդում, որ Շիրակի հասցեի հաշվառումով ստանա, բայց, ցավոք սրտի, դա օրենքը թույլ չի տալիս, թույլ կտա միայն այն ժամանակ, եթե ինքը կգա այնտեղ ապրելու»:
«Մնամ տանս մեջ՝ սառչե՞մ, ինձ որեւէ մեկը չխնամի, ինչ է թե՝ նպա՞ստ են տալիս: Սենց հիմար օրենքներ միայն մեր երկրում կհանեն: Գոնե մտածե՞լ են այդպիսի մարդկանց մասին, որ օրենքը գրել են»,- վրդովվում է Ա. Սարգսյանը:
Նպաստառուների նկատմամբ այդպիսի խիստ պայմաններ սահմանելը սոցիալական ոլորտի պատասխանատուները բացատրում են այս ոլորտում կոռուպցիան նվազեցնելով: Նպաստառուների ցուցակները կեղծ անապահովներից մաքրելու համար «նպաստի տեսուչները» պարբերաբար այցելում են նպաստառուի հաշվառման հասցե եւ սեփական աչքով տեսնում, թե նպաստառուն պատահաբար «Բաքսի», ավտոմատ լվացքի մեքենա կամ այլ թանկարժեք իր չի՞ գնել կամ էլ՝ հո դռները չի՞ կողպել եւ տեղափոխվել հարուստ բարեկամի տուն եւ պետությունից պարզապես գումարներ է «կլպում»: «Պետական նպաստների մասին» օրենքով հստակ ասվում է, որ ընտանեկան նպաստ նշանակվում է այն աղքատ ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ընտանիքի անապահովության սահմանային միավորից: Իսկ ընտանիքի աղքատությունը բնութագրող ցուցանիշներն ընտրվում են՝ հաշվի առնելով տնային տնտեսությունների բյուջեների ընտրանքային հետազոտությունների տվյալները: Տվյալ դեպքում ընտանիքը իր տանը կապրի, թե ձմեռը հանելու համար՝ բարեկամի, աղքատ ընտանիքի կարգավիճակը չի փոխվում, եւ նրա բյուջեն չի ավելանում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ