Լրահոս
Օրվա լրահոսը

Թագավորը տկլոր էր, Տեր-Պետրոսյանը չօգտվեց (Տեսանյութ)

Հունվար 24,2013 23:21

ՀԱԿ անդամը գտնում է, որ Մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը պե՛տք է լիներ ժողովրդի կողքին

«Ես լսել եմ տարբեր կարծիքներ: Վերջերս ՀՅԴ-ի մի ներկայացուցիչ էլ էր զոհերի հարցում քննադատում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ասեց հետեւյալը՝ մարդ, որը ժողովրդին հանել է փողոց, բայց չգիտի ինչ է անելու հաջորդ քայլը: Կներեք, այդ մեղադրանքը  կարող էր հնչեցվել, դրանից չի բխում, որ մարդիկ պիտի սպանվեին: Մեղավորը նա է, ով որ հրաման է տվել սպանելու, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը այսպես պատասխանեց, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել Հրանտ Բագրատյանի ակնարկը՝ Լեւոն Տեր Պետրոսյանին՝ Մարտի 1-ի հետ կապված:

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը Վերին Արտաշատի գյուղացիներին ասել էր՝ «Եկեք, եթե ես կրում եմ, էն միտինգին ես առաջից եմ գնալու: Ինչ ուզում են` թող անեն, առաջներդ ընկնելու եմ` գնամ: Եթե կասեն` Բագրատյանը առաջինը չի, առաջին շարքում չի` չգնաք էդ միտինգի, որ ձեր վրա չկրակեն, եղա՞վ»

Սոս Գիմիշյանի խոսքերով՝ «Ես չեմ եղել, չեմ լսել այդ խոսքը, բայց  Մարտի 1-ի հետ կապված համոզմունք ունեմ: Փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը ժողովուրդը մի քանի անգամ հաղթել էր:  Այդ հաղթանակին քաղաքական էլիտան, քաղաքական ղեկավարությունը՝ ՀԱԿ-ի, Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ չկարողացավ այդ հաղթանակը դարձնել դե յուրե: Սա է  իմ հիմնական դժգոհությունը, որ ես կուզենայի այդպես չլիներ»:

Հայտնի է, որ Մարտի 1-ի համար շատերը Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են՝ ժողովրդի կողքին չլինելու համար: Այս առնչությամբ պարոն Գիմիշյանն ասաց. «Ես ամբողջական ինֆորմացիային չեմ տիրապետում, թե ինչ վիճակում էր ինքը գտնվում, երբ որ իր առանձնատուն էին իրեն տարել:  Իհարկե, ես ենթադրում եմ, որ վտանգ կար: Կարծում եմ, որ վտանգավոր էր, եթե ինքը գար, բայց նաեւ կարծում եմ, որ պե՛տք է գար: Այն ժողովուրդը, որը կանգնած էր, նրանք էլ էին իրենց կյանքը վտանգի ենթարկում»:

Մեր հարցին՝ բարոյակա՞ն տեսանկյունից պետք է գար, լիներ ժողովրդի կողքին, Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Բոլոր տեսանկյուններից: Ցանկացածին էլ այնտեղ կարող էր գար, կպներ գլխին…ինչպես եղավ: Այսինքն, սա վտանգավոր էր: Այսօր վտանգավոր չի՞՝ ես եկել եմ այստեղ, ինչ-որ բաներ եմ ասում, որը իշխանությանը կարող է դուր չգա եւ  ինչ-որ մեկը տուն գնալուց… ամեն օր էլ վտանգված ենք բոլորս էլ : Մեկը՝ շատ, մեկը՝ քիչ: Դրա համար գնահատական տալ չեմ կարող, չեմ կարող ինձ թույլ տալ՝ չտիրապետելով ամբողջական ինֆորմացիային: Բայց մոտեցումը ընդհանրապես հետեւյալն է՝ եթե վտանգավոր է, իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ վտանգներից խուսափենք, բայց  գտնում եմ, որ այն ժողովուրդն էլ, որ 200 հազար, մի քանի հարյուր հազար գալիս էր Մյասնիկյանի արձանի մոտ կանգնել էր եւ փաստացի հաղթել էր, իշխանությունը փորձեց ուժային մի քանի փորձեր անել: Այդտեղ եմ եղել, փորձելով այս ժողովրդին ծնկի բերել՝ չկարողացավ: Ժողովուրդը Մարտի 1-ին էլ հաղթանակ տարավ: Պետք էր ընդամենը քաղաքական կառավարում՝ կազմակերպիչները այդ հաղթանակը բերեին արձանագրեին իշխանություն եւ ծառայեին նույն  ժողովրդին: Չստացվեց, չարվեց: Ցավում եմ: Փետրվարի  26-ին նույնպես: Գիտեք, դա նաեւ  Աստծո նշան էր, երբ որ մենք մի 200 հազարով Օպերայի մոտ էինք, իսկ Սերժ Սարգսյանը  հակառակ դրան մի 300 հազար բերեց Հանրապետության հրապարակ: 15 րոպե հետո  այդ ժողովուրդը պլակատները գցեց, եկան, միացան: Աստված նշան տվեց: Ես Աստծո զորությունը բարձր եմ գնահատում: Նրա դերը շատ մեծ է: Նրա ցանկությւոնը եթե կա, միշտ էլ կգաս իշխանության: Նա նշան տվեց, որ թագավորը  տկլոր է: Ժողովուրդը, իր ամենահավատարիմ կողմնակիցներին, որոնց բերել է հրապարակ, եկել, քեզ է միացել: Այդ օրը պետք է վերջացվեր ամեն ինչ : Պետք է վերջանար՝ առանց ընդհարումների»:

Մեր դիտարկմանը՝ ասում են՝ շանսը 1 անգամ է տրվում՝ Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Շանսը մի 2-3 անգամ եղավ՝ մինչեւ Մարտի 1-ը: Հետագայում էլ եղան շանսեր: Ոչ այդպես ակնառու, բայց դե էլի լուրջ շանսեր: Հարյուր հազարավոր մարդիկ  հրապարակ եկան: Ես գտնում եմ, որ պիտի էդ ժամանակ լուծումը տրվեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031