Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դու ո՞վ ես, չգիտես` ես ո՞վ եմ» վտանգավոր օբյեկտատերերը` տեխնիկական անվտանգության աշխատակիցներին

Հունվար 24,2013 22:56

Ըստ ԱԻՆ ներկայացուցչի՝  Աշտարակում այսպիսի հարցադրմամբ թիկունք ունեցող  օբյեկտատերերը դուրս են հրավիրել իրենց աշխատակիցներին

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր Շիրակի մարզպետարանում ԱԻՆ ենթակայության տակ գտնվող կառույցները  2 ժամ շարունակ հաշվետվություն  ներկայացրեցին 2012 թվականին մարզում գրանցված արտակարգ դեպքերի ու առհասարակ իրենց կատարած աշխատանքների մասին: Խոսք ընկավ նաև արտադրական վտանգավոր օբյեկտների մասին ու պարզվեց, որ այնտեղ մուտք գործելն ու փորձաքննություն անցկացնելը երբեմն ռիսկի հարց է: Հատկապես այն օբյեկտատերերը, որոնք այսպես ասած թիկունք ունեն,  կարող են դուրս հրավիրել տեխնիկական  անվտանգության աշխատակիցներին:

Այս թեմայով ելույթ ունեցավ  տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի իրավաբանական բաժնի աշխատակիցներից մեկը` փաստելով, որ  Շիրակի մարզում փաստացի 463 արտադրական վտանգավոր  օբյեկտ կա, որից շահագործվում է  416-ը : Զեկուցողը  դժգոհեց, որ նկատելի է անպատժելիության մթնոլորտ, երբեմն  օբյեկտատերը չի ուզում փորձաքննության  ենթարկել իր օբյեկտը, չնայած  որ «Տեխնիկական անվտանգության ապահովման մասին» օրենքը նախատեսում է առնվազն տարին մեկ անգամ փորձաքննության ենթարկել օբյեկտը, խախտելու դեպքում էլ  1 միլիոն դրամի պատիժ է սահմանում:  Շիրակի մարզային հրդեհային ծառայության պետ պարոն Խաչատրյանի մոտ բնական մի հարց առաջացավ, թե ինչո՞ւ են տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի  աշխատակիցները  մարզի  463-ից  միայն 313-ում ստուգումներ անցկացրել: «Բա մյո՞ւս 150-ը»:

Ու մինչև զեկուցողը փորձում էր պարզաբանել,  բացատրել, որ  2006 թվականին ընդունված օրենքի համաձայն  իրենք ստուգելու իրավունք չունեն, այլ պիտի փորձաքննեն, օրինակ ասենք  կարուսելի  դժբախտ դեպքերը , հրշեջ ծառայության պետը բացարձակ չհամոզվեց: Նա իր օրինակով բացատրեց, որ իր կառույցը իրավունք  ունի մտնել  արտադրական վտանգավոր այն օբյեկտները,  որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 70 միլիոնը: Նախարարությունից ժամանած «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը վիճակը հարթելու համար՝ երկու կառույցների ներկայացուցիչներին  էլ հարցրեց, թե եղե՞լ են դեպքեր, երբ օբյեկտի տերը հարցնի  «Դու ո՞վ ես , չգիտե՞ս, որ ես այսինչի ախպոր տեղն եմ, կամ այսինչի բաջանաղը, ինչո՞ւ ես եկել»: Երկու կառույցների ներկայացուցիչներն էլ փորձեցին հավաստիացնել, որ Շիրակի մարզում նման դեպքեր չեն եղել: Նախարարության պաշտոնյան հիշեց, որ անցած տարի Աշտարակում նմանատիպ հաշվետվություններ լսելիս, այնտեղ իրեն դժգոհել են,  որ կան այդպիսի օբյեկտատերեր: Դահլիճում նստածներից մեկը նստած տեղից  կատակեց. «Մեր մարզում էլ շատ կա, ուղղակի մենք  ծախող չենք»: Արդյունքներն ամփոփելիս նախարարության ներկայացուցիչը հատուկ շնորհակալություն հայտնեց ԱԻՆ-ի բոլոր  աշխատակիցներին` ցածր աշխատավարձով աշխատելու համար: «Հասկանալի է, որ դուք աշխատում եք խղճի դիմաց, որպեսզի մեր երկիրը կայուն լինի», – ասաց Հրաչյա Պետրոսյանը` իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների հաշվետվությունները գնահատելով դրական:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031