Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատյանը տեղյա՞կ է, որ ինքը պատվիրված է

Հունվար 25,2013 12:27
Hrant bagratyan

Հայաստանի նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում արդեն գծագրվում են ինչ-ինչ դիրքորոշումներ, ինչ-ինչ բաներ հստակվում են: Ե՛վ լավ, ե՛ւ վատ:
Վերջերս հայտնի ուղղվածության լրատվամիջոցներում հաճախադեպ են դարձել առաջիկա ընտրությունները որպես պատվիրված ընտրապայքար կամ շոու ներկայացնելու միտված հրապարակումները: Այսինքն՝ մասնավորապես գործող նախագահի պատվերով կամ հրահանգով իրենց թեկնածություններն են առաջադրել պատվիրված թեկնածուներ, որոնց առաքելությունը ընդամենը ընտրապայքարի պատրանք ստեղծելն է: Իրականում, սակայն, ընտրությունների ելքը կանխորոշված է: Պատվիրված թեկնածուների դերը քաղաքակիրթ ընտրապայքար ցուցադրելն է:
Այս գյուտը արվեց օրերս` հենց որ մեկնարկեց քարոզարշավը: Ի դեպ, «պատվիրվածների» թվում տրվեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը:Սա, ըստ մեզ, ընդդիմադիրների դժգոհության երկրորդ փուլն է, որը, սակայն, ավելի հիշեցնում է հարեւան պառավի հայտնի պատմությունը, որը հենց ջահել աղջիկ էր տեսնում, «ընգնավորում էր»:
Առաջին փուլը մինչեւ քարոզարշավի սկսվելն էր, ավելի ճիշտ, մինչեւ Լ.Տեր-Պետրոսյանի որոշումը իր թեկնածությունը նախագահի ընտրություններում չառաջադրելու մասին: Այն ժամանակ պատվիրված թեկնածուների կամ շոու ընտրապայքարի մասին խոսք չկար: Բոլորը հուսով սպասում էին ՀԱԿ առաջնորդի առաջադրմանը:
Բա էլ ինչու՞ էին այդքան ինչ-որ լսումներ ու քննարկումներ կազմակերպում, սրան-նրան միավորվելու լուրեր տարածում: Մի՞թե ըմդդիմադիր մաքրամաքուր գործիչները կարող էին իրենց թույլ տալ մասնակցելու նման ընտրությունների: Եվ ընդդիմադիր սլաքի ուղղությունն էլ այլ էր` հանցագործ ռեժիմը բոլոր լծակներն օգտագործելու է, ընտրությունները կեղծելու են եւ այլն, նույն ոգով:
Ի դեպ, նույն ժամանակ թե՛ Ր.Հովհաննիսյանն էր հայտարարել իր առաջադրման մասին, թե՛ Պ.Հայրիկյանը: Մյուսներն առայժմ անկարեւոր են: Բայց Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց` անտեր թողնելով իրենց ընդամենը գոռգոռոցներով ընդդիմադիր ցուցադրվողներին: Սրանց մնացորդներին ջրի երես մնալու համար անհրաժեշտ էր փոխել «մարտավարությունը»: Ամենալավ տարբերակը համարեցին ընտրությունները պատվիրված շոու բնութագրելը:
Բայց սա ոչ միայն ամենալավ տարբերակը չէ, այլեւ լավն էլ չէ, քանի որ տխմարություն է, որովհետեւ նշանակում է՝ «եթե մենք մեր թեկնածուով ընտրություններին չենք մասնակցում, դրանք դառնում են պատվիրված թեկնածուներով շոու»: Գեղեցիկ չէ: Քաղաքական առումով նաեւ անբարոյական է:
Ուրիշներին փնովելը բնորոշ է թույլ մարդկանց, սեփական անկարողության պատճառները միայն ուրիշների մեջ փնտրելը դարձյալ բնորոշ է թույլերին: Ո՞վ է մեղավոր, որ ընդդիմությունը լուրջ թեկնածու չունի: Հետաքրքիր է, իր պատվիրված լինելու մասին տեղյա՞կ է Հրանտ Բագրատյանը, որն առիթը բաց չէր թողնում կառավարության գործունեությունը քարուքանդ անելու համար:
Հիմա էլ մի ուրիշ «հորդոր». որ թեկնածուն ինքնաբացարկ չհայտարարի, ուրեմն պատվիրված է իշխանությունների կողմից: Այսինքն՝ ինքնաբացարկը դառնում է քաղաքական ազնվության միակ չափանիշ: Մարդիկ` կուսակցությունների ղեկավարներ, իրենց ծրագրերով մտել են ընտրապայքարի մեջ, քարոզարշավի փուլում են, ու հանկարծ ինչ-որ մեկը նրանց ասում է` դուրս չեկար` դավաճան ես, ներողություն, պատվիրված եւ խամաճիկ:
Բայց ո՞վ է թույլ տվել ոմանց վերին ճշմարտություններ ասողի դեր ստանձնել: Հիմա իրավունք չունե՞նք հենց այս կոչերով հանդես եկողներին համարելու իսկապես պատվիրվածներ, քանի որ իրենց «նախաձեռնությունները» Հայաստանին ոչ մի լավ բան չեն խոստանում: Չմտածե՞նք, որ դրանց խցկել են քաղաքական դաշտ` ընտրությունները ապականելու վեհ նպատակով: Բայց ովքե՞ր են իրական տերերը, քանի որ այս հորդորներից ամեն ինչի հոտ գալիս է, բացի երկրի մասին մտահոգությունից:
«Ժառանգություն» կուսակցությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանը իրենց հայացքներով ընդդիմադիր չե՞ն, եթե ունեն Հայաստանի զարգացման իրենց ծրագիրը, որը արմատապես տարբերվում է իշխող կուսակցության քաղաքական պատկերացումներից: Թե՞ ընդդիմություն լինել նշանակում է միայն «քանդել-մորթել», այսինքն` «աբիժնիկություն»: Այստեղ է թաքնված շան գլուխը:
«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իշխանամե՞տ է, թե՞ ընդդիմադիր:
Պարույր Հայրիկյանին համարենք չեզոք:
Ազնիվ չէ այս պարագայում խոսել մրցակցային ընտրապայքարի բացակայության մասին:
Գրելիս անընդհատ հիշում եմ հարեւան պառավի հայտնի պատմությունը:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031