Այս օրերին, երբ Հայաստանում ծավալվում են նախագահական ընտրությունները, Դավոսում տեղի է ունենում ամենամյա տնտեսական համաժողովը, որը ամենահեղինակավորն է աշխարհում, և որում հնչում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական կարևոր ելույթներ: Օրինակ՝ Դավոսի համաժողովում մասնակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու հայտարարել, որ Եվրամիությունը պետք է չշարունակի քաղաքական ինտեգրացիան: Նա, ըստ էության, նոր դիսկուրս է բացում Եվրամիության շրջանակում:
Եվրամիությունն այն կառույցն է, որի հետ Հայաստանն այսօր բանակցում է եվրաինտեգրացիայի համար և ձգտում է կնքել Ազատ և համապարփակ առևտրի համաձայնագիր: Իսկ դա նշանակում է, որ Եվրամիությունում տեղի ունեցող տնտեսական ու քաղաքական միտումները պետք է հետաքրքրեն Հայաստանին ամենայն մանրամասնությամբ, և մեր երկիրը պարտավոր է դրանց հետևել հնարավորինս մոտ տարածությունից: Բայց Հայաստանը Դավոսում ներկայացված չէ որևէ մակարդակով, և սա արդեն երկու-երեք տարի շարունակ: Հայաստանի իշխանությունները սա պատճառաբանում են նրանով, որ չեն ուզում իզուր ծախս կատարել, քանի որ, ըստ էության, Դավոսում Հայաստանի համար չկան հեռանկարներ:
Իհարկե, չկան և չեն էլ լինի, որովհետև հեռանկարների համար պետք է ինտեգրվել համաշխարհային ընտանիքին, իսկ ինտեգրվելու համար պետք են կարողունակ գործիչներ, որոնք կկարողանան հարաբերվել համաշխարհային տնտեսական ու քաղաքական էլիտայի հետ, որոնք կկարողանան կարևորը որսալ և նաև կարևոր երպով ներկայացնել Հայաստանը: Հեռանկարների համար պետք է աշխատել, իսկ Հայաստանի իշխանությունները զբաղված են միայն խոսելով:
Մինչդեռ նրանց ելույթները Դավոսում բնականաբար հետաքրքիր չեն, որովհետև այդ ելույթները կարող են ընդամենը որոշակի ազդեցություն ունենալ միայն իշխանամետ երիտասարդ շրջանակների վրա, որոնց համար կարևորը Սերժ Սարգսյանի համար ճանապարհ բացելն ու տերև կամ դրոշ թափահարելն է: Իսկ Դավոսում նման ելույթների վրա ընդամենը ձեռք են թափ տալու և վերջ: Այս իրավիճակը վկայում է, թե Հայաստանն իրականում որքան է դուրս ընկած համաշխարհային ուղեծրից, համաշխարհային անցուդարձից, քննարկումներից: Հայաստանը ոչ միայն ասելիք, այլ պարզվում է՝ նաև նույնիսկ լսելիք էլ չունի: Այլ կերպ ասած՝ Հայաստանը համաշխարհային կյանքում հայտնվել է խուլ ու համրի կարգավիճակում:
«Ժամանակ»