Հատված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հարցազրույցից:
– Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզչությունը հստակ տարբերվում է մյուսներից՝ մեր քաղաքականությանը «խորթ» տարրերով։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի հրաժարվում դահլիճային հանդիպումների պրակտիկայից ու չի կիրառում անմիջական շփման «տեխնոլոգիան»։
– Ես դեմ չեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նման կերպ է իրականացնում իր քարոզչությունը։ Ուզում է ասել ես հասարակ թեկնածու եմ։ Բայց Սերժ Սարգսյանը չի կարող փողոցով ման գալ և մարդկանց ձեռքով բարևել։ Ի վերջո, նա հանրապետության նախագահ է, և նախագահը երկրի խորհրդանիշն է, սահմանադրության երաշխավորը, գերագույն հրամանատարը, չի կարող փողոցներով այդպես ման գալ։ Այսինքն, մենք ընտրել ենք քարոզչության դասական ձևը ՝ դահլիճային մասսայական հանդիպումներ, ծրագրերի ներկայացում։ Նախագահը մի քիչ սոլիդ ձևով պիտի քարոզչություն անի։ Ժողովրդավարությունը ոչ մի ձևով չի արգելում այս երկու տիպի քարոզչությունը։ Մենք անգամ չենք նախատում այն թեկնածուներին, ովքեր առաջադրվելուց հետո հոխորտում են, թե կհանենք թեկնածությունը։ Է, հանիր, ո՞վ էր ասել՝ դնեիր, որ հիմա էլ հանում ես։ Մյուսն էլ հացադուլ է անում ու պահանջում, թե Սերժ Սարգսյանը պիտի հանի իր թեկնածությունը։ Է, հացադուլ հայտարարիր, ո՞վ է քեզ բան ասում։ Մեզ նման վտանգավոր տարածաշրջանում գտնվող ժողովրդին հացադուլով ոչինչ չես կարող բացատրել։ Մեզ պետք է ուժեղ, խարիզմատիկ լիդեր, որովհետև մենք չգիտենք՝ այսօր, թե վաղը պատերազմ կհայտարարի Ադրբեջանը, քանի որ այդ երկիրը մշտապես զինվում է։ Պատկերացրեք, եթե Սերժ Սարգսյանը լսի ու իր թեկնածությունը հանի, ո՞վ է ընտրվելու նախագահ։ Պատկերացրեք ընտրվել է էպոսագետը կամ հացադուլ անողը, ովքեր ժողովրդի շրջանում վարկանիշ չունեն, իսկ հաջորդ օրն էլ պատերազմ են հայտարարելու, ի՞նչ է լինելու մեր վիճակը։ Այսօր միայն մեկ թեկնածու կարող է երկիրը մեկ օրում ինքնակազմակերպել ու ռազմական ռելսերի վրա դնել։
Այ, շատ լավ եղավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը հրաժարվեցին իրենց թեկնածությունն առաջադրելուց՝ ենթագիտակցորեն հասկանալով, որ հնարավոր է պատերազմի վտանգ լինի։ Ներկա թեկնածուների մեջ չկա ուժեղ այլընտրանք գործող նախագահին։
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Իրատես de facto»