Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Ինձ զրկեցին տնտեսական բոլոր հնարավորություններից»

Հունվար 25,2013 12:41

Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ  Զ. Սարգսյանի հարցազրույցից:

 – Գործող նախագահը երեք ճանապարհ ունի. առաջին՝ իր իրավահաջորդը նա է, ումից ինքն է իշխանությունը ժառանգել, երկրորդ՝ հնարավորություն ստեղծել ժողովրդավարական նորմերի զարգացման, իսկ այդ դեպքում ընդդիմություն կձևավորվի ու կունենա իր առաջնորդը, երրորդ՝ ընտրել իր մերձավոր շրջապատից որևէ մեկին ու նրանից նախագահ կերտել։ Ո՞րն է երեք տարբերակներից առավել հավանականը՝ նկատի ունենալով ներքին ու արտաքին հանգամանքները։

– Քննարկենք, թե այս տարբերակներից որն է նախընտրելի պետության համար։ Այսօրվա ընտրությունները Սերժ Սարգսյանին չեն բավարարելու,

չեն բավարարելու միջազգային հանրությանը, չեն բավարարելու հանրությանն ու պետությանը։ Ինչո՞ւ։ Որովհետև շատ նման են Ադրբեջանում անցկացվող ընտրություններին, իսկ մենք ադրբեջանցիներից բացարձակ տարբեր ենք՝ հավատով, լեզվով, պատմությամբ, մենթալիտետով։ Հայ ժողովուրդը ազատատենչ ժողովուրդ է, որ չորս տարի հրապարակում է եղել: Հայաստանի տնտեսական իրավիճակն էլ տարբեր է Ադրբեջանից՝ մենք չունենք հանքահումքային ռեսուրսներ, մեր ներուժը մարդն է՝ իր մտավոր կարողություններով։ Այդ մարդն այսօր լքում է երկիրը։ Անհնարին է այսպես շարունակելը։ Այս իրավիճակով շատ դժվար է կառավարելը ոչ միայն հինգ տարի, այլև մեկ։ Ես վստահ եմ, որ ամենից լավ Սերժ Սարգսյանն է դա հասկանում, հասկանում են նաև իր թիմում։

Իշխանությունը պիտի լուրջ հետևություններ անի։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ուղղակի ասվեց՝ կամ քաղաքականություն, կամ տնտեսություն, ես ընտրեցի քաղաքականությունը, և ինձ զրկեցին տնտեսական բոլոր հնարավորություններից, ներառյալ փոքր եղբորս սեփականությունը, որ ընդդիմությունը նյութական որևէ հնարավորություն չունենա։ Քաղաքականությունն էնտուզիազմով չի կառուցվում, 10 տարի էնտուզիազմի հիմքով քաղաքական գործունեություն ծավալելը սխրանք է, որին քչերն են դիմանում։ Ռոբերտ Քոչարյանը սահմանել է՝ ընդդիմությունը պետք է լինի աղքատ, որ պայքարի միջոցներ չունենա, որ չկարողանա ընտրագրավ վճարել, որ չկարողանա նախընտրական պայքար ֆինանսավորել, գրասենյակներ ունենալ: Եթե ընդդիմությունը կարողացել է այդ միջոցները հայթայթել, ունեզրկվել են աղբյուրները: Սերժ Սարգսյանի իշխանությունը ինչո՞վ է տարբերվելու Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից։ Տարբերությունը պետք է դրսևորվի ոչ թե հեռահար հարվածներով, երկրորդին ուղղված խոսք ու խայթերով, այլ գործողություններով, որ շահեկան են երկրի և իրենց համար։ Պետք է մրցակից, ում հարգում են, ով արդար պայքարում է փորձելու հաղթել։ Պետք է հնարավորություն տրվի, որ ընդդիմությունն աշխատանք ունենա։ Ընդդիմադիր դաշտում ես հանգամանքների բերումով մշտապես ամենատարբեր շփումներն ունեցած մարդ եմ՝ սկսած Վազգեն Մանուկյանից մինչև Լևոն Տեր-Պետրոսյան, բոլորի հետ ինչ-որ ժամանակ ինչ-որ ճանապարհ եմ անցել՝ ցերեկվա ու գիշերվա միջով, գիտեմ բոլորի ամբիցիաներն ու հնարավորությունները, ուժեղ ու թույլ կողմերը, բոլորին էլ հարգում եմ ու քաղաքականությունից դուրս չեմ դնում՝ անկախ այսօր ինչ դերում ու դիրքում են։ Բոլոր ժամանակներում ես տեսել եմ, որ ընդդիմադիրներից ոչ մեկը ոչ մի հնարավորություն չի ունեցել սեփական աշխատանքով կամ իր շրջապատի աշխատանքով նյութական միջոցներ ձևավորելու, որոնցով հնարավոր է լուրջ պայքար մղել։ Միջոցներ առաջացել են միայն նախագահական ընտրությունների ժամանակ՝ բիզնեսից, երբ հույս է եղել, որ փոփոխությունները հնարավոր են։

– Դուք ուզումեք, որ իշխանությունն իր դեմ պայքարի միջոցնե՞ր ապահովի։

– Ձեր սխալը արմատական է. և իշխանությունը, և ընդդիմությունը միմյանց դեմ չպետք է պայքարեն, այլ իրենց գաղափարներն ու ծրագրերը իրականացնելու համար մարդկանց վստահությանն արժանանալու, մարդկանց, որ նրանց այդ հնարավորությունը պիտի տան իրենց ընտրությամբ։ Հայաստանում է այդ պայքարը դարձել միմյանց դեմ՝ խրամատի տարբեր կողմերից, որը վերածվել է ընդդիմությանը իշխանության ու երկրի թշնամի դարձնելու մոլուցքի։ Եթե ուզում ենք՝ Հայաստանի քաղաքական դաշտը կայանա, պետք է հրաժեշտ տալ այն մտայնությանը, որ ընդդիմությունը պիտի գործազուրկ ու աղքատ լինի։ Իշխանությունը պիտի անի առաջին քայլը, եթե չի անում, ուրեմն հակված է կառավարման ադրբեջանական մոդելին, հորից՝ որդուն, որդուց՝ թոռանը, ծայրահեղ դեպքում՝ սեփական կլանից մեկին։

Գաղտնիք չէ, որ իշխանական կուսակցությունները վերածվել են աշխատանքի տեղավորման գրասենյակների, կուսակցական ես դառնում աշխատանք ու սեփականություն ունենալու համար։ Այդ պատճառով էլ թվում է, որ այս երկրում փոփոխություններ կարող են անել նրանք, ովքեր աշխատանք ու փող ունեն, կարողանում են մարդկանց փող ու աշխատանք տալ, բայց ժողովուրդն էլ հասկանում է, որ մեկին մյուսով փոխելը ոչինչ չի փոխում։ Այլ հարց է, որ քաղաքական տարբեր ուժեր, հասկանալով հանդերձ, որ ոչինչ չի փոխվելու, փորձում էին օգտվել այդ իրավիճակից, ինչն այնքան աղտոտեց դաշտը, որ մաքրելու ժամանակ է պետք։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031