Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կիրառվող ամերիկյան ՓիԱռ-ի նվազ համատեղելիությունը հայաստանյան իրականությանը

Հունվար 25,2013 11:32

Եթե փորձենք մտաբերել Րաֆֆի Հովհաննիսյանի ամենակարեւոր դրական ներդրումը մեր հասարակական կյանքում, ապա, կարծում եմ դա կլինի «Ժառանգություն» կուսակցության հիմնումն ու զարգացումը։ Իհարկե, որոշները կարող են ասել, որ Ժառանգությունն էլ դասական իմաստով կուսակցություն չէ, այլ ավելի շուտ՝ քաղաքական կամ քաղաքացիական ակումբ, բայց նախ՝ Հայաստանում դասական կուսակցություն ստեղծելու եւ կայացնելու պայմանները բացակայում են եւ երկրորդ՝ ամեն դեպքում, պետք է խոստովանենք, որ Ժառանգությունը տարբերվում է մեր կուսակցությունների մեծ մասի ֆոնին։ Ժառանգությունը երբեք չի եղել մեկ մարդու կազմակերպություն՝ ճանաչելի են եղել ոչ միայն նրա առաջին դեմքն, այլեւ մի շարք այլ ակտիվ գործիչներ, ինչն, իհարկե սխրանք չէ ինքնին, բայց համաձայնենք, որ հայաստանյան պայմաններում ահագին տարբերվող է։ Բացի այդ, Ժառանգության անդամները վատ թե լավ, բայց փորձել են պաշտպանել տարբեր խոցելի խավերի շահերը, լինել այդ մարդկանց կողքին, եւ դա էլ ամենեւին ոչ բոլոր հայաստանյան քաղաքական ուժերին է բնորոշ։ Սակայն ինչ վերաբերվում է անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական գործունեությանը, ապա դա շատ ավելի խնդրահարույց է։ Չափից ավելի հաճախ հասարակությանն անհասկանալի են մնացել նրա քայլերի տրամաբանությունը։ Չափից ավելի հաճախ անհասկանալի եւ անհետեւողական քաղաքական վարքի գագաթնակետը եղավ անշուշտ 2011-ի հացադուլը։ Երեւի, նույնիսկ Րաֆֆու ամենամեծ երկրպագուներն այդպես էլ չկարողանան բացատրել հանրությանը, թե ո՞րն էր այդ գործողության նպատակը, ինչո՞ւ դա սկսվեց եւ ինչո՞ւ ավարտվեց, վերջապես, ի՞նչ քաղաքական արդյունք տվեց եւ ի՞նչ հետեւանքներ ունեցավ։ Ինձ նման միամիտների հիշողության մեջ մնացին միայն հացադուլի տարօրինակ պահանջները, եւ նրանցից ամենաճոխը՝ «Հայաստան»։ Ընդհանրապես, տպավորություն կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդիր ունի ոչ միայն քաղաքական գործի, այլեւ՝ խոսքի հետ։ Համենայն դեպս, շատ-շատերն են նկատում, որ նրա խոսքում շեշտը դրված է հայրենասիրական բացականչությունների վրա, իսկ բովանդակային եւ իրավիճակ սահմանող կամ փոխող քաղաքական տեքստ՝ մենք նրանից կարծես չենք լսել։ Ճիշտ է, պետք է խոստովանել, որ հայաստանյան քաղաքական գործիչներին դա առհասարակ հազվադեպ է բնորոշ, իսկ Րաֆֆին, գոնե տիրապետում է ճարտասանության ձեւական կանոններին եւ լավ հայերեն է խոսում։ Բովանդակային կամ մոբիլիզացնող տեքստերի բացակայության եւ քաղաքական գործողությունների նպատակների անհասկանալիության ֆոնին է՛լ ավելի է շեշտվում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առատորեն կիրառվող ամերիկյան ոճի դասական ՓիԱռ-ի նվազ համատեղելիությունը հայաստանյան իրականության հետ։ Ցանկացած տեխնոլոգիա կարող է աշխատել, եթե կա ընկալելի բովանդակություն, իսկ առանց դրա պատահական վարսավիրանոց գնալը կամ մարդկանց փողոցում բարեւելն, ի վերջո, անշեղորեն վերածվում է անլուրջ վերաբերմունքի առիթի։

Ուստա ՀՐԱՆՏ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031