Ներկայումս Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքի տառին համապատասխան իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպում է վճարել ապօրինի գումարներ։
Այսպես, տարիներ առաջ Վանիկ Առաքելյանը սեփականաշնորհել էր իրեն պատկանող մի շինություն, սակայն շինությամբ զբաղեցրած հողատարածքը չէր սեփականաշնորհվել, այլ տրամադրվել էր նրան վարձակալության իրավունքով:
Վարձակալված հողատարածքը սեփականաշնորհելու նպատակով Առաքելյանը անցյալ տարի կրկին դիմել էր Երևանի քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանը մերժել էր սեփականաշնորհել հողատարածքը՝ քաղաքացուց պահանջելով գումար վճարել դրա համար: Այնինչ, համաձայն ՀՀ հողային օրենսգրքի հողամասը սեփականության իրավունքով պետք է անհատույց տրվի քաղաքացուն։ Այսինքն՝ քաղաքացուն անվճար իր հողատարածքը տրամադրելու փոխարեն քաղաքապետարանը ապօրինի գումարներ է պահանջել՝ ներկայացնելով այն որպես հողամասի համար վճարվող կադաստրային արժեք։ Քաղաքացու պնդմամբ իրենից պահանջվող գումարի չափը կազմել է մոտ 2 000 000 դրամ։
Տվյալ գործի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի մի շարք հարցումներին քաղաքապետարանը տվել է հակասական և չհիմնավորված պատասխաններ, որոնց մեջ որպես մերժման հիմք է նշում կառավարության մի որոշում, որը ոչ մի առնչություն չունի տվյալ խնդրի հետ՝ այդպիսով անուղղակիորեն հրաժարվելով օրենքի սահմաններում կատարել իր պարտականությունները։
Կարդացեք նաև
Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանը ապօրինի է գնահատել քաղաքապետի որոշումը և կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում։
Պաշտպանի աշխատակազմ