Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիների կարծիքներն ու տպավորությունները` նախագահի այցի վերաբերյալ

Հունվար 24,2013 23:30

Նախագահի երեկվա նախընտրական այցի մասին կարծիքներ են հայտնում կապանցիները

Երեկվանից սկսած` կապանցիների շրջանում քննարկումները շարունակվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ացի վերաբերյալ, տեսակետներն ու կարծիքները տարբեր են` գոհունակությունից մինչեւ հիասթափություն:

Նախագահի այցի նախապատրաստական աշխատանքները` հատկապես անվտանգության ապահովմանն ուղղված  գործողությունները, կապանցիների մոտ վատ տպավորություն թողեցին: Հրապարակում նախագահին դիմավորելու եկած քաղաքացիներին հրահանգում էին «այս» կողմ չգնալ, «այն» կողմ չգնալ, «հետ գնալ», «առաջ չգալ» եւ նրանց տեղաշարժը սահմանափակող  այլ արտահայտություններով մարդկանց նյարդերի վրա էին ազդում, նույնիսկ լրագրողների եւ լուսանկարիչների աշխատանքն էին պարբերաբար խոչընդոտում, կադրեր անելու համար հարմար տեղանքներ փնտրելիս` նրանց բազմիցս կանգնեցնում ու փորձում էին ետ ուղարկել:

Բարեբախտաբար, մի քանի անգամ վեճի բռնվելուց հետո, այնումենայնիվ մեզ քիչ-թե շատ հաջողվեց մեր իսկ սեփական քաղաքում հնարավորինս ազատ աշխատել: Իսկ հրապարակ տանող փողոցներում, անցորդների աչքերից չէին վրիպում ճանապարհային ոստիկանների կողմից հնչող չոր ու կոշտ  հրահանգները վարորդներին, երբ վարոդները տեղյակ չլինելով փորձում էին մուտք գործել  ճանապարհային ոստիկանների կողմից փակված փողոցները, անմիջապես հետ էին ուղարկվում:

Ի տարբերություն մարզի մյուս քաղաքների, բարեբախտաբար, Կապանում հանդիպումն անցավ բացօթյա հրապարակում եւ կապանցիները ստիպված չեղան հսկիչ անցակետերով անցնելու, անձնագրերով ներկայանալու եւ անուն ազգանունները պարտադիր գրանցված ունենալուց հետո միայն մասնակցելու:  Կապանում հիմնարկների աշխատակիցներին պատկան մարմինները նախապես հրահանգավորել էին նախագահի նախընտրական հանդիպմանը պարտադիր ներկա գտնվել, նրանք էլ գործները թողել էին եւ մեկ մարդու պես նշված ժամին ճիշտ տեղում եղել: Այս փաստը շատերին է վրդովվեցրել, նույնիսկ սոցցանցերում քննարկման եւ խիստ  քննադատության թեմա է դարձել:

Կապանյան նախընտրական հանդիպման թեման այսօր ամենաքննարկվողն էր մարզկենտրոնի բնակիչների շրջանում, կարծիքներն ու տեսակետներն էլ տարբեր էին, որոնցից  մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ: «Ես երեկվա հանդիպմանը չեմ գնացել, որովհետեւ զգացել եմ մարդկանց ստիպողական հավաքում են, զանգում են հիմնարկի տնօրեններին, որ անպայման ներկա գտնվեն: Իսկ վերջում, որքանով լսել եմ,  հրապարակում պետերը ներկա-բացակա էին անում…Միգուցե դա նորմալ երեւույթ է այսօրվա Հայաստանի համար, բայց այն ապահով Հայաստանին ճանապարհից շեղում  է: Եվ ի վերջո, հերիք է էս ժողովրդին հիմարի տեղ դնեն` անընդհատ հեքիաթներ, խոսքեր, խոստումներ հնչեցնելով: Որերորդ տարին է այդ խոսքերը դեռ գործի չեն վերածվել»: «Իսկ ես գնացել եմ հանդիպմանը, լսել եմ Սերժ Սարգսյանի ելույթը, հավատում եմ գործող նախագահին,  ինչքան կարողացել ա՝ արել ա, բոլորս էլ տեսնում ենք կատարված գործերը, ու երեկ  էլ ասեց, որ դեռ մեծ ծրագրեր են իրականացվելու: Ընտանիքով որոշել ենք էս անգամ էլ իրեն ընտրենք»: «Երեկվա հանդիպման ժամանակ հավաքվածների մոտ մի տեսակ անտարբերություն տեսա, հիասթափված դեմքեր, շատերը նույնիսկ չէին լսում նախագահի ելույթը, մեծ մասը ստիպողաբար էր եկել: Ու ամենավատը էն ա, որ մարդ կորցրելա հույսը վաղվա հանդեպ և էդ հույսն էլ ավելի ա մարում, երբ իշխանությունները ասում են, թե մենք կշարունակենք մեր ծրագիրը: Մեզ փոփոխություն ա պետք, իմ կարծիքով, համատարած անարդարություն, չքավորություն է, այսպես շարունակել չի կարելի…»:«Ինձ ավելի շատ ցնցեց կիրառվող անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները: Չեմ հասկանում, ի՞նչ կարիք կար նման խստություն կիրառեն մեր քաղաքում: Ո՞ւմից էին ուզում պաշտպանվել, ապահով զգալ: Կապանցիների՞ց, որ ղարաբաղյան կռիվներին իրենց արյունն են թափել ու պաշտպանել էս երկիրը: Մենք մեր քաղաք եկած հյուրերին ընդունելու ձեւ գիտենք ու մեծ հարգանք տածելով էինք սպասում մեր նախագահին: Կարծում եմ ապահով Կապանում նման անվտանգության խիստ կանոններ կիրառելու կարիք չկար, եւ ոչ միայն Կապանում, այլեւ` մարզի մյուս քաղաքներում, բոլորն էլ հերոս քաղաքների ժողովուրդ են: Վիրավորական էր…»:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031