Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մտածող մարդկանց համար

Հունվար 25,2013 13:09

Երեկ հնարավորություն ունեի շփվելու ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ, եւ այդ շփումը ա) ավելացրեց իմ լավատեսությունը, բ) համոզեց, որ մենք թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ոլորտներում առաջ ենք գնալու միմիայն մտածող մարդկանց շնորհիվ: Այդպիսի մարդիկ կան, անշուշտ, նաեւ իշխանական ճամբարում, բայց նրանք փոքրամասնություն են կազմում: Մեծամասնություն են նրանք, ովքեր ընդհանրապես ունակ չեն մտածելու եւ կարող են միայն փող հաշվել: Կան նաեւ այնպիսիք, որոնք տեսականորեն զուրկ չեն մտածելու ունակությունից, սակայն միտումնավոր մտել են ուղղափառ դոգմատիզմի մեջ, եւ այդ պատյանում իրենց զգում են բոլոր տեսանկյուններից հարմարավետ՝ «մեր առաջնորդի իմաստուն ղեկավարությամբ» եւ այլն: Այդ երկրորդ տեսակը գերակշռող է նաեւ ընդդիմության շարքում, եւ այս դեպքում պատճառը ոչ այնքան դոգմատիզմի հարմարավետությունն է, որքան մտքի ծուլությունն ու ինքնուրույնության պակասը: «Քառակուսի» դոգմատիզմն ազատում է որեւէ անձնական պատասխանատվությունից:

Այդ առումով Հրանտ Բագրատյանի՝ որպես նախագահի ինքնուրույն թեկնածուի առաջադրումը մեկ քայլ առաջ է: Նա, ինչպես եւ նրա թիմի անդամներն ու նրան սատարողները (այդ թվում՝ նույն Հովհաննես Իգիթյանը) խոսում են խիստ ընդդիմադիր դիրքերից, բայց զուտ քաղաքական լեզվով՝ առանց փողոցային «հավելումների»: Գուցե նրանց ասածները զանգվածային էքստազ չեն առաջացնում, որովհետեւ չեն պարունակում բանտ նստեցնելու եւ ունեցվածքը խլելու սպառնալիքներ, որոնք յուղ են լցնում մեր բնակչության մեծ մասի սրտին: Բայց ակնհայտ է, որ Բագրատյանն իր ծրագրի վրա մտածել է ոչ թե մի քանի ամիս՝ նախագահ առաջադրվելու նպատակով, այլ մի քանի տարի՝ մեր երկրի վիճակի դիտարկման, մտահոգության եւ տարբեր երկրների փորձը ուսումնասիրելու հիման վրա:

Որպես դրա հետեւանք՝ Բագրատյանը ոչ թե առաջարկում է «վատ տղաներին» փոխարինել «լավ տղաներով», այլ ստեղծել մեխանիզմներ, ինստիտուտներ, որոնք կնպաստեն ժողովրդավարությանը, օրինականությանը եւ տնտեսական առաջընթացին: Օրինակ՝ «Երեւանի քաղաքապետը պետք է ընտրվի երեւանցիների կողմից՝ ուղղակի ընտրությունների միջոցով»։ Կամ՝ «Առաջին ատյանի բոլոր դատավորներն ընտրվում են ժողովրդի կողմից, իսկ վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահներին նշանակում է ՀՀ նախագահը` Սահմանադրությամբ նախատեսված կարգով։ Բացի այդ, Հայաստանում ներմուծվում է մրցակցային դատարանի ինստիտուտը»։ Կամ՝ «Պետական գերակա շահի կամայական կիրարկումն իշխանությունների կողմից պետք է արգելվի։ Մասնավոր սեփականության իրավունքի կասեցումը գերակա շահ հասկացության տակ թույլատրելի պետք է լինի միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքում (համայնքում) անցկացվել է հանրաքվե»։

Գուցե դրանք իդեալական լուծումներ չեն, բացառված չէ նաեւ, որ շատ սխալ առաջարկներ են: Բայց դրանք հնարավորություն են տալիս մտածելու: Ինչը մեզանում պակասում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031