Շիրակ Թորսյանը դեռ «շոկի մեջ է»
ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ իր վրայից հանվել է Վրաստան մուտք գործելու արգելքը: Պատգամավորին այսօր այդ մասին տեղեկացրել են Թբիլիսիից: Հիշեցնենք, որ 2009 հունիսի 19-ին Վրաստան ճանապարհվելիս, Սադախլոյի կայարանում Շիրակ Թորոսյանին տեղեկացրել էին, որ չի կարող հատել հայ-վրացական սահմանը: Կիսապաշտոնական խողովակներով պատգամավորը տեղեկացել էր, որ ինքն իբր վտանգ է ներկայացնում Վրաստանի ազգային անվտանգության համար: Առավել կենցաղային մակարդակում Թորոսյանին հայտնի էր դարձել, որ պատճառը` Սահակաշվիլու իշխանության մասին իր հայտնած «անպատիվ խոսքերն» են: Երկու տարբերակներն էլ Թորոսյանն անհեթեթություն էր որակել` համարել, որ ինքը քաղաքական գործիչ է եւ կարող է իր տեսակետը բարձրաձայնել Վրաստանի իշխանությունների` Ջավախքի եւ ջավախահայության վերաբերյալ վարող քաղաքականության մասին: Թորոսյանը շնորհակալ է Վրաստանի գործող իշխանություններին, որ վերանայել են նախորդ իշխանության վարած քաղաքականությունը:
Մեր հարցին` Վրաստանի վարչապետի վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկվե՞լ էր այդ հարցը, Թորոսյանը պատասխանեց. «Վրաստանի վարչապետը, մինչեւ վարչապետ դառնալը, իբրեւ առանցքային ընդդիմադիր գործիչ, իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրաձայնել էր այդ հիմնախնդիրները: Ոչ անվանապես, բայց նրանք քննադատել էին Միխայիլ Սահակաշվիլու վարած քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների հարցերում եւ, բնականաբար, այդ համատեքստում, արդեն ենթադրվում էր, որ եւ Վահագն Չախալյանն ազատ կարձակվի, եւ իմ նկատմամբ արգելքը կհանվի: Ինչն այսօր տեղի է ունեցել»: Որ Վրաստանի վարչապետի հայաստանյան այցի ժամանակ այդ հարցերը քննարկվել էին, Թորոսյանը ենթադրում է: Ցանկացած պարագայում, նա ուրախ է այսօրվա իրողության համար:
Կարդացեք նաև
Թորոսյանը դեռ «շոկի մեջ է» կատարվածից, քանի որ գրեթե չորս տարի չի եղել հայրական օջախում, ինչը ծանր է անդրադարձել նրա վրա: Առայժմ փորձում է «մարսել» ուրախալի լուրը եւ առաջիկա օրերին պատրաստվում է այցելել հայրական տուն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ