Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չի կարելի հանդիպել կասկածելի ընկերներ ունեցող տղաների հետ». Անիի համոզմունքը

Հունվար 25,2013 13:34

Երբ հանկարծ հանդիպում ես տխուր իրականությանը, հասկանում ես, որ ոչինչ էլ քո պատկերացրածի նման չէ, ժամանակն է հանել վարդագույն ակնոցն աչքերից:

Անիին էլ  իրականությունը զրկեց ամեն ինչ գեղեցիկ պատկերացնելու ունակությունից, հատկապես, որ այդ գեղեցիկը կապված էր իր սիրելիի՝ Սամվելի հետ: «Մեկ տարի էր, ինչ ընկերություն էինք անում, բայց թվում էր` իրար ճանաչում ենք դեռ մանկուց. մեկս մյուսի սովորությունը, մեկս մյուսի նախասիրությունն ու ցանկությունը… անգիր էինք արել, – պատմում է Անին, – մեզ համար չկար մի օր, որ շնորհակալություն չհայտնեինք իրար՝ միմյանց կողքին լինելու համար և չկար մի օր, որ հավերժ իրար հետ լինելու խոստում չտայինք»: Բայց խոստումները միշտ չէ, որ իրականացվում են, Անիի ու Սամվելի պատմությունն էլ է դա փաստում: Ամեն ինչ լավ էր մինչև այն պահը, երբ իմացան, որ Սամվելը պետք է գնա զինվորական ծառայության: Ինչպես Անին է ասում՝ իրենք չէին կարող առանց իրար ձայնը լսելու ու իրար տեսնելու ապրել թեկուզ մեկ օր, և նա չէր պատկերացնում` ի՞նչ է անելու առանց Սամվելի, բայց որոշումը որոշում է, հայրենիքի հանդեպ պարտքը կատարելն էլ՝ յուրաքանչյուր տղայի պարտականություն: «Նրա գնալուց հետո շաբաթներ շարունակ չէի կարողանում քնել, ինձ վատ էի զգում, թուլություն ունեի, հատկապես, երբ օր էր լինում, որ չէր զանգում, ամբողջ գիշեր չէի քնում, ես իհարկե հասկանում էի, որ միշտ չի կարող զանգել, բայց միևնույն է, դժվար փուլ էր ինձ համար նրա բացակայությունը հաղթահարելը», – պատմում է Անին: Ժամանակի ընթացքում կարծես թե ամեն ինչ իր տեղն էր ընկնում, բայց մի «գեղեցիկ» օր  լուրջ վեճ ունեցան, Անիի խոսքով՝ Սամվելը սկսել էր անիմաստ խանդի տեսարաններ սարքել, իսկ դա նյարդայնացնում էր իրեն, ասում է. «Ես ինձ վատ էի զգում, երբ Սամվելն անտեղի մեղադրում էր ինձ, սկսել էր նույնիսկ արգելել տնից դուրս գալ, իսկ դա, իհարկե, անընդհատ վեճեր էր ստեղծում, չնայած ես փորձում էի միշտ հասկանալ նրան, մտածելով, որ կողքիս չէ, անհանգստանում է ինձ համար, բայց նրա խանդն արդեն անտանելի էր դառնում»: Մի օր էլ եղբոր (մորաքրոջ տղայի, ով նոր էր եկել բանակից-հեղինակ) հետ փողոցում քայլելիս Անին պատահաբար հանդիպում է Սամվելի մտերիմ ընկերոջը՝ Վարդանին, ով առանց նույնիսկ բարևելու, անտարբերություն ցույց տալով՝ անցնում է: Վարդանի պահվածքը Անիին մտածելու տեղիք է տալիս, բայց այդպիսի պահվածքի պատճառն էլ չի գտնում: Հաջորդ օրը Անիին է զանգահարում Սամվելը. «Հեռախոսն ականջիս դնելուն պես լսում եմ. «Հետո էլ ասում ես խանդելու պատճառ չունեմ»,  չեմ հասկանում՝ ի՞նչ  նկատի ունի, խնդրում եմ, որ բացատրի՝ ինչո՞ւ է բարկացած, իսկ նա ասում է. «Քեզ հիմարի տեղ մի դիր, կարող էիր անկեղծ լինել ու ասել, որ նոր ընկեր ունես, երեկ Վարդանը տեսել է ձեզ միասին, ինձ էլ թվում էր՛ նորմալ աղջիկ ես», այս ամենը լսելուց հետո ինձ էլ ոչինչ չէր մնում անել, քան անջատել հեռախոսը, ես էլ ուժ չունեի ասելու նրան, որ այդ տղան իմ եղբայրն է, ով բանակից նոր է եկել», – պատմում է Անին: Այդ խոսակցությունից հետո Անիի համար ամեն ինչ ավարտվում է, բայց նա չէր էլ կարող պատկերացնել, որ մի նոր «անվերջություն» է սկսվելու: Մեկ ամիս էլ չկար, ինչ Անին ու Սամվելը չէին խոսում միմյանց հետ, երբ սոցիալական կայքերոից մեկով Անիին նամակ է գալիս հետևյալ գրությամբ. «Անի, ես հասկանում եմ, որ սխալ եմ վարվել, երբ ասել եմ Սամվելին, որ այն տղան, ում հետ ես քեզ տեսել էի՝ քո ընկերն է, ես հասկանում եմ, որ ուրիշի դժբախտության վրա երջանկություն չեն կառուցում, բայց ինձ ճիշտ հասկացիր, ես այլ ելք չունեի, էլ չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մի օր դու ու Սամվելը կարող եքմիասին լինեք, Անի, ես սիրել եմ քեզ, և հիմա էլ եմ սիրում, ինձ կներես»: Այս նամակն, իհարկե, Սամվելի ընկերը՝ Վարդանն էր ուղարկել Անիին. «Ես ապշած էի, – ասում է Անին, – հասկացա, թե որքան եմ ատում այդ տղային, ինչ – որ տեղ խղճացի նաև Սամվելին, որ նման ընկեր ունի»: Հետո Անին սթափվում է, գիտակցում կատարվածը և փորձելով հնարավորինս զուսպ արտահայտվել՝ պատասխան նամակ է ուղարկում, որում գրում է. «Քեզ նման անսիրտ մարդը զուրկ է զգացմունքներից, ատում եմ քեզ ամբողջ հոգով, դու մարդ կոչվելու իրավունք չունես, էլ ու՞ր մնաց ընկեր լինես Սամվելի համար»:

Անցնում են ամիսներ, այդ ընթացքում Անին ոչ Սամվելից է լուր ունենում, ոչ էլ Վարդանից: Բայց մի օր նա, դուրս գալով աշխատավայրից,մուտքի մոտ հանդիպում է իրեն սպասող Սամվելին (ժամեր առաջ էր զորացրվել). «Չեմ կարող բացատրել ինչ էի զգում. և՛ կարոտ էր, և՛ հիասթափություն, – ասում է Անին, – Սամվելը սկսեց խոսել՝ թույլ չտալով ինձ բառ անգամ ասել, խնդրում էր ներել  իրեն, հավատացնում էր, որ Վարդանն է ամեն ինչում մեղավոր, և որ նրան վաղուց արդեն իրեն ընկեր չի համարում»: Սամվելը զղջացել էր կատարվածի համար, բայց Անին արդեն հիասթափվել էր նրանից, և Սամվելի անկեղծ խոսքերն ու խնդրանքները ոչինչ չփոխեցին. «Ես էլ չէի կարող նրա կողքին լինել, մի բան, երբ կոտրում ես էլ չի վերականգնվում», – ասում է Անին: Այդ պահին էլ շտապել է հեռանալ այդտեղից՝ խնդրելով Սամվելին այլևս չանհանգստացնել իրեն, սակայն մինչ հեռանալը հասցրել է ասել. «Այս դեպքից հետո ես հասկացա, որ չի կարելի հանդիպել կասկածելի ընկերներ ունեցող տղաների հետ»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031