Եթե ԲՀԿ-ն մանկապարտեզ չէ, այլ քաղաքական կազմակերպություն, կուսակցություն, պետք է արժանի գնահատական տա իր առանձին ֆունկցիոներների պահվածքին։ Այս կուսակցությունը, փաստորեն, ընդդիմադիր դաշտի հերն անիծելուց հետո հիմա էլ, ակամա, լծվել է ընդհանուր առմամբ քաղաքական պայքարի հերն անիծելու գործին։ ԲՀԿ-ական առանձին գործիչներ այլեւս ընկալվում են որպես քաղաքական դաշտի ենիչերիներ, որոնց հրահանգված է ոչնչացնել քաղաքականության մասին մարդկանց ամենատարրական պատկերացումներն անգամ։
Իրականում մի առնետավազք է սկսվել ԲՀԿ-ից, որն սպառնում է վերածվել քսանամյա անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ «քցոցի»-ի։ ԲՀԿ խոսնակները, սակայն, անհասկանալի լաբիրինթոս հիշեցնող իրենց խոսքերով փորձում են բացատրել այս անբացատրելի վիճակը, բայց դրանից, ինչ խոսք, վիճակը չի շտկվում։ Մի երկու օր առաջ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ հիմա արդեն Գյումրիի թիվ 34 ընտրատարածքից ընտրված պատգամավոր եւ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ Գյումրիի կառույցի ղեկավար Մարտուն Գրիգոոյանը հայտարարել են, որ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրելու են Սերժ Սարգսյանին։ Եթե սա խայտառակություն չէ մի կուսակցության համար, որ հրաժարվեց ԱԺ ընտրություններից հետո մտնել կոալիցիա, իսկ դրանից առաջ էլ չմիացավ կոալիցիոն նոր հուշագրին, ապա առնվազն քաղաքական անմեղսունակություն է, որ հանդես է բերում ԱԺ-ում իր պատգամավորների թվով երկրորդ կուսակցությունը։
Սերժ Սարգսյանին ընտրելու կամ նրան սատարելու մեջ, ոզնուն էլ է հասկանալի, քրեորեն հետապնդելի ոչինչ չկա։ Հետեւաբար, Գյումրիի քաղաքապեւոն ու ԱԺ հանձնաժողովի նախագահը քրեական հանցագործներ չեն։ Բայց նրանք այս պահին «քաղաքական հանցագործություն» են կատարում ԲՀԿ-ի՝ իրենց կուսակցության նկատմամբ եւ, ինչպես հատուկ է քաղաքական հանցագործին, փորձում են սղալել ու արդարացնել այդ կեցվածքը։ Մարտուն Գրիգորյանը, մասնավորապես, գտնում է, որ շատ մեծ տարբերություն կա Սերժ Սարգսյանին ընտրելու եւ սատարելու միջեւ։ Ինքը չի սատարելու, բայց ընտրելու է։ Դե իհարկե, Սերժ Սարգսյանն էլ հիմա ուր որ է աչքերը կլցնի ԲՀԿ-ականի այդ անակնկալ եւ ինքնաբուխ որոշման կապակցությամբ։ Բայց չէ՞ որ խոսքն այստեղ շարքային ԲՀԿ-ականների մասին չէ, այլ ՀՀ երկրորդ խոշոր համայնքի եւ ԲՀԿ-ական ոչ պակաս խոշոր կառույցի ղեկավարների, ովքեր պատրաստվում են ընտրել Սերժ Սարգսյանին, բայց, ասացեք խնդրեմ, չեն պատրաստվում իրենց որոշումով վարակել մյուս ԲՀԿ-ականներին:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Հրապարակ»