Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թեկնածուները աչք են փակում ընտրակեղծարարության փաստի վրա» (Տեսանյութ)

Հունվար 25,2013 12:37

«Այս որակով իշխանությունն աղետ է բոլորիս համար»,- ասօր «Ելակետ» մամուլի ակումբում վերլուծելով նախընտրական քարզարշավի մեկ շաբաթն՝ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Այդ համոզմանը նա հանգել է իր հանդիպումներից, զրույցներից ու գտնում է, որ քաղաքական ուժերը պետք է այս խնդիրը լուծեն` ներգրավելով նաեւ իշխանությանը:

Նրա կարծիքով, այս մեկ շաբաթն, ընդհանուր առմամբ ի ցույց դրեց թեկնածուների քաղաքական, սոցիալական, տնտեսական հայացքները, բայց, բացառությամբ իր առաջարկների, թեկնածուն որեւէ գործնական առաջարկ չի տեսել, թե ինչպես կարելի է ապահովել առաջիկա ընտրությունների օինականությունը: «Իսկ սա հիմնական խնդիրն է, որը պետք է լուծեն Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը եւ ողջ քաղաքական դաշտն`անկախ այն բանից, թեկնածու ունե՞ն ընտրապայքարի մեջ մտած, թե՞ ոչ: Իրականում, բոլորի շահերից է բխում, որ Հայաստանի իշխանությունը լինի իրավաչափ, լեգիտիմ: Սա կամրապնդի երկրի դիրքերը եւ միջազգային ասպարեզում եւ հնարավորություն կտա վերականգնել իշխանության եւ ժողովրդի միջեւ կորսված փոխվստահությունը»,-ասաց նա:

Թեկնածուն այս ընտրարշավը երկու հիմնական ճամբարների է բաժանում, ըստ օրինականության նկատմամբ ունեցած վերաբերմունքի. «Ակնհայտորեն պարոնայք Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանն իրենց խոսքում կասկածի տակ չեն դնում ընտրությունների օրինականության հարցը: Ես չգիտեմ, մոռացվա՞ծ է նախորդող փորձը, թե, պարզապես, փորձում են լռությամբ շրջանցել այս խնդիրը, բայց այդ թեկնածուները կասկածի տակ չեն դնում առաջիկա ընտրությունների իրավաչափությունը»: Մինչդեռ, Մելիքյանն ակնհայտ է որակում այն, որ նախկինում կատարած զանգվածային ընտրակեղծիքները հանգեցրել են իշխանական ճամբար թեկնածուի հաղթանակին: Նա փաստում է, որ այս թեկնածուները աչք են փակում ընտրակեղծարարության փաստի վրա: Երկրորդ խմբի մոտեցումն էլ նա համարում է ծայրահեղ: Մասնավորաբար, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը: Նա անարդյունավետ է համարում այս եւ ՀՀ նախագահի մյուս թեկնածու Արամ Հարությունյանի առաջարկած բոյկոտը, քանի որ գտնում է, թե այդպիսով ի սկզբանե այրվում են կամուրջներ եւ փակվում երկխոսության ճանապարհները. «Դա նշանակում է, որ մի ճամբարը որոշում է կայացրել բոլորի փոխարեն եւ մինչեւ վերջ պնդելու է իր ասածը: Ինչը վերջին հաշվով փակուղի է մտցնում գործընթացի իրավաչափությունն ապահովելու, դրան իրական կշիռ եւ ծավալ տալու հնարավորությունը: Դրանք քաղաքական հուսահատության դրսեւորումներ են, որոնք խորացնում են երկրում առկա հուսալքության մթնոլորտը, որ բավական խորն է առանց այդ էլ»:

Նա պատմեց ԵԽԽՎ դիտորդների հետ երեկվա հանդիպման մասին, որի ժամանակ ասել է, թե դիտորդների դիտողությունները`ընտրացուցակների վրա արված շեշտադրումներն այնքան էլ ճիշտ չի համարում, քանի որ, իր կարծիքով առավել վտանգ է ներկայացնում Հայաստանից հեռացած չորս հարյուրից հինգ հարյուր հազար ընտրողների եւ վերջին տարիներին ՀՀ քաղաքացիություն ստացած երկու-երեք հարյուր սփյուռքահայերի հարցը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված մարդկանց թիվը. «Այդ տեղեկատվությունը հավաքագրվում է շենքերի լիազորների, ՏԻՄ մարմինների միջոցով. եթե իմ խորհրդին են հետեւել` լավ: Առջեւում բավական ժամանակ ունենք եւ հանրությունն իր ասելիքը դեռ կարող է ասել»:

Իսկ եկող շաբաթ, քարոզարշավից դուրս, Մելիքյանը պատրաստվում է ացելել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Ըստ նրա՝ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ուզում են նվաստացնել Սերժ Սարգսյանին, ձայն կտան Վարդան Սեդրակյանին:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի յուրահատուկ քարոզարշավն արեւմուտքից ներմուծված էլեմենտ է համարում, ինչն, իր կարծիքով՝ մեր իրականության մեջ արհեստական ներդրում է:

Մելիքյանն`ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, ասաց, որ անցած շաբաթ ինքն էլ է վարսավիրանոց գնացել, բայց դա քարոզարշավից դուրս էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ -ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031