ԱՊՀ հիմնադրամը Գյումրիի մշակույթի զարգացման ծրագիր կիրականացնի
Այսօր ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) պատվիրակության անդամներն այցելեցին Մատենադարան եւ ծանոթացան ձեռագրատան ցուցադրություններին:
Aravot.am-ի հետ զրույցում Մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը նշեց, որ ՀՀՄՀ-ի հետ Հայաստանը ծրագրեր է իրականացնում 2006թ-ից. «Այդ ժամանակ հիմնադրամը նոր էր ձեւավորվել, եւ ծրագրերը 3-4-ն էին: 2009թ-ից ծրագրերի քանակն ավելացավ եւ այժմ Հայաստանում իրականացվում է տարեկան 8 ծրագիր: Կան ավանդական ծրագրեր, ինչպես օրինակ «Արամ Խաչատրյան» միջազգային երաժշտական մրցույթը եւ ԱՊՀ երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների համաժողովը, որը 2012թ-ին ստացավ միջազգային կարգավիճակ, ինչպես նաեւ` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացվող ԱՊՀ երկրների կինոֆորմատը: Բացի այդ, յուրաքանչյուր տարի` կախված ՀՀՄՀ-ի կողմից առաջարկվող տարվա թեմատիկայից, առաջարկվում են նաեւ այլ ծրագրեր: Օրինակ, 2010թ-ին անցկացվեցին ԱՊՀ երկրների երիտասարդական-դելփյան խաղերը: Իսկ 2013թ-ի ծրագրերը դեռեւս չեն հաստատվել: Հայաստանից հայտերն արդեն իսկ ներկայացվում են ՀՀՄՀ-ին, իսկ ծրագրերի վերաբերյալ որոշումները կայացվում են համապատասխան խորհուրդի եւ հիմնադրամի համատեղ նիստերի ընթացքում»:
Կարդացեք նաև
Սվետլանա Սահակյանի խոսքով. «Հիմնադրամի հետ Հայաստանի համագործակցությունը կարեւոր է եւ ունի հաջող ապագա, քանի որ հետաքրքիր եւ հիմնարար դաշտ է ստեղծում ԱՊՀ-ում հումանիտար համագործակցության ոլորտի զարգացման եւ կանոնակարգման համար»:
Հիմնադրամի համանախագահ, միջպետական մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Մատենադարանի գիտական նիստերի դահլիճում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ պատվիրակությունը հստակեցնելու է «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի իրականացման մանրամասները: Շվիդկոյը նշեց, որ ծրագիրը կնպաստի Գյումրիի մշակութային կյանքի ակտիվացմանը. «Գյումրին Հայաստանի 2-րդ մայրաքաղաքն են համարում, բայց չմոռանանք, որ այն տուժել է երկրաշարժից. այդ ողբերգությունը մենք ապրում ենք մինչ օրս»:
Շվիդկոյը նաեւ ասաց, որ ծրագրի համաձայն` հիմնադրամը կառաջարկի ֆինանսավորում` Գյումրիում թատերական եւ երաժշտական հյուրախաղեր, վարպետաց դասեր կազմակերպելու համար. «Աշխատելու ենք նաեւ սպորտի զարգացման ուղղությամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ