Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն օրերս անդրադարձել էր փետրվարի 18-ի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին ու ընտրական գործընթացին: Անդրադառնալով նախագահական ընտրություններում հայաստանյան խորհրդարանական ընդդիմության՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-որդեգրած քաղաքականության պատճառներին, դեսպանը հարցադրում է հնչեցրել. «ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե այն, որ նրանք իրականում ընդդիմադիր կուսակցություններ չեն»:
Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով դեսպանի հնչեցրած հարցերին, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն ասաց, որ տիկին դեսպանը օրինաչափ հարցադրումներ է արել. «Այնուհանդերձ, ինչո՞ւ ընդդիմությունը քայլ առ քայլ զիջեց իր դիրքերը: Ամենահեշտ բանաձեւը՝ իշխանությունն ամեն ինչ արեց… Բայց, կներեք, իշխանությունը ՀԱԿ-ի մեջ հակասություններ հո չսերմանե՞ց»:
ՀՀԿ խմբակցության պատգամավորի համոզմամբ, իշխանությունը շատ անկեղծ էր, երբ առաջարկում էր ՀԱԿ-ին երկխոսության նստել. «Իշխանությունը գտնում էր, որ այդ կերպ ինքը նույնիսկ շանս է տալիս արտախորհրդանական քաղաքական ուժին բարձրանալ ընդհուպ մինչեւ խորհրդարանական քաղաքական ուժերի մակարդակի եւ ունենալ սեփական շատ պատասխանատու դերակատարումը՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ո՞վ հրաժարվեց այդ հնարավորությունից: Ինքը՝ ընդդիմությունը»:
Այն, որ ընդդիմության 85 էջանոց հարցադրումններին իշխանությունը 135 էջանոց պատասխաններ էր նախապատրաստել, Խոսրով Հարությունյանի կարծիքով, դա խոսում է ընդդիմության հանդեպ ունեցած իշխանության վերաբերմունքի մասին. «Դա խորը վերլուծություն էր՝ բոլոր բարձրացված հարցերին: Միթե՞ դրանց շուրջ չէր կարող լինել կառուցողական քննարկում: Անկասկած՝ կարող էր: Բայց մեզանում ընդդիմության դեֆորմացած ընկալումը՝ ընդդիմությունը նա է, ով ամեն ինչին հայհոյում է, խանգարեց ամեն ինչին: Ես կարծում եմ, որ մեր քաղաքական ուժերի ընդդիմադիր հատվածը հայնվեց իր իսկ լարած որոգայթում եւ չկարողացավ հաղթահարել այդ դժվարությունները»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով դեսպանի հարցադրումներին, նա հավելեց. «Ինքներս մեզ ենք խանգարում: 1995 թվականից ես կրկնում եմ, որ ժամանակն է հասկանանք՝ քաղաքական ուժերի գործունեության միակ ստիմուլը պետք է լինի հանրային կյանքի կազմակերպման միահամուռ գիծը: Ես շատ կուզենայի, որ բոլոր քաղաքական ուժերը, առաջինն ընդդիմությունը, այս ամենից դասեր քաղեր՝ վերաձեւավորվեր գաղափարական հենքով, ինչն, անկասկած, ազատ ընտրական իրավունք ձեւավորելու լավագույն ձեւն է»:
Այս ամենին հավելելով, վերջին շրջանում քաղաքացիական հասարակության դերակատարումը հանրային կյանքում եւ դրա մեծացման նախադրյալները, Խոսրով Հարությունյանը գտնում է, որ զարգացման այլ հեռանկար չպիտի ենթադրենք: Համենայնդեպս, նա շատ է ցանկանում, որ այդպես լինի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայ ազգի մեծագույն խաշ ուտողներից և բաժակաճառ ասողներից մեկը: