Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի ենթահանձնաժողովը հաստատեց հայ մեծ բարերար Մանթաշյանի թանգարան հիմնելու որոշումը

Հունվար 24,2013 21:21

Նկարիչ Հրաչյա Ռուխկյանի անվամբ դպրոց անվանակոչելու որոշմանը դեմ քվեարկեց Նկարիչների միությունը

Այսօր Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստը: Մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը նշեց, որ նիստի օրակարգում դրված է 3 հարց` Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելը, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի անվամբ դպրոց անվանակոչելը  եւ  հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի թանգարան հիմնելը:

Առաջին հարցի շուրջ ելույթ ունեցավ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: «Ողջ հայ մտավորականությունը ճանաչում է Էդվարդ Միրզոյանին եւ գնահատում նա ներդրումը մեր արվեստի զարգացման գործում: Նրա շնորհիվ Հայաստանը մեծ համբավ ձեռք բերեց: Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը Միրզոյանի  անվամբ անվանակոչելը կլինի ամենաճիշտ քայլը եւ կարտահայտի մեր վերաբերմունքը նրա հանդեպ»,-ասաց կոմպոզիտորը: Գագիկ Մանասյանի նախագահությամբ նիստի մասնակիցները միաձայն կողմ քվեարկեցին առաջին հարցին:

Հրաչյա Ռուխկյանի անվամբ դպրոց անվանակոչելու հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Ռուխկյանի դուստրը` Անահիտ Ռուխկյանը, ով նկատեց, որ հոր արած գործը, ինչպես Թումանյանն է ասում, անմահ է: Անահիտ Ռուխկյանը նշեց, որ թիվ 44 դպրոցի տնօրենը համաձայնվել է դպրոցը Հրաչյա Ռուխկյանի  անվամբ անվանակոչել. «Ես հրավիրվել եմ դպրոց եւ ծանոթացել պայմաններին: Տնօրենը փաթաթվեց ինձ եւ ուրախությունը հայտնեց անվանակոչման առաջարկի շուրջ, ապա ասաց, որ դպրոցն ինձ համար երկրորդ տուն կարող է դառնալ: Կարծում եմ` հայրս արժանի է դրան: Մենք պարտավոր ենք հիշել մեր մեծերին»: Այս հարցին ենթահանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին, բացի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանից:   Նա ասաց, որ Նկարիչների միությունը դեմ է առաջարկին, որովհետեւ նկարչի անունով դպրոց անվանակոչելու պարագայում, կարելի  է սկսել, օրինակ, Սուրենյանցից:

Ալեքսանդր Մանթաշյանի թանգարան հիմնելու կապակցությամբ Մանթաշյանի ծոռը` Նինա Հովսեփյանը նշեց, որ հավաքված նմուշների համար Քրքորյանի անվան մասնավոր բուհի առաջին հարկում տրամադրվել է ժամանակավոր տարածք, եւ այժմ խնդիր է առաջացել թանգարանի՝ իրավաբանական կարգավիճակ եւ ֆինանսավորում ստանալու, ինչպես նաեւ`  հիմնադրամ ունենալու հանգամանքը: Գագիկ Մանասյանը այդ մասին ասաց, որ տարածքը ժամանակավորապես տրամադրելու հարցը կքննարկվի տարածքը տրամադրող մասնավոր անձի հետ:

Ենթահանձնաժողովի անդամները կրկին միաձայն կողմ քվեարկեցին: Մշակույթի ենթահանձնաժողովի կայացրած երեք որոշումը կներկայացվի ՀՀ հանրային խորհրդին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031