Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ Ստյոպա Սաֆարյանի դիմումը զգացմունքայի՞ն է

Հունվար 25,2013 11:55

Սահմանադրական դատարանում այսօր նշանակվել էր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում առաջադրված Ստյոպա Սաֆարյանի դիմումի քննությունը: Նա վիճարկում է անցյալ տարվա դեկտեմբերի 2-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում պատգամավոր ընտրվելու թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի 12-Ա որոշումը: Ստյոպա Սաֆարյանի ներկայացուցիչն է փաստաբան Սեդա Սաֆարյանը (քույրը), իսկ  բացի թիվ 1 ԸԸՀ-ի նախագահից՝ Գեղամ Հայրապետյանից, քարտուղարից, ՍԴ էր ներկայացել հարակից պատասխանողը՝ ԿԸՀ-ի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Գործող զեկուցողն է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով, ՍԴ աշխատակարգային որոշմամբ դիմումի քննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով: ՍԴ-ն մտել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու (դեռ 2 ժամով):

Թիվ 1 ԸԸՀ նախագահ Գեղամ Հայրապետյանից փորձեցինք իմանալ, թե արդյոք սպասո՞ւմ էր, որ թեկնածուն կդիմի Սահմանադրական դատարան:  Նա պատասխանեց, որ ոչ միայն չէր սպասում, այլ վստահ է, որ իրենց առարկությունները կբավարարվեն, քանի որ դիմումատու Ստյոպա Սաֆարյանի պահանջը եւ դիմումը զգացմունքային տարբերակ է:

Ստյոպա Սաֆարյանը դատարան էր ներկայացրել 25 համակարգչային էջից բաղկացած դիմում: Այնտեղ խոսքը ոչ միայն ընտրական պասիվ իրավունքի խախտումների, այլ նախընտրական քարոզչության սկզբունքների խախտման, թեկնածուների ներկայացրած երկրորդ հայտարարագրերի, մասնավորապես՝ ծախսերի գնահատման մասին է:

Ըստ Ս. Սաֆարյանի, Հանրապետական կուսակցության թեկնածու, քաղաքապետի աներորդի  Ռոբերտ Սարգսյանի ներկայացրած երկրորդ հայտարարագրով նոյեմբերի 23-ի դրությամբ նա իր նախընտրական հիմնադրամ կատարած բոլոր մուտքերի հանրագումար էր ներկայացրել 2 մլն 710 հազար դրամը, որից՝ 2 մլն 652 հազար 080 դրամը ցույց էր տրվել իբրեւ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամից կատարված ծախսերի փաստացի չափ: Ըստ դիմումատու Սաֆարյանի, իր հակառակորդ թեկնածուն այդ գումարը ներկայացրել է իբրեւ այդ ապրանքների ու ծառայությունների շուկայական արժեք եւ նաեւ՝ հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ:

Ի դեպ, դատարան էր ներկայացվել նաեւ «պատվիրատու»՝ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական հիմնադրամի եւ «Լեդուս» ՍՊԸ-ի միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը, համաձայն որի՝ պատվիրատուի եւ ՍՊԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկությունները պետք է զետեղվեին Ռոբերտ Սարգսյանի սեփականությունը հանդիսացող վահանակներում, որոնք տեղադրված են եղել Ավանի 300 բազմահարկ  շենքերի եւ Նոր Նորքի 90 վերելակներում: Նշված էին հասցեները՝ հատ-հատ:

Ս. Սաֆարյանը դատարանի ուշադրությունն է հրավիրել բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության սեփականատերերի իրավունքներին, մասնավորապես նշելով, որ այդ շքամուտքրը, վերելակները որեւէ կերպ չեն պատկանել իրավաբանական անձ «Լեդուսին», հետեւաբար քարոզչական պաստառները կարող էին փակցվել օրենքով սահմանված տեղերում: Ըստ դիմումատուի՝ այդ ցուցանակները մշտապես փակցված լինելով տվյալ տարածքում, քարոզչական ազդեցություն են ունեցել ընտրողների վրա, բայցեւ տարօրինակ է, որ 50 եւ ավելի ընտրական շտաբներից ոչ մեկի համար ծախս արտացոլված չի եղել թեկնածուի հայտարարագրում: Ըստ Ս. Սաֆարյանի, ԸԸՀ-ն չի գնահատել «սահմանված առավելագույն թիվը գերազանցող շտաբների քանակի, քարոզչական ազդեցություն ունեցող նրանց ցուցանակների որակական եւ քանակական ազդեցությունը ընտրությունների վրա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031