Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ-Բեկի փողոցի բնակիչները պայքարում են իրենց տների ու շրջակա միջավայրի համար

Հունվար 24,2013 17:46

Bnakichner_2 Bnakichner_1«Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ն Նոր Նորքի 7-րդ զանգվածում մտադիր է շահագործել խոշոր քարի մշակման գործարան, որի բացմանը դեմ են հանդես գալիս նույն զանգվածի Դավիթ -Բեկի փողոցի բնակիչները:

Այսօր կիսակառույց քարի մշակման գործարանի մոտ տեղի ունեցավ բնակիչների բողոք-ակցիան, որին մասնակցում էին գործարանին կից

ապրող բնակիչները:

Բնակիչների խոսքով` իրենք 88-ի երկրաշարժից հետո եկել, տներ են կառուցել այդ տարածքում ու քաղաքապետարանից խնդրել են, որ իրենց սեփականաշնորհման իրավունք տրվի:

«Մենք 2002 թվականից առ այսօր դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի մեր կողմից մշակվող հողատարածքները սեփականաշնորհենք, բայց քաղաքապետարանը մեզ մերժել է` ասելով, որ իբրեւ այդ տարածքը պատկանում է գյուղնախարարությանը, իսկ հետո` անտառտնտեսությանը: Դրանից հետո 2011 թվականի օգոստոսի 20-ին այստեղ եկավ «Ագրոհոլդինգի» տնօրենը իր մի քանի աշխատակիցների հետ ու զարմացավ, որ մենք այստեղ տներ ենք կառուցել, այգիներ ենք մշակում: Տնօրենն ասաց, որ սա իրենց ընկերության տարածքն է»,- ասաց բնակիչ Նառա Քյոսայանը ու ավելացրեց, որ հետագայում պարզ է դարձել, որ «Ագրոհոլդինգ» ընկերությունը 2003 թվականից վարձակալության հիմունքներով տիրացել է տվյալ տարածքին:

Բնակչի հավաստմամբ` ընկերության ներկայացուցիչները 5-6 հաստաբուն ծառ են կտրել ու հողաթմբեր են լցրել տարածք` բնակիչներին ահաբեկելու նպատակով:

Aravot.am-ի հետ զրույցում բնակիչ Սամվել Չոբանյանն ասաց.

«Մենք, որ եկել ենք ստեղ, մենակ քարից ուրիշ ոչ մի բան չի եղել, մենք մշակել ենք էս հողը, ծառեր ենք տնկել, տուն ենք սարքել, ճանապարհն էլ ենք մենք սարքել»:

Բնակիչ Նառա Քյոսայանի խոսքով` կառուցվելիք քարի մշակման գործարանը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին ու կոչնչացնի իրենց տներն ու այգիները:

Բողոք-ակցիայի ընթացքում բնակիչներին միացած ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ ինքը լիովին ծանոթ չէ խնդրին, բայց բնակիչներին խոստացավ պայքարել իրենց շահերի համար եւ հարցը բարձրացնել ԱԺ-ում:

Հիշեցնենք, որ «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի կողմից վարձակալած տարածքում 12 ընտանիք տուն է կառուցել, որոնցից 7 ընտանիք ներկայում ապրում է տվյալ տարածքում: Բնակիչների  ընդդեմ հայցով «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ն դիմել է Ավան եւ  Նոր Նորք վարչական շրջանների  ընդհանուր իրավասությունների դատարան:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031